Հայկական զինագործության հեռանկարը

Զենք-զինամթերքի արտադրության թեման ամենաքննարկվողն է վերջին մեկ ամսում: Բոլորն իրենց կարծիքը հայտնել են՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից մինչև ԱԺ պատգամավորներ: Նույնիսկ այն պատգամավորները, ովքեր երբևէ առնչություն չեն ունեցել ռազմական գործի հետ: Թեմայի քննարկման պսակ կարելի է համարել ատոմային զենք ունենալու մասին կիսատ-պռատ հայտարարությունները, որ կրկին ԱԺ պատգամավորների հնչեցմամբ է շրջանառություն մտել: Զենքի արտադրության թեմայով խոսում են բոլորը: Բացառությամբ զինագործների և երբեմնի ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար-ինժեներների: Եվ դա հասկանալի է: Զենքի ու սպառազինության մասնագետները երբեք հրապարակային ելույթներ չեն ունեցել, իսկ այդ թեման միշտ էլ փակ է եղել մամուլի համար: Միակ հրապարակումը տարիներ առաջ եղել է «Չորրորդ իշխանություն» թերթում:

Հրապարակվել էր փաստ, որ ՀՀ ՊՆ-ն Ռուսաստանից չափազանց բարձր գնով բեռնատար մեքենաներ էր գնել: Պաշտոնական որևէ պատասխան չհրապարակվեց: Բարձրաստիճան զինվորականները պարզապես անհատական զրույցներում լրագրողներին «բացատրում» էին, որ ռազմական գնումները երբեք բաց կամ ամբողջական տեսքով չեն հրապարակվում: Իսկ սեփական արտադրության զենքերի մասին հասարակությունը համարյա ոչինչ պաշտոնապես չի իմացել: 90-ականների կեսերին ՀՀ կառավարության որոշմամբ ռազմաարդյունաբերական արտադրական համալիր էր ձևավորվել, բայց որ արտադրական ձեռնարկություններն էին մտել այդ համալիրի մեջ և ինչ արտադրությամբ էին զբաղվում, բնականաբար, հայտնի չէր:

Պարզապես մի պահ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանն իր հրազենային մի արտադրանքով մտել է, այսպես կոչված, «Ջեյմսի կատալոգ»: Եթե չեմ սխալվում՝ նույնիսկ հրազենի լուսանկարը հրապարակվեց: Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 1994թ. զինադադարից հետո սպառազինության արտադրությունը հրատապ թեմա էր համարում: Հրապարակումներ եղան, որ Հայաստանում արտադրվել էր գրոհային հրացան և 5,45 մմ-անոց նշանառուի հրացան: (Ավելին` նշվում էր, որ այդ երկու հրազենն էլ պոտենցիալ գնորդներ ունեին):

Հրազենից բացի, արտադրվում էին նաև հակահետևակային պարզագույն ականներ և այլ զինատեսակներ: Բայց հետո ամեն ինչ ավելի գաղտնի ու անհասկանալի դարձավ: Զինադադարից չորս-հինգ տարի հետո երկրի ռազմական բյուջեում մի տարի նույնիսկ գումար չնախատեսվեց ո՛չ սպառազինության արտադրանքի, ո՛չ էլ վերանորոգման համար:

Մինչդեռ ռազմական գործի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած մարդ գիտի, որ սպառազինության մեջ գտնվող ցանկացած զինատեսակ պլանային նորոգման նորմատիվներ ունի, որից հետո այդ զինատեսակը կրկին կարելի է օգտագործել: Ապրիլյան պատերազմի օրերին հրապարակվեց, որ հակառակորդի ուղղաթիռը խոցվել է ՌՊԳ7-ով: Համալսարանի սպայական դասընթացներից հիշում եմ, որ ձեռքի այդ նռնականետը հաշվարկված է 50 կրակոցի համար:

Այնուհետև այն ենթակա է նորոգման, որից հետո պիտանի է ևս 30-50 կրակոց կատարելու համար: Խորհրդային Հայաստանի շատ ձեռնարկություններ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համակարգի մաս էին կազմում: Հենց այս ձեռնարկություններում էլ 90-ականներին արտադրվում էր որոշակի զենք-զինամթերք և կատարվում էին դրանց պլանային հնարավոր նորոգման աշխատանքները: Հայտնի էր նաև, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի ձեռնարկություններից էր նաև Երևանի հղկող հաստոցների գործարանը, որ 2000-ականների սկզբին սեփականաշնորհվեց:

Իսկ հիմա այդ ձեռնարկության տարածքում մայրաքաղաքի խոշորագույն սուպերմարկետներից մեկն է գործում: Կամ՝ բարգավաճում, եթե կուզեք: Ու հիմա քաղաքական դաշտում ու սոցիալական ցանցերում խոսք ու զրույցի թեման դարձել է զենք արտադրելու մեր ունեցած կամ չունեցած հնարավորության հարցը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հարկավ, այս ոլորտի ամենատեղյակ մասնագետներից է: Ուստի նրա տված դաժան գնահատականը, թե՝ «Ամեն մի քոսոտ երկիր չի կարող մուտք գործել զենքի շուկա», չափազանց կոպիտ հնչեց:

Դժվար էր հասկանալ՝ ակադեմիկոսը զենք արտադրել ու վաճառելու հնարավորությո՞ւնն էր բացառում, թե՞ ընդհանրապես արտադրությունը: Քաղաքական գործիչները շատ տարօրինակ ու անսպասելի պատասխանեցին` խոսելով ատոմային զենքի մասին: Արևմուտքում որոշ գործիչներ դա լուրջ ընդունեցին, կամ ձևացրեցին, թե լուրջ են ընդունում: Բայց մի բան ակնհայտ է, որ այս քննարկումներին չեն մասնակցում զինագործ ինժեներները: Եվ այդպես էլ պարզ չէ` մենք ի վիճակի՞ ենք զենք արտադրել, թե՞ ոչ:

Չգիտենք նաև՝ ի վիճակի՞ ենք նորոգել սպառազինության մեջ գտնվող զինատեսակներ, թե՞ ոչ: Գայթակղությունը շատ մեծ է ոլորտը կրկին գաղտնիության շղարշով ծածկելու և անգամ մասնագիտական քննարկումներ չանցկացնելու համար: Չաշխատելու համար հիմնավորումներ հորինելուց հեշտ գործ պատկերացնել իսկ դժվար է: Բայց հենց գործող իշխանություններն էին, որ մի քանի տարի առաջ հպարտությամբ մեզ ներկայացրեցին տեղական արտադրության անօդաչու թռչող սարքը: Հետևաբար՝ նրանց մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հայկական զինագործությունն ապագա ունի:

Տեսանյութեր

Լրահոս