«Արցախի Հանրապետության ճանաչումը մեր խնդիրն է, միջնորդների խնդիրը չէ». Զարուհի Փոստանջյան

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համահեղինակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրական գնահատեց նախագծի վերաբերյալ կառավարության գնահատականը:

«Այնպես չէ, որ շտապողականություն են ցուցաբերում, բայց կողմ են, որովհետև, կարծում եմ, այլևս ոչինչ չունեն քննարկելու, ամեն ինչ պարզ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զ. Փոստանջյանը:

ՀՀ կառավարությունը, հիշեցնենք, ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: ՀՀ կառավարությունը նախագիծը քննարկելու է մայիսի 5-ի նիստում:

Անդրադառնալով Ադրբեջանում օրինագծի հետ կապված բարձրացած հիստերիային, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, թե սա Երևանի կողմից բանակցային գործընթացից հրաժարում է և նշանակում է, որ Մինսկի խումբը զրկվում է միջնորդական մանդատից, Զ. Փոստանջյանն իր հերթին հարցադրում արեց. «Իսկ այն, որ նրանք ագրեսիա էին իրականացնում մինչ այս պահը և, բացի ագրեսիայից, նաև մարդկության դեմ հանցագործություն էին իրականացնում, այդ ժամանակ իրենք, ի՞նչ է, բանակցային պրոցեսի մե՞ջ էին, թե՞ դուրս էին: Այսինքն` քաղաքակիրթ որևէ դրսևորում չցուցաբերելով, հիմա ի՞նչ են ուզում: Սա ՄԽ հետ բացարձակ կապ չունի, և Մինսկի խումբը շարունակելու է գործել»:

Թե ինչպիսի՞ն կլինի միջնորդների արձագանքը, պատգամավորը նշեց, որ սա մեր խնդիրն է և միջնորդների խնդիրը չէ. «Վերջիվերջո, ամբողջ տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այսինքն` նախկին Թուրքիայի հանրապետության տարածք, Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, երկու պետությունների` Օսմանյան Թուրքիայի և ցարական Ռուսաստանի նախկին տարածքների և 100 տարվա առաջվա պայմանավորվածությունների փոփոխություն է տեղի ունենում, և դա ուղղակի անտեսելը մեր քաղաքական հայտում կլինի հանցագործություն մեզ համար, որովհետև քեզ լուրջ են վերաբերվում, երբ դու իրոք ներկայացնում ես քաղաքական հայտ: Իսկ այսօր չխոսել Արցախի անկախության ճանաչման մասին և չճանաչել մեր կողմից, դա նշանակում է շարունակում ենք մնալ խոցելի, շարունակում ենք մոտեցնել լայնածավալ պատերազմի վտանգը և շարունակում ենք թուլացնել այս տարածաշրջանում քաղաքական լուրջ գործոն լինելու մեր հնարավորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս