Բաժիններ՝

Պայթյունից հետո հրեշտակ տեսա, ասաց` ոչ ոքի չհավատաս. ավտոբուսից տուժած տղաները` դեպքի մասին. news.am

Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու պայթյունի հետեւանքով վիրավորված 15-ամյա Ռոլանդ Խոջայանն ու 14-ամյա Էդգար Գասպարյանն արդեն ապաքինվում են: Նրանք Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից Մանկական վիրաբուժության բաժանմունք տեղափոխվելուց հետո, առաջին հարցազրույցն են տվել NEWS.am-ին:

Մեզ հետ զրույցում տղաները պատմեցին, որ ավտոբուս բարձրացել են «Թումոյից» դուրս գալուց հետո, երկուսով նստել են ավտոբուսի նախավերջին շարքի նստարանին, պայթյունի ժամանակ Էդգարը մոր հետ հեռախոսով զրուցելիս է եղել, իսկ Ռոլանդն ականջակալով երաժշտություն լսելիս: Պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսը նստելուց 30 վայրկյան անց. «Շատ բան չեմ հիշում դեպքից, հիշում եմ, որ բարձրացանք ավտոբուս, նստեցինք, ուզում էի ականջակալ դնեի, հանկարծ սեւացավ շուրջս, ականջներումս ձայներ լսեցի:

Հետո ինձ թվում էր` գոռում էի, որ գային օգնեին, չեմ հիշում նստած էի, թե կանգնած: Բայց քիչ հետո ինչ-որ մեկի ձայնը լսեցի, ասաց` ախպերս, չվախենաս, տուն ենք գնում, նոր հասկացա, որ ողջ եմ: Զգացի, որ մեքենա նստեցրին ու հիվանդանոց էին տանում: Որ նստեցրին տաքսու մեջ` հրեշտակ տեսա, ասաց, որ ոչ ոքի չհավատաս, քո սրտի ձայներին կլսես միայն ու երբ հիվանդանոց եկանք, չեմ հիշում` ուր էին տանում, սեւ շորերով մարդ տեսա, էդ մարդն ինձ ասում էր` չշնչեմ ու իրա հետ գնամ, էդ պահին հրեշտակի խոսքերը հիշեցի ու սկսեցի արագ-արագ շնչել»,-պատմեց Ռոլանդը:

Ավտոբուսի պայթյունից տուժած մյուս պատանին` Էդգարը, նույնպես շատ բան չի հիշում դեպքից, միայն հիշում է, որ պայթյունից հետո կոտրված պատուհանից իրեն քաղաքացիները հանել են եւ մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Նրա խոսքով, ինքն ու Ռոլանդը, հիմնականում այլ համարի երթուղային տաքսիներով են դասերից հետո տուն գնացել, սակայն, այդ օրը թիվ 63 համարի ավտոբուսը դատարկ է եղել եւ նրանք որոշել են դրանով գնալ տուն, որն էլ նրանաց համար ճակատագրական է եղել.«Երբ հեռախոսով խոսում էի, ականջներիս մեջ ձայն մտավ, կողքիս ապակին փշրվեց տենց դուրս կախվեցի, եկան օգնեցին: Ինձ Հարութ անունով տղա օգնեց,հետո քաղաքացիները մեքենա նստեցրին ու մոտակա հիվանդանոց տեղափոխեցին»:

Նշենք, որ 2002թ. ծնված Էդգար Գասպարյանը եւ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանը ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։ Նրանք պայթյունից անմիջապես հետո վիրահատության էին ենթարկվել: Այժմ գիտակցության են, սակայն քայլել չեն կարողանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս