«Քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ հիմնականում անդրադարձ է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին:

Էդուարդ Շարմազանովն ասել է, որ երեկ Ազգային ժողովում հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով ամբողջական և պարզ տեղեկություն է տվել, թե ընդդիմադիր, թե իշխանամետ պատգամավորների հետ անկաշկանդ զրույց է եղել.

«Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ` ռազմական գործողություններ սպասվո՞ւմ են, թե չեն սպասվում: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ նա տապալվեց, ադրբեջանական ծրագիրը մեկ անգամ ձախողվեց: Այս պահին ես չեմ կարող խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին: Փաստն այն է, որ հայկական կողմերը` թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետությունը, խնդրի` բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

Ապրիլյան քառօրյա պատերազմն ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք էր, և նրանք ձախողվել են: Այս պահին մենք տեսանք, որ թե Միացյալ Նահանգների պետքարտուղարը, թե Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի ներկայացուցիչները, թե միջազգային հանրությունը մշտապես խոսել են զենքի ուժով խնդրի լուծման անթույլատրելիության մասին: Թե ինչպես կլինի, չեմ կարող ասել: Մենք պետք է մի բան հստակ իմանանք, որ և՛ ռազմաճակատում, և՛ դիվանագիտական ճակատում մենք պետք է միասնական լինենք, ուժեղ լինենք, մի բան արձանագրենք, որ Ադրբեջանը ձախողվել է: Ապրիլի սկզբին Ադրբեջանի ծրագիրը չիրականացավ: Թե հետագայում Ալիևն ինչ կնախաձեռնի կամ կնախաձեռնի, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց այն, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, իրականություն է»:

Տեսանյութեր

Լրահոս