«Սա այն գինն էր, որ Ռուսաստանը վճարեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հերթական դավաճանության փորձի համար». Արթուր Ղազինյան

Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ն ճանաչելու օրինագծին հավանություն տալու փաստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի՝ Դմիտրի Պեսկովի անդրադարձին, գրել է.

«ՌԴ Նախագահի մամուլի խոսնակն արձագանքել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ն ճանաչելու օրինագծին հավանություն տալու փաստին, ասելով, որ՝ 1. այդ հարցը չի քննարկվել ՌԴ իշխանությունների հետ, և 2. կողմերը ձեռնպահ մնան իրավիճակը բարդացնող գործողություններից: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես հաստատել էր Ռուսաստանի անհամաձայնությունը Հայաստանի՝ ԼՂ հարցում որդեգրած քաղաքականությանը, և կոչ էր արել խուճապի չմատնվել` հուսալով, որ ՀՀ Կառավարությունի կմերժի օրինագիծը, և խոստովանել, որ այդպիսի հավաստիացումներ է ստացել ՀՀ ԱԳ նախարարից:

Ի՞նչ է ստացվում: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանին հավաստիացնում է, որ իրենք չեն ողջունում Հայաստանի այս քայլը, նաև Հայաստանին կոչ անում չգնալ ԼՂ ճանաչման` պնդելով, որ այդ քայլը կապակայունացնի իրադրությունը հակամարտության գոտում, Ռուսաստանին կզրկի տարածաշրջանում իր վերջին ազդեցության լծակից, կտապալի հոգեվարքի մեջ գտնվող ԵԱՏՄ-ն նոր արյունով թարմացնելու իր ծրագիրը: Ինչո՞ւ այսպիսի անհանգստություն չեն հայտնում Արևմտյան տերությունները, Մինսկի խմբի մյուս համանախագահները:

Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար նոր ու լրացուցիչ հնարավորություն կդառնա Ռուսաստանի Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունը չեզոքացնելու, իսկ հաջորդող ճանաչումների միջոցով՝ Ադրբեջանին իր գործողություններում առավել հաշվետու, պատասխանատու, զուսպ դարձնելու համար` վերջինիս դուրս բերելով Ռուսաստանի ազդեցության տակից:

Կարդացեք նաև

Կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը, Կառավարության կողմից ԼՂ ճանաչման մասին օրինագծին հավանություն տալով, ամբողջությամբ փոխեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը և բնավ՝ ոչ հօգուտ Ռուսաստանի:

Սա այն գինն էր, որ Ռուսաստանը վճարեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հերթական դավաճանության փորձի համար»:

Տեսանյութեր

Լրահոս