Աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանի մասնակցությամբ խորհրդակցության առանցքում էին Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկկողմ համագործակցության ծրագրերը: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման, ժամանակակից բժշկական կենտրոնների արդիականացմանն ուղղված երկարատև և արդյունավետ ծրագրերին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով համատեղ երկարամյա գործունեությանն ընդգծեց, որ աշխատանքի արդյունավետությունն է լավագույն արդյունքը: Ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, աշխատանքները` նա կարևորեց հանրային առողջապահական ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Դրանց թվում է նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի հետ երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերը:

Հետագա աշխատաները կյանքի կոչելու հարցում նախարարը մեծապես կարևորեց և գերակա խնդիր որակեց կարիքների գնահատումը: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշն էլ համեմատականներ տանելով նշեց, որ առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները ժամանակի ընթացքում փոփոխվում են և կարևոր է դրանց համատեղ ուղիների մշակումը:

Նշեք, որ Առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն պարոն Նելսոն Զուլոյանի ուղեկցությամբ՝ հայաստանյան առաքելության շրջանակներում հյուրերն այցելել են «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված և վերազինված Ալավերդու բժշկական կենտրոնը, ինչպես նաև Լեռնապատի նորակառույց բժշկական ամբուլատորիան: Շրջայցի ընթացքում Անիս Բարիշը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցեց հիվանդների և բժշկական անձնակազմի հետ: Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել կատարված ներդրումների արդյունավետությունը, ինչի արդյունքում էապես աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը:

Անիս Բարիշն այսօր այցելել է նաև ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ծրագրերի իրականացման որակից և ընդգծեծ նման մասնագիտացված կենտրոնների ստեղծման կարևորությունը Հայաստանում: Հանդիպման ավարտին նա հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ընթացքում կենտրոնն արդեն հանձնված կլինի շահագործման, իր դռները բացելով հիվանդների առջև, որոնք այսուհետ ստիպված չեն լինի մեկնել արտերկիր որակյալ և ժամանակակից աշխտորոշում և բուժում ստանալու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս