Ինչո՞ւ են լռում Մինսկի խմբի համանախագահները

«Ակնհայտ է, որ դա նախազգուշացում է, և հայկական կողմն այդ ձևով փորձում է և՛ միջնորդներին, և՛ Ադրբեջանին հասկացնել, որ խնդիրը շատ մոտ է իր հանգուցալուծմանը՝ գոնե Հայաստանի մասով: Եթե անգամ պատերազմ լինի, եթե անգամ Հայաստանից բացի որևէ մեկը չի ճանաչելու, ապա, իհարկե, միակ քայլը, որ կարող է անել այս պահին հայկական կողմը, Արցախը ճանաչելն է, և լեգալացնել իր բոլոր տեսակի հարաբերություններն ու միջամտությունն Արցախում»,- նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ՀՀ կառավարությունը քննարկելու է մայիսի 5-ի նիստում:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Հայաստանը հասկացնում է, որ, եթե աշխարհը որևէ բան չձեռնարկի և Ադրբեջանին չկանգնեցնի, կամ Ադրբեջանն ինքը չկանգնի, ապա շատ ավելի բարդ խնդրի առաջ կկանգնենք, քան մինչև այժմ. «Ադրբեջանն արդեն սկսել է բողոքել միջազգային կազմակերպություններին: Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես արձագանքել է՝ նշելով, որ Հայաստանը, ըստ էության, Մինսկի մանդատն է վերացնում: Ադրբեջանը կարծես թե անուղղակի դարձել է ՄԽ պաշտպանը, բայց չմոռանանք, որ ՄԽ մանդատի վերացումը հենց այն էր, ինչին ձգտում էր Ադրբեջանը, և տվյալ պարագայում, որքան էլ նա մեղադրանքն ուղղում է Հայաստանին, այնուամենայնիվ, ոչ միայն տխուր չի լինի, այլ նաև ուրախ կլինի, որ Հայաստանն այդ մանդատը վերացնի, և նոր մանդատ ստեղծվի կամ ՄԱԿ-ի շրջանակներում, կամ էլ, եթե անգամ չստեղծվի, իր ձեռքերն ազատ արձակվեն պատերազմի սանձազերծման համար»:

Հետևաբար՝ փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է զգոնությունը չկորցնի. «Ոչ թե այն առումով, որ չճանաչի Արցախը, այլ ուղղակի, եթե անգամ բանը հասնի ճանաչման, հստակ հայտարարի, որ ՄԱԿ-ի մանդատը տարածվում է ԼՂՀ-ի վրա, և Հայաստանը դրանով բանակցություններից դուրս չի գալիս, պարզապես կարգավիճակի խնդիրն է փոխվում»:

Ս. Սաֆարյանն ընդգծեց՝ Ադրբեջանն ինքն էլ է հասկանում ու հայտարարում է, որ ճանաչում, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին է Մոսկվային նախազգուշացրել, նշանակում է, որ այլ ճանապարհ չի մնում, քան պատերազմի դիմելը. «Ադրբեջանը մի կողմից՝ հիմա փորձում է Հայաստանի նկատմամբ ճնշումները մեծացնել, մյուս կողմից՝ իր համար, իհարկե սա ստատուս-քվոյի փոփոխություն է, հետևաբար և՛ Մոսկվային է նախազգուշացնում իր գործողությունների մասին, և՛ աշխարհին է զգուշացնում, և մյուս կողմից՝ նաև մեղքը դնում հայկական կողմի վրա»:

Փորձագետի համար տարօրինակ է ՄԽ համանախագահների լռությունը. «Շատ զարմանալի է, որ այսպիսի մոբիլիզացիայի պայմաններում որևէ կանխարգելիչ հայտարարություն չի արվում Մինսկի խմբի կողմից: Ռուսաստանի կողմից առավել ևս չի արվում, ով հստակ վերջին տարիներին ընդգծել է իր կարևորությունն այս հակամարտության մեջ, հետևաբար, իհարկե, տարօրինակ է վիճակը: Խնդիրը խորը փակուղի մտնելու եզրին է գտնվում, և ակնհայտորեն այս լռությունը կամ նշանակում է, որ միջնորդներն իսկապես անելիք չեն գտնում, կամ այս դեպքում էլ ուղղակի պատերազմը կուղեկցվի ճանաչմամբ: Թե ինչպիսի՞ն կլինեն տարածքները պատերազմից հետո, ոչ ոք չի կարող կանխատեսել, բայց, համենայնդեպս, այս լռությունը նաև մի տեսակ համակերպվածության նշան է, որովհետև այլ զարգացումներ չենք տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս