Բաժիններ՝

Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գ.Մովսիսյանը և Գ.Կարապետյանը, 2016 թվականի փետրվարի 20-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, Բաշինջաղյան փողոցում նկատել են, որ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում՝ պահանջելով կանգնեցնել այն։

«Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը անհամաձայնություն են հայտնել՝ իրավախախտման համար ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրության կապակցությամբ, վիճաբանել, քաշքշել և մարմնական վնասվածքներ հասցրել վերջիններիս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս