Ռուսաստանը մեծացնում է լարվածությունը

Ռուսական քաղաքական ու լրատվական շրջանակները ցնցումների մեջ են ընկել ՀՀ ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման օրինագծի ընդունման հեռանկարից։ Անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին, ու, թեև դեռ հայտնի չէ, թե երբ օրինագիծը կքննարկվի ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում, ներառվելով ԱԺ նիստի օրակարգ, ռուսաստանցի պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չտալով՝ շտապեցին անդրադառնալ օրինագծի հետևանքներին՝ սպառնալով հայկական կողմին նոր պատերազմով։

Առաջինն օրինագծին անդրադարձել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, թե հայ պատգամավորների ներկայացրած նախագծի շուրջ աղմուկ ստեղծելու պատճառ չկա, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ ՀՀ կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում՝ կրքերը հանդարտեցնելով, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով՝ աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»,- ասել էր Լավրովը։

Իր հերթին՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է ՀՀ կառավարության կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ այդ օրինագիծը Մոսկվայի հետ չի քննարկվել։

«Ոչ, դա Մոսկվայի հետ չի քննարկվել։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այս համատեքստում։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը և հանգեցնել Ղարաբաղում լարվածության ավելացմանը»,- նկատել էր Պեսկովը։

Ավելի համարձակ էր գտնվել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ նշելով, որ Երևանի կողմից ԼՂ-ի ճանաչումը կարող է սահմանին նոր բռնությունների էսկալացիայի հանգեցնել։ Նրա խոսքով՝ Երևանի դիրքորոշումը միշտ էլ ուղղված է եղել դեպի Լեռնային Ղարաբաղի ճանաչում, ինչը հակասում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը և չի մոտեցնում հակամարտող կողմերին դեպի կարգավորում։ Սլուցկին նշել էր, որ հակառակը՝ օրինագիծը կարող է ամրագրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Երևանի պատկերացմամբ, և դրանով հանգեցնել պաշտոնական Բաքվի կտրուկ հակազդմանը։ «Մոսկվայից և Բաքվից բացասական արձագանքներից հետո ՀՀ կառավարությունը «հետ քաշվեց» ԼՂՀ ճանաչման օրենքի սկանդալային նախագծից»,- թեմային անդրադառնալով և իր աղբյուրներին հղում կատարելով՝ այս մասին էր գրել ռուսական Gazeta.ru առցանց պարբերականը։

Ըստ կայքի, սակայն, նմանատիպ որոշումը տարածաշրջանին սպառնում է նոր պատերազմով, որն ապրիլի սկզբին ականատես էր եղել մասշտաբային բախումների։ «Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի աղբյուրներն ասում են, որ երկու կողմերն էլ ազդանշանի են սպասել Մոսկվայից, որը համարվում է ԼՂ հակամարտության գլխավոր արբիտրը։ Դատելով ռուսական կողմի հայտարարությունից, Ռուսաստանը դեմ է ռազմական իրավիճակի էսկալացիային ու բացասաբար է վերաբերվում ԼՂՀ-ի ճանաչման օրինագծին։ Դա, երևի թե, ստիպեց Երևանին շտապ հետ քաշվել նախաձեռնությունից»,- գրել է հոդվածագիրը։

AxasՎերջինիս հետ համաձայն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ռուսական մամուլի ու պաշտոնյաների արձագանքը պարզապես ցույց է տալիս, որ Հայաստանը հրաժարվեց այս օրինագծից Ռուսաստանի ճնշմամբ։ «Սա խոսում է այն մասին, որ երևի թե Պեսկովը ճիշտ էր, երբ ասում էր, թե Հայաստանը չէր համաձայնեցրել այս խնդիրը ՌԴ-ի հետ։ Սա վտանգավոր է, քանի որ Հայաստանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է ՌԴ-ի հետ, և ներկայումս տեսնելով, որ Մոսկվան իր խոստումները չի կատարում, որոշեց մեկ քայլ չհամաձայնեցնել Մոսկվայի հետ, ինչը չհաջողվեց։

Բոլոր վերջին քայլերը, հարցազրույցներն ու դիտարկումները մեծամասամբ համաձայնեցված են եղել Մոսկվայի հետ»,- ասաց Ա. Ենոքյանը։

Նրա համոզմամբ՝ ՌԴ-ն ցանկանում է ճոճանակի օրենքով մեծացնել երկու երկրների միջև հակամարտության թափը։ «Ստացվում է, որ առաջին ադրբեջանական հարձակմամբ նա չկարողացավ իր խնդիրը լուծել և ներկայումս փորձում է մեծացնել երկու երկրների միջև հակասությունների թափը մինչև այնպիսի լարվածության, որի դեպքում առանց ՌԴ-ի այլևս անհնար կլինի խաղաղություն հաստատել»,- ասաց Ենոքյանը։

Նրա համոզմամբ՝ հայկական կողմի ներկայացրած երեք պայմանները ևս նշանակում են՝ ծառայել ռուսական շահերին, որովհետև ՌԴ-ն առաջին պատերազմով տեսավ, որ կողմերը կարողացան իրենք իրենց սեփական միջոցներով ընտրել՝ պատերազմը չշարունակել, ուստի անհրաժեշտ է հակամարտության խորացում, անհրաժեշտ է պատերազմի ալիքի մեծացում, երբ այլևս հնարավոր չի լինի սեփական միջոցներով խաղաղության հասնել։

«Բանակցային գործընթացի հնարավոր չի լինի վերադառնալ կողմերի դիրքորոշումների պատճառով, հիմա անհրաժեշտ է ակտիվացնել այլ միջնորդներին, թեկուզ՝ ՄԽ-ից դուրս, քանի որ տեսնում ենք, որ ՌԴ-ն խաղաղ լուծում չի ցանկանում, և լինելու են նոր հարձակումներ, քանի որ կողմերը չեն լուծել քաղաքական խնդիրը, պատերազմն ավելի սրեց խնդրի լուծված չլինելու զգացումը։ Ավելին՝ այս հարձակմամբ Ադրբեջանը չհասավ շռնդալից հաղթանակի, Հայաստանն էլ չկարողացավ ապացուցել, որ վստահորեն տիրապետում է իրավիճակին։ Կարծում եմ, որ նոր հարձակումն անխուսափելի է լինելու»,- ասաց Ենոքյանը։

Մեզ հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանը նշեց, որ դժվար է կանխատեսումներ անել։ Ըստ նրա՝ հայկական կողմը մի շարք քայլեր պետք է իրականացնի, որոնցից մեկը հետևյալն է՝ Հայաստանն առաջին պլան պետք է բերի Լեռնային Ղարաբաղը։

«Հայաստանը կարծեք իր վրա վերցնում է մեծ պատասխանատվություն, բայց մյուս կողմից՝ ԼՂ-ն կարող է մտնել խաղի մեջ, ու հայկական կողմի դիրքորոշումը կարող էր ավելի հիմնավոր լինել, ավելի բարձր կշիռ կարող էր ունենալ, երբ այն ժողովուրդը, որի իրավունքի համար պայքարում ենք, խոսեր և արտահայտեր իր տեսակետը, պատասխաններ, տար ադրբեջանական կողմին, ինքն իր խոսնակների միջոցով պատասխաներ, և Հայաստանն անընդհատ չխոսեր ԼՂ-ի կողմից»,- ասաց Մելիքյանը։

Gevorg MeliqyanՆրա գնահատմամբ, Ադրբեջանի համար բավականին կարևոր իրավիճակ է ստեղծվել՝ ի՞նչ պետք է անի, եթե Հայաստանը հասկացնում է, որ կճանաչի ԼՂ անկախությունը։ «Այստեղ շատ լուրջ վերադասավորումներ են լինելու բոլոր ասպեկտներում, ՀՀ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, պետք է որոշ առումով վերանայվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, այսինքն՝ լուրջ պարադիգմատիկ փոփոխություններ են լինելու, բայց չեմ կարծում, թե ԼՂ-ի անկախության ճանաչումը կարելի է վերածել միջոցի, այն նպատակ է, ոչ թե միջոց։

Վտանգ եմ տեսնում այստեղ, քանի որ հայկական կողմն այս հարցը միջոց է դարձնում՝ հակազդելու Ադրբեջանին, իրականում, եթե ես չեմ սխալվում, հայկական կողմի համար կամ միավորումը, կամ ճանաչումը նպատակ է եղել։ Այսինքն՝ ամբողջ կռիվը եղել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման համար, իսկ այսօր ինքնորոշումը կարծես դարձել է միջոց, բայց ի՞նչ նպատակի հասնելու համար, սա ինձ համար հարցական է դարձել։

Եթե սա եղել է նպատակ, բայց մենք անընդհատ փորձում ենք դա դարձնել բանակցությունների առարկա, ապա ի՞նչ նպատակի հասնելու համար։ Ճանաչենք, որ ի՞նչ լինի։ Եթե սեղանին դնում ենք ԼՂ կարգավիճակի հարցը, ապա պահը եկել է, որ Հայաստանը կողմնորոշվի, թե ինչ է ուզում»,- ասաց Մելիքյանը։

Նրա գնահատմամբ՝ կա ներուժ հաշվարկային ու ճիշտ քայլերի դիմելու համար, այլապես Հայաստանի դիվանագիտությունը ծուղակում է հայտնվելու։

Տեսանյութեր

Լրահոս