«Հիմա իսկական պահն է՝ առաջիկա 15 օրերին ճանաչել Արցախի անկախությունը». Գուրգեն Եղիազարյան

«Շնորհակալություն Բակո Սահակյանին և Պարգև Սրբազանին՝ այդ տղամարդկային լրջագույն մոտեցումների համար. մենք ուղղակի պետք է գլուխ գովենք, որ Արցախը նման ղեկավարություն ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Խոսելով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին՝ նա ասաց, որ եթե հիմա դա լինի, կնշանակի, որ մերժում ենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք մինչ այժմ եղել են ԼՂՀ հարցի բանակցությունների վերաբերյալ, բայց նա կարծում է՝ այսօր Արցախի ճանաչման ճիշտ պահն է: Գ. Եղիազարյանի խոսքով՝ Ադրբեջանն անցավ ռուբիկոնը՝ միջազգային բոլոր նորմերը շրջանցելով, ու այս պարագայում մենք պարտավոր ենք ընդունել Արցախ անկախությունը:
«Ադրբեջանցիներն ասում են՝ ոչ մի թիզ հող հայերին: Այդ սկզբունքները խախտեց Ադրբեջանը, երբ մտավ խաղաղ բանկչությանը սրի մատնեց: Պատահական չեն ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող գլխատումները, Գուրգեն Մարգարյանի հանդեպ ոճիրը, ընդամենը 3 օր առաջ նույն ադրբեջանցիները մտան ու սպանեցին ռուս ընտանիքին, քնած անձը նրանց համար թիրախ է դառնում, նրանք հարձակվեցին քնած Արցախի վրա, այս պարագայում պետք է ճանաչել Արցախի անկախությունը: Վտանգավորը միջազգային հանրությունն է, բայց եթե մեր հարևանները դա հաշվի չեն առնում, մենք պետք է հաշվի առնենք: Հիմա իսկական պահն է՝ առաջիկա 15 օրերին ճանաչել. դա հող կնախապատրաստի, որ մյուս երկրները նույնպես ճանաչեն, որովհետև հիմա չեն ճանաչում, որովհետև ասում են՝ անգամ Հայաստանը չի ճանաչել»,- նշեց Գ. Եղիազարյանը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, սակայն, չի կարծում, որ հիմա Արցախի անկախության ճանաչման ճիշտ պահն է. ըստ նրա՝ այդ քայլով մենք խաչ են քաշում բանակցային գործընթացի վրա: Ըստ նրա՝ ճիշտ է, այսօր չկա բանակցային գործընթաց, բայց այն կարող է սկսվել: Մ. Մինասյանը կարծում է՝ եթե Հայաստանը հիմա ճանաչի Արցախի անկախությունը, միջազգային հանրությունը մեր այս քայլը չի համարի ադեկվատ:

Տեսանյութեր

Լրահոս