Բաժիններ՝

«Եթե սկզբում ես կարող էի հայհոյել այստեղից հեռացողներին, կեսից հասկացա, որ հայհոյելու իրավունք չունեմ…». Հարություն Խաչատրյան

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ վավերագրող ռեժիսոր, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Փակուղի» ֆիլմի երևանյան պրեմիերան: «Փակուղին» Հարություն Խաչատրյանի հեղինակային «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեռուստավավերաշարի երկրորդ ֆիլմն է, որ պատմում է տարբեր տարիներին և տարբեր առիթներով Հայաստանը լքած հայերի մասին:

Ֆիլմին նախորդող հանդիպման ընթացքում հեղինակ Հարություն Խաչատրյանը լրագրողներին պատմեց, որ ֆիլմաշարի նկարահանումները սկսել է դեռևս Հայաստանի անկախացումից առաջ, հերոսների կյանքին հետևելով ավելի քան 25 տարի. «Ֆիլմը նկարվել է շատ երկար, դժվար ու ծանր, որովհետև այսպիսի ֆիլմեր նկարելու համար շատ մեծ համբերություն է պետք: Ինչպես մեր երկիրը, այնպես էլ մենք փոխվում էինք: Այս տարիների ընթացքում փոփոխության էր ենթարկվում և´ կյանքը, և´ հերոսը, և´ անխուսափելիորեն դու ինքդ: Կամաց-կամաց փոխվում էր հերոսի կյանքը, նրա վիճակը, փիլիսոփայությունը: Սկզբից մտածում էինք, որ ֆիլմը նկարում ենք տեղի հանդիսատեսի համար, հատկապես նրանց, ովքեր պատրաստվում են ընտանիքներով կամ միայնակ մեկնել այստեղից, որպեսզի նրանք նայեն այս ֆիլմերը և սկսեն մտածել՝ արդյոք ճի՞շտ են անում, որ մեկնելու որոշում են կայացրել, թե՞ ոչ»:

«Փակուղին» Լևոն անունով ավտոմեխանիկի մասին է, ով 1990-ականներին «Գրին քարտ» է շահում և ընտանիքով մեկնում ԱՄՆ: Ռեժիսորը 94 րոպե տևողությամբ ֆիլմի միջոցով ներկայացնում է հերոսի ամերիկյան կյանքի ձեռքբերումներն ու կորուստները, բարդ ու հակասական հարաբերություններն ընտանիքի անդամների հետ.

«Ֆիլմի ընթացքում նույն հերոսն է նկարվել, բայց այնպիսի տպավորություն է, թե 4 տարբեր մարդկանց ես նկարել: Ողջ ֆիլմի ընթացքում տեսնում ենք, թե ինչ տեսակի փոփոխությունների է ենթարկվում մեր հերոսը՝ Լևոնը, այս տարիների ընթացքում: Եթե սկզբում նա շատ հպարտ է, որ մեկնում է այստեղից, մեկնելով՝ հայհոյում է Հայաստանն ու այստեղ մնացող «հիվանդներին», հայաստանյան իշխանություններին, աստիճանաբար փոխում է իր դիրքորոշումն, ու մեկ էլ հանկարծ ֆիլմում տեսնում ենք, որ նա սկսում է հայհոյել ԱՄՆ նախագահին, այլանդակ և օտար բարքերը, որում հայտվել են ինքն ու իր զավակները, հետո սկսում է ինքն իրեն հայհոյել ու հանգում նրան, որ ուզում է վերադառնալ Հայաստան: Թեև, եթե ցանկանաք իմ կարծիքն իմանալ՝ ինքը երբեք այլևս Հայաստան չի վերադառնա»:

Կարդացեք նաև

Ռեժիսորը պատմում է, որ ֆիլմի արտադրության շրջանում՝ 25 տարիների ընթացքում, ինքն անձամբ շատ է փոխվել, մի քիչ անվստահ է դարձել, անընդհատ կարիք ունեցել լսելու ընկերների կարծիքները, նկատողություններն ու առաջարկությունները.

«Եթե սկզբում ես կարող էի հայհոյել այստեղից հեռացողներին, ֆիլմի նկարահանումների կեսից հասկացա, որ հայհոյելու իրավունք չունեմ, հետո սկսեցի հասկանալ, որ իմ հայհոյանքները բոլորովին այլ հասցեատերեր ունեն, հետո հասկացա, որ ես էլ եմ մեղավոր, հետո հասկացա, որ ոչինչ չենք արել: Այն, որ ես 25 տարի շարունակ ֆիլմեր եմ նկարահանում արտագաղթի մասին, պարզվում է՝ սա այնքան էլ մեծ գործ չի, որ արել եմ՝ կանխելու համար այդ չարիքը մեզանում: Գուցե ես սխալվել եմ և 25 տարիների ընթացքում պետք է նկարեի ոչ թե՝ 2-3 ֆիլմ, այլ ամեն տարի՝ մեկը՝ հաշվի չառնելով, որ դրանք պետք է լինեն արվեստի գործեր կամ խորը փիլիսոփայական ուղերձներ ունենան, այլ՝ հրատապ լրագրություն, որը, կարծում եմ՝ մեծ զենք է: Ես ավելի շատ նկարահանում էի սոցիոլոգի հայացքով և մոտեցմամբ ու հասկացա, որ շատ մարդիկ, ովքեր կարող էին նայել չնկարված ֆիլմերը, ու մտածեին, անհանգստանային, վերանայեին իրենք հեռացումի որոշումը, ես ուշացրեցի, չհասցրեցի»:

Խոսելով ֆիլմի գեղարվեստական արժանիքների, կինոլեզվի մասին, ռեժիսորն առանձնացրեց.

«Չէի ցանկանում՝ մեծ կինոֆոկուսներ լինեին այս ֆիլմում՝ զարմանալի մոնտաժ, ռեժիսորական զարմանալի լուծումներ և այլն: Պարզապես ցանկացել եմ պարզ, իրական մարդու լեզվով մարդկային պատմություն ցույց տալ, որին կլսեն, կհավատան ու կկասկածեն իրենց հեռանալու որոշումների վրա: Կարող է պատահի՝ այս ֆիլմը նման չլինի իմ նախորդ ֆիլմերին, որովհետև բացի այն, որ աշխատել ենք ֆիլմն անել հավաստի, մի քիչ դանդաղ տեմպի մեջ, այլ նաև այս անգամ նկարել եմ մի ֆիլմ՝ հեռուստատեսության ու հեռուստադիտողի համար: Սա ինձ համար արվեստի գործ չէ, ոչ այնպիսի մի ֆիլմ, որով ես կհպարտանամ՝ ցուցադրելով աշխարհի տարբեր երկրներում, այլ իսկապես նկարված է միայն Հայաստանի և հայերի համար: Այս ֆիլմը պե´տք է ու պարտադի´ր է ցուցադրել բոլոր հեռուստաընկերությունների եթերով, և, եթե նրանք չցանկանան այս ֆիլմը ցույց տալ, մենք նույնիսկ պատրաստ ենք վճարել, որպեսզի ամեն հայ մարդ, որ այսօր ապրում է Հայաստանում և ցանկություն ունի հեռանալու այստեղից, նայի ու մտածի»:

Harutyun1

«Փակուղի» ֆիլմի սցենարի համահեղինակ և հնչյունային ձևավորող, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը համոզված է՝ եռապատում հեռուստավավերաշարի ավարտից հետո այն նայելու է ամբողջ աշխարհը. «Այս ֆիլմերը երկար կյանք են ունենալու՝ այն պարզ պատճառով, որ այդտեղ արծարծվող խնդիրները միայն ու միայն այսօրվա մասին չեն, և ո´չ էլ երեկվա մասին՝ թե ո՞ւր են գնում հայերը, ինչո՞ւ են գնում այստեղից, ո՞նց են նրանք ետ գալիս, կամ թե՝ գալի՞ս են նրանք, թե՞ ոչ: Սրանք շատ խորը մարդկային պատմություններ են, և քանի կա մարդը՝ իր հոգսերով ու տանջանքներով, շրջապատող աշխարհի հետ իր հարաբերություններով, այս ֆիլմերն ապրելու են: Ես համոզված եմ, երբ պատրաստ լինեն բոլոր երեք ֆիլմերն էլ (վերջինը նկարահանման ընթացքի մեջ է), ապա մենք՝ երեք տարբեր հերոսների միջոցով, տեսնելու ենք մի ազգի հավաքական կերպարը»:

Տեղեկացնենք, որ «Փակուղի» («Deadlock») ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Vision du Reel» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին՝ Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս