Գարո Փայլանը նախապես ծրագրված է համարում իր դեմ երեկ Թուրքիայի խորհրդարանում կատարված հարձակումը. Bianet.org

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում ծագած զանգվածային ծեծկռտուքն սկսվել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի խորհրդարանական Գարո Փայլանի վրա հարձակմամբ:
Թուրքական Bianet.org կայքին տված հարցազրույցում հայազգի պատգամավորը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքներն ու քննադատությունները, թե իբր նիստի ընթացքում սադրանքների է դիմել, որն էլ դարձել է մոտ 10 րոպե տևած ծեծկռտուքի պատճառ։

Փայլանը կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե 10-15 մարդ ցանկացել է իրեն Լինչի դատաստանի ենթարկել: Նա հայտարարել է, թե իր դեմ հարձակումը եղել է նախապես ծրագրված:

Մեկնաբանելով ծեծկռտուքը՝ Փայլանն ասել է, որ ակնհայտորեն ինքը թիրախ է եղել մի քանի թուրք պատգամավորների համար: «Ես շուրջ 20-30 վայրկյան թիրախ էի, այդ ընթացքում ստացել եմ բռունցքի մոտ 100 հարված»,- հայտարարել է հայ պատգամավորը:

Փայլանն ասել է, որ վիճաբանության ժամանակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները կրկնել են. «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է», ինչը կոչ է եղել մյուս թուրք պատգամավորներին՝ իրեն հարվածելու։

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով՝ պահպանվել են նիստի ձայնագրությունները, որոնք կարող են ապացուցել, որ ինքը նման սադրիչ արտահայտություն չի հնչեցրել։ Վեճի պատճառներից մեկը, ըստ հայ պատգամավորի, իր հայկական ծագումն է եղել:

Տեսանյութեր

Լրահոս