Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի դիմումը Եվրոպական Հանձնաժողովի նախագահությանը

«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը և անձամբ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը խստորեն դատապարտում են ԵՄ և Եվրոպական Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը՝  հեռացնելու «Աղետ» մշակութային նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը ԵՄ պաշտոնական կայքից, որն իր նկարագրության մեջ պարունակում էր «Ցեղասպանություն» բառը։

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի գնահատմամբ, Եվրոպական Հանձնաժողովը և ԵՄ-ն՝ ենթարկվելով Թուրքիայի կողմից կիրառված ճնշմանը և սադրանքներին, վերոնշյալ քայլով դառնում են Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական ճշմարտության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության իրագործման գործիքը, որը շատ ցավալի է։ Սա նշանակում է դառնալ հանցագործության մեղսակից և հետևանքները ծածկող կողմ՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության աչքի առջև։

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը հայտնում է իր խորին հիասթափությունը տեղի ունեցածի առթիվ, և իր պահանջն է ներկայացնում Եվրոպական Հանձնաժողովին՝ անհապաղ վերանայելու ընդունված որոշումը և վերականգնելու փաստերն իրենց ճիշտ անունով կոչող էջի պարունակությունը։»

Պարզաբանում

Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի, որ ԵՄ մի շարք երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ․ տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն», այդ թվում՝ Սլովակիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը, Լատվիան, Ավստրիան, Բելգիան, Շվեյցարիան, և այլ միջազգային կազմակերպություններ, որոնց թվում՝ Եվրախորհրդարանը և Եվրոխորհուրդը, Ցեղասպանագետների Միջազգային Ասոցիացիան:

ԵՀՄՖ-ն հայտնում է իր շնորհակալությունն այն առթիվ, որ այնուամենայնիվ Թուրքիայի բողոքները որևէ կերպ չեն անդրադարձել մշակութային նախագծի անխափան ընթացքի վրա, սակայն մենք հաստատապես պահանջում ենք վերոնշյալ միջադեպի շտկումը, քանզի առանց ճշգրիտ նկարագրության, միջոցառումը կորցնում է իր մեջ կրած իմաստը և բովանդակությունը։ «Աղետ» նախագիծը նպատակ ունի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հիշել տեղի ունեցած պատմական փաստը և արվեստի միջոցով հաշտեցման օրինակ հանդիսանալ՝ միավորելով հայ, թուրք, գերմանացի և մի շարք այլ ժողովուրդների երաժիշտների։

Ստորև ներկայացնում ենք տեղի ունեցած սկանդալի պատմությունը

Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ի երեկոյան, Դրեսդենի սիմֆոնիկ նվագախումբը Hellerau Թատրոնում հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը 101-րդ տարելիցին նվիրված «Աղետ» կոչվող համերգով։ 3 մասից բաղկացած համերգը լսելու հնարավորություն ունեցան հարյուրավոր մարդիկ, իսկ տոմսերն ամբողջովին վաճառված են եղել։ Այս նախագիծը գրավեց հասարակության ուշադրությունն այն բանից հետո, երբ Թուրքիան վեր հանեց իր բողոքներն ապրիլի 30-ին տեղի ունենալիք կատարման շուրջ՝ Եվրոհանձնաժողովից պահանջելով դադարեցնել այս պրոյեկտին 200 000 եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը։ Չնայած պաշտոնական Անկարայից ստացված բողոքներին, համերգն այնուամենայնիվ տեղի ունեցավ։ Ընդմիջումներին հանդիսատեսին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու լուսանկարչական ցուցադրության, որտեղ ներկայացվել են Հայաստանի և միաժամանակ Ցեղասպանության մասին լուսանկարներ։

Դրեսդենի նվագախմբի դիրիժոր Մարկուս Ռինդտի «Աղետ» նախագիծը մեկնարկել է 2015թ․նոյեմբերի 27-ին և 28-ին՝ Բեռլինի Radialsystem V սրահում։ Ռինդտը միավորել է երաժիշտներ Հայաստանից (Vache Sharafyan), Թուրքիայից (Zeynep Gedizlioğlu), Գերմանիայից (Helmut Oehring), ինչպես նաև մի շարք այլ երկրներից (Սերբիա, Լեհաստան և այլն)՝ նպատակ ունենալով այս նախագծի միջոցով վերհիշել այն, ինչ տեղի է ունեցել 101 տարի առաջ և դրանով հանդես գալ որպես հաշտեցման խորհրդանիշ։ Դրեսդենում տեղի ունեցած այս համերգից հետո ծրագիրն իր համերգային շարունակությունը կգտնի Բելգրադում, Երևանում և Ստամբուլում։

«Աղետ»-ի միջոցով երաժիշտ Մարկ Սինանը ունկդրին է հասցնում իր հայ տատիկի պատմությունը, ով լինելով փոքրիկ աղջնակ, վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Կոմպոզիտոր Հելմուտ Օհրինգի հետ միասին Սինանը գրել է երաժշտությունը նվագախմբի համար։

Թուրքիան բողոք է ներկայացրել, նշելով, որ Եվրոհանձնաժողովի պաշտոնական կայքում «ցեղասպանություն» բառի կիրառումը վիրավորական է իրենց համար, քանի որ Թուրքիան հրաժարվում է Օսմանյան Կայսրությունում 1915թ-ին տեղի ունեցածը համարել ցեղասպանություն հայ էթնիկ խմբի հանդեպ և Թուրքիայում ապօրինի է համարվում այդ բառի կիրառումը վերը նշված իրադարձությունները բնորոշելու նպատակով։

Եվրոպական Միությունը, ինչպես երևում է, ենթարկվեց վերոնշյալ ճնշումներին և իր պաշտոնական կայքից հեռացրեց համապատասխան էջերը, սակայն չդադարեցրեց «Աղետ» մշակութային նախագծի ֆինանսավորումը։

«Նախագիծը նկարագրող ձևակերպումների շուրջ վեր բարձրացված մտահոգությունների պատճառով, հանձնաժողովը ժամանակավորապես հեռացրել է այն», – նշել է ԵՄ խոսնակը, ավելացնելով․«նախագծի նոր նկարագրությունը կհրապարակվի մոտակա օրերին»։

Դրեսդենի նվագախմբի դիրիժոր Մարկուս Ռինդտը այս պահանջը որակել է որպես «խոսքի ազատության հանդեպ ոտնձգություն» և ասել, որ Թուրքիան պարզապես չի ցանկանում, որպեսզի որևէ մեկն իմանա այս իրադարձությունների մասին։

Այս դեպքը Թուրքիայի կողմից ԵՄ և նրա անդամ պետությունների վրա գործադրվող ճնշման ակնհայտ շարունակությունն է, որը նպատակ ունի լռեցնելու արտահայտման ազատությունը։

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում

Տեսանյութեր

Լրահոս