Բաժիններ՝

«Միայն բանակը չպետք է լինի թելադրողը՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ». Սամվել Մարտիրոսյան

Այն կազմակերպությունների աչքերով, որոնք գնահատում են խոսքի ազատությունն աշխարհում, Հայաստանը գնահատվում է կամ ոչ ազատ, կամ կիսաազատ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, և բանախոսի խոսքով՝ Հայաստանն ազատ է համարվում, օրինակ, ինտերնետի ազատության տեսանկյունից, թեև, ըստ նրա՝ այսօր աշխարհում նկատվում է ազատությունների գլոբալ անկում. «Նույնիսկ ժողովրդավար երկրներում ուժեղանում է պետության ազդեցությունն ինտերնետի վրա: Իսկ ԵՏՄ մտնելով՝ ոչ միայն ազատության կղզյակ ենք ցանցի տեսանկյունից, այլև մեր գործընկերները գնալով վատացնում են իրավիճակն իրենց երկրներում»։

Նրա խոսքով՝ պետությունը կարող է գաղտնիացնել այնպիսի բաներ, որոնք չպետք է լինեն գաղտնի. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա շատ տարածված պրակտիկա է, այսինքն՝ արգելափակում են տեղեկատվությունը, որ հանգիստ աշխատեն: Բայց մյուս կողմից՝ հասկանալի է, որ, եթե դու պատերազմական իրավիճակում ես, ինչ-որ տիպի տեղեկատվություն ոչ միայն վերացական գաղտնի պետք է լինի, այլ կարող է վտանգել նաև զինվորների կյանքը: Այս առումով մեզ մոտ խնդիրներ կան, որովհետև կան լրագրողներ, որոնք այս տարիների ընթացքում բանակի հետ են աշխատել, ու իրենց մոտ ձևավորվել են ընդհանուր մոտեցումներ: Բայց երբ մտնում ես պատերազմական իրավիճակի մեջ, ռազմական լրագրությամբ սկսում են զբաղվել մեծ քանակի լրագրողները, ու առաջանում է մի հարց՝ որտեղի՞ց լրագրողն իմանա՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ: Լրագրողները պետք է հստակ ուղեցույց ունենան»:

Մեդիափորձագետի կարծիքով, սակայն, կարևոր է, որ լրագրողական համայնքն էլ իր իրավունքները պաշտպանի. «Միայն բանակը չպետք է լինի թելադրողը՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ: Զինվորականները միշտ ձգտում ունեն հնարավորինս շատ փակել, որ ոչ ոք չխանգարի իրենց գործը: Բայց այդ գործը միայն պատերազմը չէ, վերջ ի վերջո, մենք խաղաղ վիճակում էլ ենք ապրելու, այդ ժամանակ նմանատիպ արգելափակումներից կսկսեն օգտվել բանակի այն ներկայացուցիչները, որոնք ավելի շատ հակված են ոչ թե պատերազմի մասնակցել, այլ կոռուպցիայի մաս լինել: Այնպես որ, կարևորագույն խնդիրն այն է, որ լրագրողական համայնքն ու բանակն այս ամենի շուրջ քննարկումներ անցկացնեն, ու հստակություն լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս