Խոշորներն ավելացրել են հարկերը

ՀՀ ՊԵԿ հարկային ծառայությունն օրերս հրապարակեց ՀՀ 1000 խոշորագույն հարկ վճարողների ցանկը՝ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։ Տնտեսությամբ հետաքրքրվող ընթերցողները, թերևս, արդեն հասցրել են ծանոթանալ այդ ցանկին։ Այդուհանդերձ, մենք դրան կանդրադառնանք՝ ինչպես՝ խոշորագույն առանձին ընկերությունների տեսանկյունից, այնպես էլ՝ ընդհանուր օրինաչափությունների։

Բերված աղյուսակում դիտարկել ենք Հայաստանի 20 խոշորագույն ընկերությունների հարկային ցուցանիշները և դրանց համեմատությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ։ Այս քսանն այն ընկերություններն են, որոնց վճարած հարկերի մեծությունը գերազանցել է 1 մլրդ դրամը (նախորդ տարվա առաջին եռամսյակում 1 մլրդ դրամ և ավելի վճարած ընկերությունների թիվը 23 էր)։
Խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ-Արմենան»՝ 15,6 մլրդ դրամի հարկերով։ Հարկերի տարբերությունը՝ գազային մոնոպոլիստի և երկրորդ տեղը զբաղեցնող ընկերության միջև, ահռելի է՝ շուրջ 10.7 մլրդ դրամ։

Ուշագրավ է նաև երկրորդ տեղը զբաղեցնող ընկերությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանները», այն առումով, որ 2015 թվականի առաջին եռամսյակում այս ընկերությունը 22-րդն էր։ «Արմենիա միջազգային օդանավակայանները» հնգապատկել է բյուջե վճարած հարկերը՝ հասցնելով 4 մլրդ 920 մլն դրամի։

Երբեմնի՝ խոշորագույն, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ երկրորդ խոշոր հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», նահանջել է 11-րդ հորիզոնականը։ Ընկերությունը հարկերը կիսով չափ կրճատել է՝ 4 մլրդ դրամից հասցնելով 2 մլրդ-ի։

Չնայած հարկերի 10.9% (500 մլն դրամ) կրճատմանը՝ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 4 մլրդ 96.8 մլն դրամի հարկերով։

Դիտարկված 20 ընկերությունների շարքում հարկերը բացարձակ թվով ամենից շատ ավելացրել է «Արմենիա միջազգային օդանավակայանները»՝ 3.8 մլրդ դրամով։ Իսկ տոկոսային առումով՝ աճի առաջատարը «Ռոսնեֆտ Արմենիան» է: Ընկերությունը նախորդ տարվա սկզբից է սկսել բենզինի և դիզվառելիքի մատակարարումը Հայաստան, և հարկերի չափը 21.9 մլն դրամից հասցրել է 1 մլրդ 23.9 մլրդ դրամի։

Իսկ նվազման առումով առաջատարը, ինչպես նշեցինք, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է։ Բացի Զանգեզուրից՝ այս 20 ընկերությունների շարքում հարկերը նվազեցրել են ևս չորսը։ Կապի օպերատոր «ԱրմենՏելի» վճարած հարկերը նվազել են 753.2 մլն դրամով կամ 18%-ով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգը» («Երևան Սիթի» սուպարմարկետներ)՝ 626.5 մլն դրամով կամ 15.9%-ով, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը՝ 500 մլն դրամով կամ 10.9%-ով։

Bab-1 Bab-2

Ինչպես նկատում եք, 20 խոշորագույն հարկատուների ցանկում ներկայացված չեն ՀՀ առևտրային բանկերը։ Խոշորագույն հարկատու բանկը՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլը», վճարել է 998.2 մլն դրամի հարկեր և տուրքեր և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 21-րդ հորիզոնականը։ Հարկատուների ցանկում նրան հաջորդում են «Արդշինբանկը» (597.4 մլն դրամ, 22-րդ տեղ), «ՎՏԲ Հայաստան» բանկը (889.5 մլն դրամ, 26-րդ տեղ), «Ամերիաբանկը» (843.5 մլն դրամ, 27-րդ տեղ) և «HSBC Հայաստան» բանկը (782.5 մլն դրամ, 30-րդ տեղ)։

ՀՀ 21 առևտրային բանկերը միասին 2016 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 9 մլրդ 324.9 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Դա 416.8 մլն դրամով կամ 4.3%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այժմ մի քանի ընդհանուր եզրահանգումներ, որոնց կարելի է հանգել՝ ամփոփելով խոշորագույն հարկատուների ցանկը։ Այսպես, 1000 գերխոշոր ընկերությունները միասին 2016 թվականին պետբյուջե են վճարել 156.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այդ գումարի մեծ մասը՝ 116.9 մլրդ դրամը, հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային մարմինների կողմից։

Հանրապետության 1000 խոշոր հարկատուներն ապահովել են ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 67.7%-ը (2016թ. հունվար-մարտին պետբյուջեն ունեցել է 231 մլրդ դրամի հարկային եկամուտներ)։ Ընդ որում, եթե բյուջեի ընդհանուր եկամուտները 2015-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել են 0.6%-ով, հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը աճել են 2.8%-ով կամ 4.2 մլրդ դրամով։
Ուշագրավ է այն, որ խոշորների վճարած ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտային հարկ) երկնիշ՝ 14.3%-անոց աճ են ունեցել։ Դրանք ավելացել են 7.1 մլրդ դրամով և հասել 56.7 մլրդ-ի։ Անուղղակի հարկերը (ԱԱՀ, ակցիզային հարկ) հակառակը՝ նվազել են 0.8%-ով կամ 701 մլն դրամով։

Սրա արդյունքում 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի մեջ ուղղակի հարկերի տեսակարար կշիռն աճել է 3.7 տոկոսային կետով։ Սակայն, չնայած դրան, անուղղակի հարկերը գերակշռում են. դրանց տեսակարար կշիռը 53.8% է (84.2 մլրդ դրամ)։ Ուղղակի հարկերը 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 36.2%-ն են, այլ հարկերն ու տուրքերը՝ 9.8%-ը, հաստատագրված վճարները՝ 0.2%-ը։

Տեսանյութեր

Լրահոս