«Իշխանությունն այս հարցը բարձրացրել է՝ պոպուլիստական դրդապատճառներից ելնելով». քաղաքագետ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քաղաքական մեծ հավակնություններ ունի, և Էրդողանը չի կարողանա նրան ստիպել հենց այնպես անհետանալ քաղաքական դաշտից: Նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը՝ հավելելով, որ նա գուցե իր կուսակցությունը կբացի և իր շուրջ կհավաքի Էրդողանի հակառակորդներին. «Թուրքիայի ներքաղաքական կյանքը, ամեն դեպքում, առաջիկա մի քանի տարիներին ամենևին էլ անվրդով և միապաղաղ չի լինելու: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նրա ներկայությունը քաղաքական դաշտում երկար չի տևի»:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագծի վերաբերյալ եզրակացությունը, ասաց՝ վտանգավորն այս պահին այն է, որ իշխանությունը մտել է խաղի մեջ. «Իշխանությունն այս հարցը բարձրացրել է՝ պոպուլիստական դրդապատճառներից ելնելով: Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, կնշանակի, որ վերջ է դնում Մինսկի խմբի աշխատանքներին: Այս գործընթացի վերջնական արդյունքում մենք միայն բացասական զարգացումներ կունենանք: Բոլորը խոսում են, որ ինչ-որ խաղ է գնում, և ժողովրդին դնում են էշի տեղ, հիմա ժամանակը ցույց կտա, թե ով ում է էշի տեղ դնում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս