Հայաստանի դժվարին ու ճակատագրական որոշումը

Այսօր կառավարությունը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին՝ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագծին եզրակացություն տալու հարցը: Դատելով օրինագծի վերաբերյալ նախապես տարածված պաշտոնական հաղորդագրությունից, կառավարությունը ոչ մերժելու է, ոչ դրական եզրակացություն է տալու այդ օրինագծին` ըստ ամենայնի որևէ ձևակերպմամբ այն ուղարկելով խորհրդարան:

Հնարավոր է, իհարկե, որ, ի վերջո, բացասական եզրակացություն տրվի: Սակայն, անկախ դրանից, այս հարցն այսօր ամենաշատն է քննարկվում բոլոր հարթություններում, և դրա շուրջ տեսակետները բաժանվել են երկու մեծ խմբի. շատերը գտնում են, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ավելի նպաստավոր պահ չի եղել, ոմանք համարում են, որ դա, այնուամենայնիվ, հղի է վտանգներով, քանի որ կհանգեցնի լայնածավալ պատերազմի: Երկու տեսակետներում էլ, իհարկե, ճշմարտություն կա:

Սակայն երկու տեսակետներում էլ գերակայում է ավելի շատ էմոցիոնալ բաղադրիչը, քան սառը, պրագմատիկ հաշվարկը: Իսկ նման հաշվարկ, իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարի կանխատեսում` դրական և բացասական հետևանքների, հնարավորությունների ու ռիսկերի գնահատմամբ, պետք է իրականացներ պետությունը` համապատասխան ինստիտուտներով, որոնք, սակայն, Հայաստանում բացակայում են: Որովհետև Հայաստանում բացակայում է գրեթե այն ամենը, ինչ կախված է արտաքին քաղաքականության հետ: Այն պարզ պատճառով, որ առնվազն մինչև ապրիլի 1-ը Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, իսկ այն, ինչ իրականացվում է ապրիլի 1-ից հետո` որպես արտաքին քաղաքականություն, կապ չունի կամ գրեթե կապ չունի արտաքին քաղաքականության ֆորմալ իրականացնողի` Արտգործնախարարության հետ: Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վտանգը միայն պատերազմը չէ:

Ղարաբաղի անկախության ճանաչման հիմքում պետք է դրված լինի տարիների դիվանագիտական աշխատանք, որը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումից հետո կապահովեր գոնե մի քանի այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչում: Ակնհայտ է, որ նման աշխատանք, իրական, հայտարարություններից ու հռչակագրերից հեռուն գնացող աշխատանք չի արվել: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը չունի հարցի պատասխանը` ի՞նչ է հաջորդելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Կարդացեք նաև

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բոլոր պետական համակարգերից իրավիճակին համարժեք գործեցին միայն Զինված ուժերը, մյուս համակարգերի, առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության ոչ համարժեքության պայմաններում: Նույնը տեղի է ունենալու Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման դեպքում. բանակը կատարելու է իր առջև դրված խնդիրները պատերազմի դաշտում, լավագույն դեպքում՝ դիվանագիտության անգործության, իսկ որ ավելի հավանական է` վնասակար գործունեության պայմաններում: Մեր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարվել է այնպես, որ ոչ միայն անհնար է դարձրել հայկական դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի անկախության ճանաչումն այլ երկրների կողմից, այլև անգամ անճանաչելի է դարձրել Հայաստանի Հանրապետությունը:

Տեսանյութեր

Լրահոս