Բաժիններ՝

«Դե սպասեք, իջեցնեն, վերջացնենք, հետո նոր զրուցենք». Լևոն Յոլյանը՝ գազի սակագնի մասին

«Ես բազմիցս ասել եմ՝ գործընթաց է գնում, սպասեք, գործընթացն ավարտվի, օրենքի շրջանակներում մաքսիմալ արվում է ամեն ինչ, գործընթացն ընթանում է, հենց ավարտվի՝ մանրամասն ձեզ տեղյակ կպահենք, նոր կքննարկենք»,- անդրադառնալով գազի սակագնի վերանայմանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք քիչ չի՞ նվազեցվում գազի սակագինը: Դիտարկմանը, որ սակագինը բարձրացնելու դեպքում այն մեծ չափով է բարձրանում, իսկ իջեցնելու դեպքում՝ հակառակը, Լևոն Յոլյանն արձագանքեց. «Հիմա իջեցնում են, չէ՞: Դե սպասեք, իջեցնեն, վերջացնենք, հետո նոր զրուցենք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով: Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ՝ հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:

«Գազպրոմ-Արմենիան» մտադիր է հայտ ներկայացնել նաև ամսական 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի վերանայելու նպատակով:

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ից գազի սակագնի վերանայման հայտը ստացել է ապրիլի 29-ին, և աշխատանքային 80 օրվա ընթացքում կարող է ուսումնասիրել հայտն ու որոշում կայացնել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս