Բաժիններ՝

Էրդողանը սպառնում է փակել Թուրքիայի Սահմանադրական դատարանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի Սահմանադրական դատարանը, որը վճռել էր ազատ արձակել ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներին, որոնք բացահայտել էին թուրք իշխանությունների ու Սիրիայի ջիհադիստների կապը, որոշում է կայացրել «ընդդեմ իր երկրի», հաղորդում է Euronews-ը:

«Ներողություն, բայց ես արդեն ասել եմ՝ ես չեմ հարգում ինստիտուտի որոշումը, որը չի հարգում այդ երկրի ժողովրդի իրավունքներն ու շահերը: Ես հուսով եմ՝ Սահմանադրական դատարանը այլևս չի փորձի այնպիսի բան անել, ինչը կստիպեր քննարկել նրա գոյությունը կամ լեգիտիմությունը»,- հայտարարել է երեկ Էրդողանը՝ հանդես գալով Թուրքիայի Բուրդուր քաղաքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դունդարին և Անկարայի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին:

Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը կալանավորվել էին 2015թ. նոյեմբերին ռեպորտաժի հրապարակման համար, որում ասվում էր, թե թուրքական իշխանությունները փորձել են սպառազինություն մատակարարել Սիրիայի իսլամիստներին:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նրանց դեմ մեղադրանքները խախտում են խոսքի ազատությունը:

«Սա դատ է ազատ խոսքի նկատմամբ: Մենք ազատ ենք արձակվել, բայց մեր ավելի քան 30 գործընկերները դեռևս գտնվում են բանտում: Հուսով եմ՝ այս որոշումը ճանապարհ կհարթի նրանց ազատության համար»,- հայտարարել է Դյունդարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս