«Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է այսօր»

Կառավարությունը ոչ թե քննարկել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը, այլ Կառավարությունը «ստիպված», օրենքով սահմանված կարգով անդրադարձել է պատգամավորների նախաձեռնությանը և դրսևորել է իր վերաբերմունքը. ԼՂՀ ճանաչմանը հարցն օրակարգում չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ում խոսքով՝ Կառավարությունը որոշել է համաձայնել ԱԳՆ-ի եզրակացության հետ:

Նրա բնորոշմամբ՝ Կառավարությունը հայտարարում է այն միտքը, որ Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցության արդյունքը կարող է լինել՝ հաշվի առնելով և՛ իրադարձությունների զարգացումը, և՛ արտաքին գործոնների դերակատարումը:

«Այսինքն՝ կառավարությունն ասում է՝ սա գործընթաց է, որը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ՝ կախված իրադարձությունների ընթացքից, Հայաստան-Արցախ հարաբերություններից: Կառավարության այս դիրքորոշումը համահունչ է ՀՀ նախագահի մի քանի անգամ արտահայտած այն մտքին, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Մենք ընդհանրապես չենք մերժում Արցախի ճանաչման գաղափարը, մենք ընդունում ենք, որ Արցախի կարգավիճակի խնդիրը բանակցային գործընթացի առանցքային խնդիրն է: Այդուհանդերձ, հաշվի առնելով հնարավոր զարգացումները, այդ թվում՝ նաև ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հավանականությունը, ՀՀ նախագահն արտահայտել է այն միտքը, որ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն ճանաչի Արցախը»,- նշեց Խ. Հարությունյանը:

Ըստ նրա՝ հիմա իրավիճակը որակապես տարբերվում է նրանով, որ ռազմական գործողությունները ոչ թե միջադեպերի մակարդակով կամ ծավալով են, այլ պլանավորված, պատերազմական գործողություններ են՝ տևական ժամանակ: Ըստ նրա՝ դա սահմանի վրա միջադեպ այլևս չես համարի. «Սա կարծես թե տրամաբանական հանգրվանն էր Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից որդեգրած քաղաքականության, այսինքն՝ սպառազինության մրցավազք և ուժով խնդիրը լուծելու, կոնֆլիկտը կարգավորելու քաղաքականություն: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է այսօր՝ հաշվի առնելով այն իրողությունները, որ տեղի են ունենում սահմանի վրա, ես նկատի ունեմ զինուժի, զինատեսակների կուտակումները, և, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կարծես թե Ալիևն իր քաղաքական դեմքը փրկելու անհրաժեշտություն ունի»:

Կարդացեք նաև

Խ. Հարությունյանը չի կարծում, որ ԼՂՀ ճանաչումը կարող էր կանխել Ադրբեջանի՝ նման քայլերի դիմելու գայթակղությունը: Նրա տեսակետից՝ եթե այս օրենսդրական նախաձեռնությունը չլիներ, Կառավարությունը չէր անդրադառնա այս հարցին:

«Ըստ էության, ԼՂՀ ճանաչումով ենթադրել, որ Ադրբեջանին զերծ կպահենք լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, քիչ հավանական է, բայց դա ուրիշ հնարավորություն է բացում: Ըստ էության, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ, եթե նա սկսում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, և մենք ճանաչում ենք Ղարաբաղը, ռազմական գործողությունների վերջում բանակցային գործընթացը բոլորովին այլ ելակետերից է սկսվելու»,- կարծում է Խ. Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս