Հնարավոր է՝ ԱՄՆ-ում ԼՂՀ հաշտության շուրջ համաձայնություն ձեռք բերվի

Մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հյուրընկալելու է Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցող առաջնորդների շարքում են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ովքեր, հնարավոր է՝ հանդիպեն։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն, ըստ էության, կլինի ոչ միայն ԱՄՆ նախագահության ներքո, այլև ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ նախաձեռնողական քաղաքականության ֆոնին։

Եվ ըստ որոշ արևմտյան փորձագետների՝ չի բացառվում, որ Օբաման իր դրական և պատմական դերակատարությունն ունենա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Հիշեցնենք, որ

ԱՄՆ-ն է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման նախաձեռնողը։ Ուշագրավ է նաև այն, որ օրերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին հաջողվեց, առաջիկա կրոնական տոների հանգամանքը հաշվի առնելով, կողմերին համաձայնեցնել հրադադարի խախտումներից զերծ մնալ, ինչը բավականին նշանակալի իրադարձություն է հակամարտության պատմության ընթացքում, հաշվի առնելով նաև դրանում Մոսկվայի զրոյական դերակատարությունը։ Վերջին օրերին Ադրբեջանն Արևմուտքի հետ մերձենալու փորձեր ևս անում է՝ ազատ արձակելով քաղբանտարկյալներին, փորձելով հարթել հարաբերություններն Արևմուտքի հետ, թեև այս ամենին զուգահեռ՝ շարունակվում են Ռուսաստան-Ադրբեջան սպառազինության նոր խմբաքանակի գործարքները և տեսակետներ են շրջանառվում, որ այսօր, առավել քան երբևէ, Մոսկվան ունի Բաքվի կարիքը, և չի բացառվում, որ «զոհաբերի» հայկական շահերը հանուն Ադրբեջանի։

«168 Ժամի» հետ զրույցում, աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները վերլուծելով, REX և Regnum լրատվական գործակալությունների սյունակագիր, ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս անգամ այդ հանդիպման կայացման հարցով շատ ավելի հետաքրքրված է ոչ թե՝ Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», և պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրչիկի նախաձեռնությանը։

Ըստ Տարասովի՝ Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից «կերոսինի հոտ է գալիս», իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան այնքան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, Իրանի և խորտակվող Թուրքիայի միջև։

«Ի դեպ, Իրանին ևս չի հաջողվում խաղի մեջ մտցնել, քանի որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում պատմականորեն լուրջ անվստահություն կա։

Աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է Բաքվի համար, և նրանք փորձում են ինչ-որ կերպ դուրս գալ իրավիճակից։ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք դեռ վերջերս մտածում էին, որ պատմական քամու տակ են ընկել, համոզվեցին, որ դա այդպես չէ, նրանք այսօր ծեծված և ընկճված վիճակում են՝ հազիվ պահպանելով իրենց իշխանությունները։ Այսօր ամերիկացիներն արդեն ակնհայտ կերպով թուրքերին խորհուրդ են տալիս Էրդողանին հեռացնել, իսկ ԵՄ-ն վերջին շրջանում նսեմացրեց Ադրբեջանին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

Եվ քանի որ կա Էրդողանին հեռացնելու վտանգը, Ալիևը ցանկանում է հաճոյանալ Արևմուտքին, Ալիևի շահերը լոբբինգի է ենթարկում Լոնդոնը։ Ի դեպ, նշեմ, որ Ռուսաստանը չի մասնակցում այդ վեհաժողովին, բայց ի՞նչ է՝ Հայաստանն ու Ադրբեջանը միջուկային տերություննե՞ր են։ Դա բեմականացում է։ Իմ տեղեկություններով՝ ամերիկացիները կարգավորման հստակ պրոյեկտ չունեն։

Միակ բանը, որ կարող է լինել, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն աջակցեցին Կասպրչիկի ծրագրին, հնարավոր է, որ պայմանավորվեն հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ, բայց Ադրբեջանը խոսում է 1994թ. տարբերակի մասին, բայց այդ համաձայնագիրն ու արձանագրությունը ստորագրել էին Բաքուն, Ստեփանակերտն ու Երևանը։

Իսկ ինչպե՞ս են նրանք ստորագրելու համաձայնագիր առանց Ստեփանակերտի այսօր։ Բոլոր հարցերում մեթոդոլոգիական ձախողումներ են։ Ադրբեջանը փորձում է պարզապես նոր խաղադրույքներ անել»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը։

Ինչ վերաբերում է մերձավորարևելյան իրադարձություններում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ռուսաստանի դերակատարությանը, ռուս վերլուծաբանն ասաց, որ Ռուսաստանը մտավ Սիրիա և, թեև հայտարարեց իր կոնտինգենտի մի մասի դուրսբերման մասին, մնաց այնտեղ և, դատելով ամենից, դեռ երկար կմնա, և այն հակամարտությունը, որը շարունակվում է Թուրքա-Սիրիա-Իրաք սահմանին, մեկ տարվա հակամարտություն չէ։

«Ուշադրություն դարձրեք, որ ռուսները հրաժարվեցին մինչև վերջ վերացնել ԻՊ-ը, ռուսներն ասացին, որ դա պետք է Ասադն անի, Արևմուտքը հրաժարվեց, ներկայումս հինգ արևմտյան երկրներ կան, որոնք այդ հարցով են զբաղվում, և Ռուսաստանը, Իրանը, Դամասկոսը, այս բոլոր երկրները պատերազմում են ԻՊ-ի դեմ, սակայն չեն կարողանում հաղթել։ Իսկ ինչո՞ւ։ Եթե գտնեք այս հարցի պատասխանը՝ կգտնեք նաև այն հարցի պատասխանը, թե ինչու Ադրբեջանն ընդմիշտ պարտվեց Ղարաբաղը»,- ասաց Տարասովը։

Վերջինիս կարծիքով՝ ընթանում է մերձավորարևելյան քարտեզի տակտիկական վերադասավորում։

«Այդ տարածաշրջանին մոտ բոլոր երկրներն իրենց նախկին սահմաններով գոյություն չեն ունենալու, խոսքը նաև Ադրբեջանի մասին է, Սիրիայում ևս չի հաջողվելու պահպանել մեկ պետություն, հայտնվում է նոր տարածաշրջան՝ Քրդստան, հարց է առաջանում, քանի որ դա ոչ միայն Սիրիա, Իրաք, Թուրքիա է, այլև Իրան։ Այսինքն՝ խառնաշփոթ է, որում բոլորն են խառնված»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս