«Նախորդներից տարբեր որոշում է». Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀ Կառավարության որոշման մասին

«Կարծում եմ, որ կառավարության դիրքորոշումն առաջին քայլն է, բայց դա դեռ լիարժեք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Զ. Փոստանջյանն այս քայլը լիարժեք չի համարում, քանի որ կարծում է՝ պետք է սպասեն, որ ԱԺ-ն իր գործառույթների շրջանակներում արագորեն անդրադառնա այս հարցին ու ճանաչի Արցախի անկախությունը, օգնի, որ այն դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ.

«Մենք մեր քաղաքական հայտն ենք ներկայացնում աշխարհին ու ասում ենք, որ մեզ հետ այլ դիրքերից խոսեն»:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով այս օրինագծին՝ ասել էր, որ խուճապի պետք չէ մատնվել, քանի որ ընդամենը երկու պատգամավորների նախաձեռնությունն է այն: Լրագրողներից մեկի հարցին՝ սա արդյոք չի՞ նշանակում, որ կուլիսային քննարկումներին իրենք հասկացել են ՀՀ իշխանությունների տրամադրվածությունը՝ Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց.

«Նախ՝ պետք է նշեմ, որ բացարձակ որևիցե մի պետության արտգործնախարարի հայտարարությունը մեզ համար կողմնորոշիչ չի կարող լինել, սա մեր խնդիրն է ու մեր քաղաքական հայտն է, մենք ուզում ենք տարածաշրջանում լինել լուրջ քաղաքական գործոն, որը պայմանավորված է նաև Արցախի ճանաչմամբ: Այլ պետությունների արտգործնախարարների հայտարարությունները մեզ համար ուղղորդիչ չեն»:

Նա ցանկանում և ակնկալում է, որ մեր արտաքին քաղաքականությունը կախված լինի մեր ազգային շահերից, որը մեզ հուշում է, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչվի:

«Շատ եմ ցավում, որ մենք թույլ տվեցինք պատերազմ, որ դեռ լայնածավալ պատերազմ է լինելու, ես չեմ համարում, որ մենք հաղթած ենք, մենք պետք է հիմա այդ փաստերից ելնելով՝ քաղաքական լուրջ գործընթացներ հարուցեինք: Օրինակ, պետք է տեղի ունենար Եվրոպայի խորհրդին դիմում՝ դադարեցնելու Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը: Ճիշտ է, որոշ գործողություններ կատավում են, բայց դա բավարար չէ»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ Ազգային ժողովում Ձեր նախագիծը չի անցնի, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց.

«Չեմ բացառում, որովհետև այնպես չէ, որ ՀՀ ԱԺ-ում գործում են անկախ անձինք, ու կարծում եմ, որ նրանցից շատերը հրամանի ներքո են գործում և ոչ թե՝ խղճի. եթե լինի հակառակ հրաման, և չլինի հանրության դիմադրությունը, չի բացառվում, որ այդ հրամանը գործի»:

Հարցին էլ, թե՝ որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի կառավարության որոշումը, պատգամավորն այսպես պատասխանեց.

«Նախորդներից տարբեր որոշում է: Ես շուտվանից արդեն անակնկալների չեմ սպասում, ամեն րոպե իրավիճակ է փոխվում, ու ես չէի ցանկանա, որ մենք իրավիճակային լուծումներ գտնեինք»:

Տեսանյութեր

Լրահոս