Բաժիններ՝

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականություն չկա. Էրդողանի խորհրդականը՝ երկրում ստեղծված վիճակի մասին

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը բացակայում է: Նման կարծիք է հայտնել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ջեմիլ Էրտեմը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:

«Ես խորհրդարանում արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն չեմ տեսնում»,- ասել է նա:
Էրտեմը, սակայն, նշել է, որ տնտեսական ծրագիրը, որը ընդունել է Թուրքիայի կառավարությունը, շարունակելու է իրականացվել՝ չնայած ղեկավարության փոփոխությանը:

Ավանդաբար, Թուրքիայում վարչապետը համարվում է իշխող կուսակցության ղեկավար: Ինչպես հայտնում է Haber Turk-ը, սպասվում է «մեղմ անցում», այսինքն՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մինչև «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նոր ղեկավարի ընտրվելը կպահպանի իր բոլոր պաշտոնները, իսկ ԱԶԿ-ի համագումարի նիստից հետո Էրդողանը ԱԶԿ-ի նոր ղեկավարին կլիազորի ձևավորել կառավարություն:

Վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներում ու հասարակության շրջանում քննարկումներ են ընթանում Թուրքիայի վարչապետի և նախագահի միջև գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունների մասին:

Hürriyet-ի տվյալով՝ տարաձայնությունները վերաբերում են երկրի կառավարության կազմին, ԱԶ-ի ղեկավար ապարատին: Բացի այդ՝ Դավութօղլուն վերջերս զրկվել էր նաև ԱԶԿ-ի շրջանային ղեկավարներին անձամբ նշանակելու լիազորությունից: Այդ իրավունքը վերապահվել էր կուսակցության գործադիր կոմիտեին:
Մինչ այդ, Դավութօղլուն համարվում էր Էրդողանի մտերիմներից մեկը Թուրքիայի քաղաքական արենայում:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մայիսի 28-ին տեղի կունենա ԱԶԿ-ի արտահերթ համագումարը, որտեղ Դավութօղլուն չի առաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում: Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ է դարձել 2014թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Էրդողանը դարձավ Թուրքիայի նախագահ:

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են ԱԶԿ-ի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները: Նրանց թվում են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը և ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս