Բաժիններ՝

Ինչպես է պայթեցվել 63 համարի ավտոբուսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մի շարք հանգամանքներ, դեպքի պահին ավտոբուսում գտնված բոլոր անձանց ինքնությունը։

Քննությամբ հիմնավորվել է, որ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի։ Վարորդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նույն օրը պարզվել է պայթյունի պահին ավտոբուսում գտնված վարորդի և 8 ուղևորների (7 վիրավորների և 1 զոհի) ինքնությունը։ Անհետագելի քննչական գործողությունների շրջանակներում նշված 9 անձանց բնակարաններում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում քննության համար հետաքրքիր որևէ առարկա չի հայտնաբերվել, տեղի ունեցած պայթյունին նրանց առնչության վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չի բերվել, և նրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածը հերքվել է։

Քրեագետների հետ միասին դեպքի վայրում կատարվել է զննություն, որի արդյունքում, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որը չի պատկանել նշված 9 անձանց։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 2 դատվածություն ունեցող Ռուբեն Բալյանը, ինչպես նաև՝ նրա բնակության վայրը։

Վերջինիս և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն և համեմատության համար փորձագետներին տրամադրվել է Ռ. Բալյանի մոր արյան նմուշները, իսկ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նշանակված փորձաքննությամբ փաստվել է, որ դիակը պատկանում է Ռուբեն Բալյանին։

Ռ.Բալյանին պատկանող՝ Ձորաղբյուրում գտնվող տանը, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է դեղնաշագանակագույն պայթյունավտանգ նյութ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, բազմաթիվ պայթագլաններ, դետոնատորներ, պայթուցիչներ, քուղեր (фитиль), տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝ էլեկտրասարքավորումներ՝ տրանզիստորներ, ռելեներ և այլն:

Հայտնաբերված առարկաներից նույնպես վերցվել են փորձանմուշներ, և նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանց վրա առկա է Ռ.Բալյանի ԴՆԹ-ն։

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների և ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

Թիվ 63 երթուղու երկայնքով առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռ.Բալյանը թիվ 63 երթուղու ավտոբուսը բարձրանալիս իր հետ ունեցել է ուսապարկ։

Պայթյունի առաջացման պատճառը, օջախը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հարցերը պարզելու համար նշանակվել է դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Թիվ 63 երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի 48-29Տ հաշվառման համարանիշի ավտոբուսում պայթյունը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բանուկ մասում՝ թիվ 15-րդ շենքի դիմացի հատվածում։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև Ռ.Բալյանի տան խուզարկությամբ առգրավված պայթուցիկ նյութերի, փամփուշտների ձեռք բերման աղբյուրը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս