«Եթե Ադրբեջանը ցանկանում է որևէ արդյունք տեսնել բանակցություններում, ուղղակի բանակցում է Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա». Շավարշ Քոչարյան

«Տվյալ պարագայում կառավարության եզրակացությունն այն էր, որ ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքով՝ հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը նշանակո՞ւմ է բանակցությունների ավարտ:

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրանում կան հատվածներ, որոնք շատ հստակ են.

«Առաջինը, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե, չկա այլընտրանք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը՝ այն, ինչի մասին ինքն ասում էր նաև Երևանում: Այնպես որ, այդ բոլորը նորմալ են: Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին, ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ կմտնի օրակարգ»:

Խոսելով Բիշքեկյան արձանագրությունների մասին, որոնք 1994թ. հենց այս օրն են ստորագրվել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրանք չափազանց կարևոր էին, բայց այն հիմք էր, որից հետո արդեն կնքվեց բուն զինադադարի մասին պայմանագիրը:

«Բիշքեկն ինքնին անսպասելի չառաջացավ, որովհետև այդ ինչպե՞ս եղավ, որ կողմերը եկան այդ համաձայնությանը, որովհետև մինչև այդ եղել է երկար գործընթաց»,- ասաց Շավարշ Քոչարյանը, ապա նշեց, որ մի բան հստակ է՝ եթե Ադրբեջանը ցանկանում է որևէ արդյունք տեսնել բանակցություններում, ուղղակի բանակցում է Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա.

«Այդ տեսակետից դա, ինչպես ասում են, որոշակի լակմուսային թուղթ է. քանի Ադրբեջանը դիմադրում է, որ Ղարաբաղը լինի լիարժեք բանակցային կողմ, դա նշանակում է, որ ինքը շարունակում է իր քաղաքականությունը՝ օգտագործել բանակցային գործընթացը որպես քող՝ իր դեստրուկտիվ քայլերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս