Բաժիններ՝

«Առաջինը, ում լուսանկարեցի, 102 տարեկան էր». լուսանկարիչ Տաթև Մնացականյան

Մայիսի 4-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ լուսանկարիչ Տաթև Մնացականյանի անհատական  ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ կազմակերպված «Մշակութային երկխոսություն» լուսանկարչական ծրագրի շրջանակներում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով. «Ցուցահանդեսը նվիրված է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան, որ նշվում է ամեն տարի մայիսի 21-ին»:

cucahandes (5)

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանն իր հերթին՝ նշեց.

Կարդացեք նաև

«Տաթևի հետ մենք ծանոթացել ենք դեռևս 2003 թվականին, երբ երկխոսության թեմայով պաստառի մրցույթ էինք հայտարարել: Այդ տարի Տաթևը հաղթեց այդ մրցույթում: 2013 թ. մայիսին մենք այս սրահում ունեցանք Տաթևի առաջին ցուցահանդեսը, և հուսանք՝ սա վերջինը չի լինի»: Լուսանկարիչ Տաթև Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այս ցուցահանդեսի սկիզբը դրվել է դեռևս 6 տարի առաջ:

Անձամբ լինելով նկարիչ, դիզայներ և լուսանկարիչ՝ ծանոթ էի արվեստագետ հասկացողության նուրբ հոգուն: Մենք ճանաչում ենք մերօրյա արվեստագետների ստեղծագործությունները, բայց ոչ՝ արվեստագետներին: Նրանք ասես անտեսված են՝ օտարված, փակված: Նրանք արդեն պատկառելի տարիքի արվեստագետներ են, որոնց ես իմ այս ցուցահանդեսով իմ հարգանքի տուրքն եմ մատուցել:

cucahandes (1)

Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է ճանաչենք, հարգենք և գնահատենք նրանց կենդանության օրոք, այլ ոչ՝ հետմահու: Եվ ես որոշեցի իրենց կենդանության օրոք բացել իրենց դուռը, լուսանկարել նրանց, ներկայացնել նրանց կերպարը, այլ ոչ՝ ստեղծագործությունները: Որոշեցի սկսել նկարահանումներս ամենատարեց արվեստագետներից: Առաջինը, ում լուսանկարեցի, 102 տարեկան էր, և ֆանտաստիկ ստեղծագործություններ ուներ, որոնք անտեսված էին, ինչպես և իր անձը: Այս ցուցահանդեսին աշխատել եմ ներկայացնել այն արվեստագետներին, որոնք այսօր մեզ հետ են: Իրականում, եթե ուզում ես մարդուն լավություն անել, պարզապես պետք է հարգանք և ուշադրություն ցուցաբերել նրա հանդեպ»:

cucahandes (4)

Մեր հարցին, թե ո՞րն է ցուցահանդեսի անվան՝ «Մշակութային երկխոսություն» խորհուրդը, Տաթևը պատասխանեց.

«Եգիպտոս, Սկանդինավիա, Նորվեգիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Շվեյցարիա և, իհարկե, Հայաստան՝ երկրներ, որոնց արվեստագետներին ես ներկայացնում եմ այս ցուցահանդեսի ընթացքում: Մշակութային երկխոսությունը կայանում է նրանում, որ մի երկրում ներկայացնում եմ այլ երկրների մշակութային գործիչների: Եվ այդպես՝ տարբեր երկրներում: Ի դեպ, շատ դժվար է արվեստագետներին համոզել, որ լուսանկարվեն: Պետք է կարողանալ նրանց հետ խոսել, հասկանալ, որ նրանք քեզ թույլ տան մտնել իրենց աշխարհ և լուսանկարել այն»:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև մայիսի 23-ը (ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 14:00-17:30-ը:

cucahandes (3)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս