Հայ ժողովուրդն առաջին իսկ օրվանից պայքարել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում. Իվան Վոլինկին

Հայ ժողովուրդն առաջին իսկ օրվանից պայքարել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում և հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտքը կատարել է ըստ արժանվույն: Այս մասին ՀՀ-­ում Ռուսաստանի դեսպանատանն անցկացված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71-­ամյակին նվիրված ընդունելությանը նշել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Ուրախալի է տեսնել, որ չնայած պատմությունը` այդ թվում Հայրենական մեծ պատերազմի արդյունքները և սովետական ժողովրդի ընդհանուր հաղթանակը գերմանա­ֆաշիստական զավթիչների դեմ կեղծելու մի քանի տարի շարունակվող տեղեկատվական արշավին, մենք տարեցտարի հավաքվում ենք, անցկացնում տասնյակ կարևոր միջոցառումներ, ծաղկեպսակներ դնում հավերժական կրակի մոտ, այցելում նախնիների գերեզմաններին, որպեսզի հարգենք հայրենիքի համար զոհված մեր միլիոնավոր հայրենակիցների հիշատակը»,- ­«Արմենպրես» ­ի փոխանցմամբ` նշել է Իվան Վոլինկինը:

Դեսպանի խոսքով` մեր սրբազան պարտականությունն է, որ արվի հնարավորը, որպեսզի մեր հայրերի և պապերի մեծ սխրանքների մասին հիշողությունը հավերժ ապրի, որպեսզի անցյալ տարիների ողբերգական դեպքերը չկրկնվեն: Նրա տեղեկացմամբ` միայն անցյալ տարի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը` գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և այլ կազմակերպությունների հետ տասնյակ միջոցառումներ է կազմակերպել` նվիրված հաղթանակի 70-­ամյակին: «Դրանք անցել են Հայաստանի գրեթե ամեն քաղաքում և գյուղում: Եվ այդ ակցիաները շարունակական բնույթ կկրեն: Իհարկե, մենք յուրահատուկ հույս ենք դնում մեր երիտասարդների վրա, որոնցից է կախված, թե ապագայում ինչպիսին կլինի մեր տունը և աշխարհը: Մեր հերոսական էջերի մասին պայծառ հիշատակը պետք է փոխանցվի սերնդեսերունդ»,­- շեշտել է Իվան Վոլինկինը:

Նա հավելել է, որ հայ ժողովուրդը ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, թուրքմենների, ղազախների, ուզբեկների, թաթարների և այլ ազգերի հետ մեծ ներդրում է ունեցել ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում:

«Հայերն առաջին իսկ օրվանից պայքարել են պատերազմի ճակատներում և հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտքը կատարել ըստ արժանվույն: Դրա համար այստեղ` Երևանում, և ամբողջ Հայաստանում, մեծ թվով հուշարձաններ կան, որոնք նվիրված են մեծ հաղթանակին»,­- իր ելույթում ընդգծել է ՀՀ­-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը` շնորհավորելով ընդունելության մասնակիցներին` հաղթանակի 71-­ամյակի կապակցությամբ:

Ընդունելությունն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին պատգամավորներ, նախարարներ, պաշտոնատար անձինք, դեսպաններ և օրվա հերոսները` վետերանները: Ներկայացվեցին նաև գեղարվեստական համարներ:

Տեսանյութեր

Լրահոս