Բաժիններ՝

Քողարկված հարկահավաքություն. փաստաբանները՝ ավտոմեքենաների տուգանքների մասին

«Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրին դիմել է 611 վարորդ, որոնք իրավաբանական աջակցություն են ստացել, դատական ատյան է ներկայացվել 350 գործ, որից ավարտվել է 120-ը. բոլորն էլ վարորդների համար բարենպաստ ավարտ են ունեցել. մյուս գործերն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ծրագրի ղեկավար Մարիաննա Գասպարյանը:

«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության մասնակից, իրավական փորձագետ Արա Ղազարյանը, ներկայացնելով դատավարությունների ընթացքում նկատված կոնցեպտուալ խնդիրները, ասաց, որ վարչական հիմունքներում գոյություն ունի բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ.«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը սահմանում է, թե որ դեպքերում կարելի է հայցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցում: «Այստեղ բացակայում է գույքային իրավունքը, իսկ դրամական միջոցը գույքային իրավունք է: Իհարկե, այստեղ վրա հասավ նաև նոր օրենքը, որը սահմանում է արդար դատաքննությունը և իրավական պաշտպանության միջոցի բացակայությունը: Շատ հաճախ վարչարարության շրջանակներում անձը հայտնվում է այնպիսի շրջապտույտի մեջ, որ կարելի է ասել, որ նրա համար իրավական պաշտպանության միջոց գոյություն չի ունեցել: Այդ դեպքում արդեն կարելի է հայցել բարոյական վնասի փոխհատուցում, այսինքն՝ պետությունը պետք է վճարի, իսկ դա նշանակում է, որ դա զսպող ազդեցություն կունենա նման խախտումների վրա»:

Արա Ղազարյանն ասաց, որ վարչարարության ընթացքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ անձի վրա դրվում է ապացուցման բեռ, օրինակ՝ ապացուցել, որ ինքը նստած չի եղել ղեկին. «Գիտեք, շատ հաճախ ազգականներն են մեքենան վարում, բայց օրենքը սահմանել է կանխավարկած, որ անկախ նրանից՝ մեզ հաջողվե՞ց պարզել, թե ով է ղեկին նստած, թե՞ ոչ (մինչդեռ տեխնիկայի աննախադեպ հնարավորություններ ունեն՝ տեսաձայնագրող սարքեր և այլն, քաղաքում գուցե չի մնացել քառակուսի մետր, որ չտեսաձայնագրվի), նման պայմաններում պետությունն իր վրայից թոթափում է ապացուցման բեռը, թե ղեկին ով է նստած, և մեխանիկորեն պատասխանատվության է ենթարկում սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Մենք կարծում ենք՝ սա անհամաչափ և ոչ անհրաժեշտ բեռ է սեփականատիրոջ վրա: Մենք առաջարկում ենք մեխանիզմներ, որով այս խնդիրը պետք է լուծվի:

Հատկապես խնդրահարույց է, երբ ղեկին նստած է կինը կամ ամուսինը: Այդ դեպքում, որպեսզի իր վրայից հանի այդ բեռը և ապացուցի, նա ստիպված պետք է ցուցմունք տա իր կնոջ «վրա», եթե քրեաիրավական տերմիններով խոսենք: Դա անձին մի կողմից՝ դնում է անհարմար վիճակի մեջ, մյուս կողմից՝ ստացվում է՝ նա չի կարող ապացուցել, որ խախտում չի կատարել: Լուծումը պետք է առաջարկի պետությունը, իսկ վարչարարության ամբողջ փիլիսոփայությունը կառուցված է հիմքի վրա, որ անձը պարտավոր է փաստ ներկայացնել, իսկ պետությունը պարտավոր է ապացուցել: Այս դեպքում տեղի է ունենում հակառակը՝ ստիպում են, որ վարորդն ապացույց ներկայացնի, և պետությունը սպասում է, մինչև կներկայացվի այդ ապացույցը: Եթե՝ ոչ, աշխատում է կանխավարկած՝ ուրեմն դու մեղավոր ես»:

Կարդացեք նաև

Փաստաբան Դավիթ Ասատրյանն ասաց, որ դատավարությունների ընթացքում հայտնաբերել են որոշակի իրավական բացեր, խնդիրներ դատական պրակտիկայում, իրավական ակտերում: Նա նշեց, որ մեծաքանակ վարչական ակտեր են կայացվում. 2014թ. հունվարից մինչև 2015թ. հոկտեմբեր ամիսը միայն Ճանապարհային ոստիկանության կողմից 2.5 մլն վարչական ակտ է կայացվել, իսկ քաղաքապետարանի կողմից ավտոկանայատեղի համար 200 հազար ակտ է կայացվել. «Վարչական ակտերի այդ տարափը հստակ նպատակ ունի՝ նյութական նպատակ՝ գումարի գանձում: Եվ շատ դեպքերում վարչական մարմինների կողմից իրականացված գործողությունները ոչ թե վկայում են, որ նրանց նպատակը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված դաստիարակիչ բնույթն է, այլ՝ գումարի գանձումը»: Որպես օրինակ՝ փաստաբան Դավիթ Ասատրյանն ասաց, որ շատ դեպքերում, երբ իրավախախտում կատարողը գույք չունի, պատասխանատվության է ենթարկվում սեփականատերը. այդպիսի դեպքեր գրանցվում են հատկապես տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններում:

Անդրադառնալով վարչական ակտերի թվին՝ Արա Ղազարյանն ասաց, որ ստիպված ենք կրկին առաջ քաշել թեզը, ենթադրությունը կամ հրապարակային միտքը, որ սա քողարկված հարկահավաքություն է. վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը՝ Արա Ղազարյանն ասաց, որ նման աննախադեպ քանակով տույժերը խոսում են այն մասին, որ վարչարարության սկզբունքները համաչափորեն չեն կիրառվում. «Եթե 2 մլն-ից ավելի տույժ ունենք և 300 հազար վարորդ, դա նշանակում է, որ տույժերը համատարած են կիրառվում, այսինքն՝ եթե տույժը պետք է բացառություն լինի, իսկ նախազգուշացնելը կամ ճիշտ ուղու վրա դնելը, բացատրելը՝ օրինաչափություն, ապա տեղի է ունենում՝ տույժը դարձել է օրինաչափություն, և, եթե մենք ունենք 1000 գործ, դրանցից գուցե 1-2-ով է, որ ոստիկանը մոտենում է և նկատողություն անում, քաղաքացուն թողնում է՝ գնա: 10-ից 9-ի, 100-ից 90-ի դեպքում կտեսնենք տույժի ենթարկելու, պատժելու ցանկություն: Սա անհամաչափ վարչարարություն է, որը սոցիալական դժգոհություն է առաջացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս