Կայացել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհդի նիստը

Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամները, թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 40 կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտային միության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով թեթև արդյունաբերության ոլորտը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ դա այն ոլորտն է, որը պետք է դառնա Հայաստանի արդյունաբերական քաղաքականության հիմնական ճյուղերից մեկը և ընդգծել, որ թեթև արդյունաբերության ոլորտը հիմնովին վերանայման կարիք ունի, քանի որ այսօր այն ավելի շուտ գտնվում է ճգնաժամային, քան զարգացման/աշխուժացման վիճակում:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր. ներկայացվել է թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016թթ. Գործողությունների ծրագրի ընթացքը, անդրադարձ է եղել «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախագծերին, զեկուցվել է նոր քարտուղարության ստեղծման մասին:

Ծավալուն քննարկում է կայացել ներկայացված բոլոր հարցերի շուրջ: Նշվել է, որ տեխնիկական կանոնակարգմանն առնչվող փոփոխությունների նախագծերի քննարկման, դրանց ընդունման համար ակտիվ պետք է լինեն իրենք` գործարարները, ինչը, ցավալիորեն, չի նկատվում: Կարևորվել է հարցը համակարգող մարմնի և գործարար հատվածի երկխոսությունը, ինչը թույլ կտա գտնել հարցրերի ճշգրիտ լուծումները:

Անդրադարձ է եղել նախապատրաստվող օրենսդրական փոփոխություններին, որոնք առաջիկայում կդրվեն շրջանառության մեջ և դրանց արդյունավետության համար կրկին նշվել է գործարարների առաջարկների անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև մաքսատուրքերին, ԱԱՀ հարկմանն ու վարկային հարցերին առնչվող խնդիրներ:

Ոլորտում առկա խնդիրներից բարձրացվել միջին մասնագիտական կրթության, ոլորտի մասնագետների վերապատրաստաման հարցը:

Նշելով, որ խորհրդի վերջին նիստը կայացել է երկու տարի առաջ, էկոնոմիկայի նախարարը կարևորել է նաև տարբեր ձևաչափերով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա բարձրացված բոլոր հարցերի և առաջարկների վերաբերյալ գտնել արդյունավետ լուծումներ:

Նիստի ավարտին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կողմից տրվել են հասցեական հանձնարարականներ և առաջարկվել է ոլորտի առջև ծառացած խնդիրները գրավոր ներկայացնել նախարարություն` քննարկման և լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս