Բաժիններ՝

«Հայ իշխանավոր կանայք պճնամոլությամբ են զբաղված, մինչդեռ պետք է բանակի կողքին կանգնած լինեին»

Պատերազմի դաշտում կնոջ ներկայությամբ ամենավախկոտ տղամարդն էլ առյուծ է կտրում, երբ իր կողքին կռվող կին է տեսնում. Asparez.am-ի փոխանցմամբ՝ ասում է ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը:

– Կինը ոգեւորում է տղամարդուն, ես դա իմ սեփական փորձից եմ ասում: Չորս տարի արցախյան ազատամարտի ընթացքում  ես Ղարաբաղում եմ եղել, եւ շատ դեպքերում տղամարդիկ ավելի էին ոգեշնչվում, երբ մեզ տեսնում էին իրենց կողքին»,- ասում է Աիդա Սերոբյանը:

Նրա խոսքով, այսօր, երբ պատերազմական իրավիճակում ենք գտնվում, կինը պետք է ոչ միայն սահմանին կանգնած լինի, այլեւ ներգրավվի բոլոր զինվորական հաստատություններում:

– Կնոջ ներկայությամբ տղամարրդիկ դառնում են ավելի քաղաքակիրթ, կազմակերպված: Հիմա կին-տղամարդ չկա, եթե պահը օրհասական եղավ, կանայք պետք է առանց մտածելու կանգնեն մեր տղաների կողքին,- ասում է  նա:

Մանկավարժ, «Արշակ Դաբաղյանի անվան մայր Մանե» սոցիալական ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը հաճախ է այցելում սահամանամերձ դիրքեր, անհրաժեշտ օգնություն հասցնում մեր զինվորներին: Ասում է` ճիշտ է, հայ զինվորի մարտական ոգին բարձր է, սակայն անհրաժեշտ է, որ ազգովին կանգնենք նրանց կողքին:

– Հոսպիտալում պառկածների միակ նպատակն է արագ ոտքի կանգնել եւ նորից գնալ սահման, բայց նրանց կողքին կան տղաներ, որոնք խուսափում են ծառայոթյունից, չպետք է նման բան լինի: Պետք է ազգովին, բոլորով կանգնած լինենք մեր բանակի կողքին,- նշում է նա:

Մանուշակ Ստեփանյանի խոսքով` չնայած ապրիլի սկզին կատարվածը որակվեց քառօրյա պատերազմ, սակայն այն իրականում ահաբեկչություն էր, որը պետք է դատապարտվի միջազգային մակարդակով:

– Մորթելը պատերազմ չէ, դա ահաբեկչություն է, եւ պետք է անհրաժեշտ բոլոր քայլերն արվեն, որպեսզի միջազգային կառույցները ճանաչեն ու դատապարտեն դա:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող, հոգեբան Սոֆյա Հովսեփյանի խոսքով` պատերազմական իրավիճակն ավելի ընդգծեց հայ կնոջ նվիրվածությունը հայրենիքին, ինչը չես կարող ասել  իշխանավոր կանանց մասին:

– Դեպքերի ժամանակ ոչ մի կին չփորձեց իր տղային հետ կանչել բանակից, ոչ մի կին չուզեց ընտանիքի հետ գնալ երկրից: Մենք Սաթենիկներ, Այծեմնիկներ ունեցող ազգ ենք, բայց, ցավոք, իշխանության մակարդակում չունենք կին գործիչներ, որոնք կանգնած են հայ զինվորի կողքին,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով` լուրջ անելիքներ ունեն իշխանավոր կանայք, որոնք փոխանակ բանակի կողքին կանգնեն եւ աջակցեն, պճնամոլությամբ են զբաղված:

– Կուզենամ, որ կին իշխանավորներն օրինակ ծառայեն մեր անբան իշխանությանը, որովհետեւ երբ տղամարդու կողքին կինն ինչ-որ քայլ է անում, տղամարդը ձգտում է շատ ավելին անել: Թե չէ ստացվում է, որ 17-րդ դարում մենք ունեինք առաջնորդ կանայք, իսկ այսօր` 21-րդ դարում, երբ հնարավորություններն ավելի շատ են, հայ իշխանավոր կինը պճնամոլությամբ է զբաղվում,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:

Տաթևիկ Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս