Բաժիններ՝

Վեց տարի շարունակ ամուսնու կողմից ծեծված կնոջ հորդորը

«Ընտանեկան բռնություններում հիմնականում տուժում են կանայք, կամ երեխաները: Վերջին տարիներին բռնությունների ենթարկված անձանց թիվը, ըստ ոլորտի պատասխանատուների, ավելանում են: Ամուսնու կողմից, հիմնականում ֆիզիկակա եւ հոգեբանական, քիչ դեպքերում նաեւ սեռական բռնությունների ենթարկված կանայք լռում են՝ ամաչելով, թե ինչպե՞ս կմեկնաբանվի հասարակության կողմից, բայց լռության ուղին ընտրում են՝ վտանգելով իրենց սեփական կյանքը:

«Ասպարեզին» դիմել է տարիներ շարունակ հարբեցող ամուսնու կողմից բռնությունների ենթարկված գյումրեցի մի կին, որի անունը եւ լուսանկարը, իր իսկ ցանկությամբ, չենք հրապարակում, սակայն այս կնոջ օրինակով ցանկանում ենք եւս մեկ անգամ բարձրաձայնել այն մասին, որ պետք է անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկել: Մեր հերոսուհին հիմա այլեւս բռնությունների չի ենթարկվում, հաղթահարել է եւ պատրաստ է հանդես գալ սեփական իրավունքների պաշտպանության նախաձեռնությամբ:

Կինը պատմում է իր կյանքի վերջին վեց տարիների դաժանությունների մասին, որոնց միջոցով անցել է ամեն օր:

-Նախկին ամուսինս ինձ փախցրել է, երբ 18 տարեկան էի, իր հետ չէի ուզում ամուսնանալ, իրեն ընդհանրապես չէ ճանաչում, փախցնելու օրն եմ տեսել: Ամոթ էր, որ հետ գայի: Ինձ բերեց իրենց տուն, ծառայության մեջ էր, գնաց, վեց ամիս հետո վերջացրեց, էկավ: Բանակից էկավ ու մի շաբաթ հետո սկսեց կռիվներ անելը: Անիմաստ, առանց պատճառ վեճեր էր սկսում: Միշտ խմում էր, արդեն կախվածություն էր ձեռք բերել ալկոհոլից,-պատմում է կինը:

Այսօր արդեն 25-ամյա կինը իր կամքին հակառակ ամուսնացել է, իսկ ամուսնական չստացված տարիներին էլ միայն մի՝ ամոթի պատճառով, չի վեչադարձել հայրական տուն: Սակայն վերջին տարիներին ֆիզիկապես չի կարողացել դիմակայել ամուսնու հարվածներին:

– Մի քանի անգամ փախել եմ՝ էրեխեքիս հետ, բայց գալիս էր հետեւիցս ու կռիվներ էր անում: Զանգերի եւ հաղորդագրությունների միջոցով վախեցնում էր, ասում էր, որ ինձ եւ երեխաներիս կսպանի: Ես շատ էի վախենում, ստիպված շարունակում էի ապրել հետը,-հիշում է կինը:

Չստացված ամուսնությունից ոչ միայն այս կինն է տուժել, այլեւ նրա երկու անչափահաս՝ 8 եւ 2 տարեկան տղաներն են անցել այդ հոգեբանական սթրեսների միջով:

-Ահավոր ծեծում էր: Փախնում, մտնում էի բաղնիքը, գալիս, դուռը ջարդում, ներս էր մտնում ու խփում էր: Հղիության ժամանակ ծեծում էր: Շատ անգամ եմ հիվանդանոց ընկել այդ պատճառով: Այդպես ապրել եմ վեցը տարի: Արդեն ծնողների վրա էր ձեռք բարձրացնում, պատուհաններն էր ջարդում: Էրեխեքը, որ գոռալով մոտ էին գալիս, իրենց էլ էր խփում, գցում էր գետին, ահավոր էր, չեմ հավատում, որ հիմա այդ ամենի մեջ չեմ ապրում,-շարունակում է պատմել զրուցակիցս:

Կինը, երբեմն, իր իսկ նախաձեռնությամբ է վերադարձել դաժան ամուսնու մոտ: Սոցիալական խնդիրները, երեխաներին կերակրելը, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելը իր համար լուրջ խնդիր է եղել:

-Որ հեռացա իր մոտից, մեկ ամիս հետո տեսա, որ չեմ կարողանում երկու էրեխուս պահել՝ ստիպված համձայնվեցի էլի իր հետ ապրել: Սակայն վիճակը ավելի վատ էր: Ասում էր՝ գնացել մի ամիս ուրիշի հետ ես ապրել: Իր ծնողները չգիտեին ինձ, որ հարեւան-բարեկամի տունը տանեին, պահեին՝ մինչեւ որ խմածությունը անցներ: Վերջին կռվի ժամանակ, որ իրենց տունն էի՝ գիշերը ժամը 12-ին զանգեց, ասեց՝ սպասեք մեկ ժամից գալու եմ լրիվիդ ջարդեմ: Բոլորս վախով սպասում էինք, թե ինչ է լինելու: Ահավոր խմած եկավ, մազերիցս քաշեց, անկողնուց քցեց ոտքերի տակ ու սկսեց խփել՝ հիշեց, որ մեկ ամիս մենակ եմ ապրել ու, իբր թե, իրեն դավաճանել եմ: Լինում էր, որ ընկերների հետ էր խնդիրներ ունենում, չէր կարողանում իրենց հետ հաշիվները մաքրել՝ ինձանից էր հերսը հանում: Էդ պահին էրեխեն վազեց մոտս, էրեխուն էլ խփեց, քցեց: Ինձ էլ էնքան ծեծեց, մինչեւ ուշագնաց եղա: Զարթնեցի, տեսա՝ սկեսուրս ինձ տարել է իրենց բարեկամի տուն, էրեխեքիս վերցրեցի ու վերջնական հետ էկա Գյումրի,-ասում է բռնությունների ենթարկված կինը:

Երբ ոլորտի մասնագետները խոսում են բռնությունների մասին, նշում են, որ ցանկացած բռնություն ուղեկցվում է հոգեբանականով: Մեր հերոսուհին վեց տարի շարունակ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների ենթարկվելուց հետ, հարեւանուհու խորհրդով դիմել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ: Կազմակերպության իրավաբանները, հոգեբանները եւ սոցիալական աշխատողները վեցամսյա աշխատանքի արդյունքում հասել են հետեւյալ արդյունքին:

-Ես իրենց մասին չգիտեի, հարեւանուհիս ասաց: Սկզբում վախենում էի դիմել, հետո, արդեն անհնար էր, ստիպված դիմեցի: Ինձ ուղորդեցին ապաստարան, որտեղ համապատասխան օգնություն ցուցաբերվեց: Երեխաներս հիվանդ էին, բժիշկ հրավիրեցին, որը ամբողջ օրը մնացի եւ խնամեց էրեխեքիս: Հիմա արդեն ուժեղ եմ դարձել, գիտեմ ինձ եւ երեխաներիս ինչպես պաշտպանեմ: Սպառնալիքներից վախենում էի, հիմա էլ նման զգացողություն չունեմ,-եզրափակում է զրուցակիցս:

Մեր հերոսուհու նախկին ամուսինը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Որեւէ տեսակի շփում չունի կնոջ եւ երեխաների հետ, նույնիսկ հայրություն չի ճանաչել, թեեւ կինը ցանկություն էլ չունի՝ նախընտրում է որեւէ տեսակի կապ չունենալ իրեն դժբախտացրած անձնավորության հետ:

Զրուցակիցս հավելում է, որ, ցանկություն չունի նախկին ամուսնու կատարած բռնությունների համար դատական գործեր հարուցի, քանի որ իր ձեռքբերումը երեխաների հոգեպես կայուն մթնոլորտում ապրելն է, իսկ վերջում, փոխանցում է՝ երբեք չպետք է թույլ տալ, որ ընտանիքում բռնություններ լինեն, հարկ եղած դեպքում իր ճակատագրին արժանացած կանանց խնդրում եւ հորդորում է, որ պայքարեն իրենց ազատության եւ բարեկեցիկ կյանքի համար, թեկուզ իր օրինակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս