Բաժիններ՝

«Ես իրենից հեռացել եմ մինչ դեպքը. Մոտ մեկ ամիս առաջ մենք բաժանվել ենք». Անի Մաջնունյանի սպանության գործով դատարանում էր ամբաստանյալի նախկին կինը

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատարանն այս փուլում հարցաքննում է քրեական գործով վկաներին, որոնցից այսօր դատարան էր ներկայացել միայն մեկը՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կինը՝ Հայաստան Ենգոյանը:

Վկան նշեց, որ ամբաստանյալին ճանաչում է, մեկուկես տարի միասին են ապրել, ունեն համատեղ երեխա: Օգտվելով իր իրավունքից՝ նա հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ ասելու բան չունի: Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանն էլ փորձեց ասել, թե քննիչի դրդմամբ նախկին կնոջն ասել են, սակայն դատավորն ընդհատեց նրան՝ հորդորելով նստել: «Ուրեմն դատը հետաձգեք»,- ասաց ամբաստանյալը՝ փորձելով լքել նիստերի դահլիճը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Դատավորը նախազգուշացում կիրառեց: «Ինձ քննիչը չի դրդել: Որպես ճանաչող մարդու՝ պարզապես հարցրել են, թե ով է, որտեղ ենք ծանոթացել»,- ասաց վկան՝ նշելով, որ դեպքի, ամբաստանյալի կալանավորման մասին իմացել է համացանցից, նրա դեմ ոչինչ չունի. «Ես իրենից հեռացել եմ մինչ դեպքը: Մոտ մեկ ամիս առաջ մենք բաժանվել ենք»:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ այլ վկաներ չէին ներկայացել դատարան: Դատարանը երկու վկայի բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս