Աշխատել՝ բոյկոտելու փոխարեն

Դժվար է միանշանակ ասել, թե ինչու հենց այս պահին տնտեսական հիմնական խնդիրը դարձավ թուրքական ապրանքների մերժումը: Հարցը բարձրացնողները հավանաբար հույս ունեն, որ ապրիլյան պատերազմի հասարակական ընկալումը կօգնի իրենց: Բայց սա թուրքական ապրանքների դեմ հասարակական բոյկոտ կազմակերպելու առաջին փորձը չէ: Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին փորձը եղել է 1998-2000թթ.:

Զինադադարից հետո մեր տնտեսությունը կամաց-կամաց սկսել էր ընդլայնվել: Տեղական արտադրողներին աջակցություն էր պետք, և սկիզբ առավ «Օգնենք մեզ՝ գնենք մերը» շարժումը: Հետո պարզվեց, որ շարժման առաջամարտիկ՝ հրուշակեղեն արտադրող խոշոր կազմակերպություններից մեկն իր արտադրանքի հումքը՝ ծիրանի ու այլ մրգաչրերից մինչև փաթեթավորման ստվարաթղթե տարաները ներմուծում է հենց Թուրքիայից: Հետո մեր ներքին շուկան հեղեղվեց թուրքական շինանյութով:

Շինարարական բում էր սկսվել: Հատկապես՝ Երևանում: Ու հենց մայրաքաղաքում էլ հայտնվեցին բազմաբնակարանային շենքեր, որոնց վաճառքն ուղեկցվում էր «Այս շենքի շինարարության ընթացքում թուրքական շինանյութ չի օգտագործվել» գովազդով: Ու տարիների հետ որքան թնդանում էր բոյկոտ-պայքարը, այնքան ընդլայնվում էին թուրքական ապրանքների ներմուծման ծավալները: 2007թ. շինարարական բումի բարձրակետին, Թուրքիայից ներմուծումներն առաջին անգամ հատեցին 100 մլն դոլարի սահմանագիծը: 2006-ի 98 մլն դոլարի փոխարեն՝ ներմուծվեց 134 մլն դոլարի ապրանք: Հետագա տարիներին այս ցուցանիշը մշտապես գերազանցվել է:

Բայց մշտապես խոսվել է նաև հարևան երկրի արտադրանքը բոյկոտելու անհրաժեշտության մասին: Հիմա լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ տնտեսագետներից փորձում են հիմնավորող կարծիքներ կորզել բոյկոտի համար: Բայց տնտեսագետների գործն ահագին բարդ է: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանի ներմուծման ծավալն այս երկրի արտահանման մեջ մեկ տոկոսից ցածր է: Հետևաբար՝ բոյկոտ կոչվածի համար տնտեսական հիմնավորում հորինելն անհնար է: Ուստի գործի դրվեց թուրքական ապրանքները ներքին շուկայում սեփականով փոխարինելու առաջարկը:

Այն ինքնին վեհ ու տրամաբանական է հնչում: Իսկապես, «Ինչո՞ւ Թուրքիայից ներմուծենք, եթե կարող ենք ինքներս արտադրել»: Բայց այստեղ էական հարց է առաջանում՝ «Իսկ ի՞նչ ենք ներմուծում Թուրքիայից»: Պարզվեց, որ իրենց մասնաբաժնով առաջին երկու դիրքերում են լվացող ու մաքրող միջոցներն ու ցիտրուսային մրգերը: Հայաստանը պատշաճ որակի լվացող միջոցների արտադրություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Ճիշտ ու ճիշտ այն տարիներին, երբ «Փոքրիկ Հայաստանը հայտարարված էր մեծ քիմիայի երկիր»:

Իսկ որքան հաստատակամ որոշեք թուրքական ցիտրուսային մրգերը տեղականով փոխարինել, այնքան կմեծանա, ասենք, նռան ներմուծումը: Ձմռանը հայ սպառողն ու մամուլը զարմացել էին՝ վաճառքում ներկրած նուռ տեսնելով: Ոչ ոք չհանդգնեց հայտարարել կամ ընդունել իրականությունը: 2015 թ. Ռուսաստանն իր շուկան փակել է թուրքական ապրանքների առջև և ՌԴ արտահանման համար արտադրված նռան մի մասը հայտնվեց մեր շուկայում: Փոխարենը՝ հիմա կրկին մոդայիկ են դարձել թուրքական ապրանքները բոյկոտելու կոչերը, որոնց հիմքում որևէ տնտեսական հաշվարկ-հիմնավորում չկա:

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում այն կարող է ընկալվել ոչ թե՝ ինքնուրույն, այլ՝ մեր ոխերիմ բարեկամի՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու հերթական քայլ: Ինձ, օրինակ, ամենաշատը հուզեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավարի հայտարարությունը, որ «թուրքական ապրանքներ չգնելն արժանապատվության հարց է»: Այսինքն՝ հարցը տնտեսական ոլորտից կրկին տեղափոխվում է բարոյականության ոլորտ, ուր ցանկացած փաստարկ կարող է անբարոյական ու ապազգային հայտարարվել: Մինչ մեր մամուլն ուրախացած տիրաժավորում է ՌԴ լրատվամիջոցների տարածած լուրն այն մասին, որ Անթալիայում տուրիստների պակասի պատճառով վաճառքի է հանվել 130 հյուրանոց, կարելի է կարդալ նաև այլ լուրեր: Կարդալ ու մտածել դրանց տնտեսական հետևանքներից օգտվելու մասին:

Ռուսաստանն այլ ապրանքների հետ իր շուկան փակել է նաև թուրքական ոսկերչության առջև՝ մեծ մաքսատուրք սահմանելով: Այս պատճառով ծանր իրավիճակ է ստեղծվել Ստամբուլի հանրահայտ ոսկու շուկայում: Մամուլը գրում է, որ Ստամբուլի ոսկերիչներն իրենց բիզնեսը սկսել են տեղափոխել Պարսկաստան՝ հուսալով, որ այդ երկրից արտահանվող ոսկյա զարդերը ՌԴ սահմանին մաքսային լրացուցիչ խոչընդոտների չեն հանդիպի: Ստամբուլի փակ շուկայի ոսկերչական կրպակների հատվածում եղած ամեն մարդ կասի, որ այնտեղ շատ են նաև ստամբուլահայ ոսկերիչների խանութ-կրպակները: Տնտեսական, ազգային ու պարզ տրամաբանության տեսանկյունից՝ շատ ավելի տրամաբանական կլիներ հնարավորություն ընձեռել. որ հայ ոսկերիչներն իրենց բիզնեսը Պարսկաստանի փոխարեն՝ Հայաստան տեղափոխեն: Բայց դա, ի տարբերություն հայրենասիրական ճառեր արտասանելու, ամենօրյա աշխատանք է պահանջում:

Տեսանյութեր

Լրահոս