«Ռուսաստանը ռեալ պայմաններում PR պետք է ներկայացնի իր զենքի համար՝ մեր տղաների արյան հաշվին». Հովհաննես Իգիթյան

Հայաստանի իշխանություններն ավելի լավ են արդարացնում Ռուսաստանին, քան անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս կարծիքին է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ հիշեցրեց, որ իրենք միշտ բարձրացրել են այս հարցը, բայց Հայաստանի իշխանություններն ասում էին, որ դա բիզնես է:

Հ. Իգիթյանի խոսքով՝ Ռուսաստանը որպես PR՝ պետք է ցույց տա, որ հզոր զենք ունի. «Հիմա, Ռուսաստանը ռեալ պայմաններում PR պետք է ներկայացնի իր զենքի համար՝ մեր տղաների արյան հաշվին»:

Բանախոսը նշեց, որ բանակցային գործընթացն արդեն դադարեցվել է, ու դա արել է Ադրբեջանը: Նրա կարծիքով՝ անհեթեթ է խոսել հիմա որևէ փաստաթղթի մասին, հիմա կարևոր է այն, թե որ ուժը կարող է զսպել Ադրբեջանին, որովհետև «նա խախտել է բոլոր պայմանավորվածությունները»:

«Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը մտահոգված է այս պատերազմական իրավիճակով և գործողություններով. պարզ է, որ հասցեագրված պետք է լինեն այդ հայտարարությունները, խոսքը պետք է գնա այն կողմի մասին, ով խախտել է այդ պայմանավորվածությունները: Երևի միակ երկիրը, որ գիտի, թե ով է խախտել պայմանավորվածությունը, դա Ռուսաստանն է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս