Բաժիններ՝

«Չգիտեմ ինչ պիտի լիներ, որ ես փոխվեի». Մկրտիչ Արզումանյան

«Արմենպրես»-ի և «Լոֆթ»-ի համատեղ «Հարցազրույց» նախագիծն այս անգամ հյուրընկալել է սիրված դերասան և պարզապես հրաշալի մարդ Մկրտիչ Արզումանյանին:

– Երբ տարիներ առաջ առաջին քայլերն էիք կատարում կինոյի ոլորտում, ինչպե՞ս էիք պատկերացնում ձեր կարիերան: Եթե հետ հայացքով նայեք, արդյո՞ք հասել եք այն նպատակներին, որոնք ձեր առաջ դրել էիք:

– Կարծում եմ՝ իր գործը սիրող և հարգող մարդը իրավունք չունի մտածել, թե ինչ որ բանի հասել է և դա բավական է, կապ չունի, թե որ ոլորտում, քանի որ, երբ մարդը սկսում է նման կերպ մտածել, նրա մոտ անկում է սկսվում: Նույնպես ինձ մոտ է: Տարիներ առաջ ես անգամ չէի կարող պատկերացնել, որ հանդես կգամ տարբեր նախագծերում, որոնց մասին կարող էի անգամ երազել, բայց այդ ամենով պետք չէ եզրափակվել, անընդհատ պետք է անել ավելին, կատարելագործվել և սովորել, որովհետև ցանկացած տարիքում մարդը պիտի սովորի: Ցանկացած տարիք ունի իր ընկալման աստիճանը:

– Դուք Ձեր կյանքում կերտել եք բազմաթիվ կերպարներ, խաղացել եք տարբեր ներկայացումներում: Կա՞ Ձեր կարիերայի ընթացքում մի շրջան, որտեղ կցանկանայիք վերադառնալ:

Կարդացեք նաև

– Հաճախ հիշում եմ «Mea Culpa – Իմ մեղքը» ներկայացումը, այդ ընկերական միջավայրը, այն ժամանակ բոլորովին այլ շունչ կար: Անցյալը միշտ ուրիշ կերպ է ընկալվում, կային լավ և դժվար ժամանակներ: Օրինակ 7,5՝ «յոթ ու կես» նախագիծն էր շատ հետաքրքիր ինձ համար, ու այն կայացավ:

– Օրերս տեղի ունեցավ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերան: Ի՞նչ արձագանքներ կան:

– Շատ էի սպասում գործընկերներիս կարծիքներին. արձագանքները շատ դրական են: Տիգրան Համբարձումյանը, Աշոտ Աբրահամյանը՝ ֆիլմի սցենարիստը և ստեղծագործական պրոդյուսերը, ինչպես նաեւ՝ ես, փորձել ենք չստիպել ակնդիրին ամեն վայրկյան ծիծաղել և դերասաններին՝ ամեն վայրկյան ծամածռվել: Նաեւ՝ չենք փորձել օգտագործել փողոցային խոսակցական լեզուն՝ հանդիսատեսի համար ֆիլմը գրավիչ դարձնելու նպատակով: Մենք ստեղծել ենք այն ֆիլմը, որ մեր երեխաները, մեր ընկերները կդիտեն, և մենք չենք ամաչի դրանից: Հանդիսատեսին ծիծաղեցնելու հնարքներ գիտեմ, երկար ժամանակ զբաղվել եմ դրանով, սակայն «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում ես գնահատում եմ ավելի շատ հուզական էպիզոդները, որոնք տեսնելով հասկանում եմ, որ դրանք ստացված են: Ինձ համար դա մեծ հաղթանակ է:

– Իվետա Մուկուչյանը, չունենալով դերասանական կրթություն, կարողացա՞վ, ըստ Ձեզ, լիարժեք կերտել Սաթենիկի կերպարը և ճիշտ մատուցել հանդիսատեսին:

– Մենք չէինք կարող գնալ այդ ռիսկին՝ չանցնելով երկար ճանապարհ: Չեմ մտաբերում մի օր, որ փորձ արած չլինենք: Երբ Իվետան Հայաստանից դուրս էր, «Skype» -ով էինք փորձերն անում: Իվետան շատ տաղանդավոր և աշխատասեր մարդ է, ամեն փորձից հետո ես զգում էի, որ նա մի քայլ առաջ գնաց և արդյունքում կերտեց Սաթենիկի կերպարը:

– Դուք մի առիթով ասել էիք, որ կրկնվելը դերասանի և առհասարակ ստեղծագործող մարդու համար արհավիրքի, լճացման, ինքնասպանության նման է: Երկար ժամանակ հանդես գալով կատակերգական ժանրում՝ մտավախություն չունե՞ք, որ կմոտենաք այդ ձեր նշած կրկնվելու սահմանին:

– Մտավախություն միշտ կա, ցանկացած նախագծում: Նույնիսկ մտավախությունը կա ավելի շատ այն ժամանակ, երբ նույն կերպարը մի քանի անգամ խաղացել ես: Այդ զգացողությունը հաճախ լինում է հեռուստատեսային նախագծերում, երբ անընդհատ պետք է հանդես գալ, օրինակ, պետավտոտեսուչի, ոստիկանի կամ բժշկի դերում: Նույն մասնագիտության տեր մարդկանց պետք է ներկայացնել տարբեր ձեւով, միշտ պետք է նոր գույներ հաղորդել կերպարներին: Ամեն դեպքում՝ կարևոր է չկրկնվելը:

– Չե՞ք պատրաստվում ձեզ այլ ժանրում փորձել: Որքան տեղյակ եմ, դրամատիկ դեր խաղալու առաջարկներ ունեք:

– Այս շրջանում ինձ համար երևի թե ամենասիրելի զբաղմունքն է՝ կերտել դրամատիկ կերպար: Նման հնարավորությունները ես բաց չեմ թողնում: Դերասանի համար չպետք է լինի տարբերություն, բոլոր ժանրներն էլ դերասանի համար են: Դրամատիկ կերպարում հանդես գալու փորձ ունեցա՝ խաղալով դատավորի դեր՝ Մհեր Մկրտչյանի «Հաջողակները» ֆիլմում, որն այժմ արտադրության փուլում է: Բոլորովին այլ զգացողություններ էին, և հասկացա, որ այս ժանրը ես ավելի շատ սիրեցի: Հանդիսատեսի համար, իհարկե, անսովոր կլինի:

– Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ի՞նչ նոր ծրագրեր, ֆիլմեր, միգուցե՝ հեռուստանախագծեր կարող է սպասել հանդիսատեսը:

– Հրաշալի փորձ էր ինձ համար «Տնփեսա» հեռուստանախագիծը, որտեղ ես միանգամից մարմնավորում էի երկու կերպար` Կորյունին և պապիկին: Բավականին բարդ էր ինձ համար, և արեցի ամեն ինչ, որպեսզի նրանք չկրկնվեն: Հեռուստատեսային նոր նախագիծ ստեղծելու համար կան բազմաթիվ մտքեր, և դրանցից մեկը, կարծում եմ, մոտ ապագայում կիրագործվի:

– Դուք բավական ճանաչված, սիրված դերասան եք, բայց, միևնույն ժամանակ, համեստ անձնավորություն: Ձեզ շրջապատող մարդիկ են հաճախ նշում ձեր համեստությունը, կյանքում ավելի զուսպ լինելը: Ինչպե՞ս է ստացվել, որ հեղինակությունը, ճանաչվածությունը ձեզ չի փոխել:

– Չգիտեմ, թե ինչ պետք է լիներ, որ ես փոխվեի: Մինչ այսօր շփվում եմ դպրոցական ընկերներիս հետ, կարոտում եմ նրանց: Ճիշտ է՝ հաճախ չենք հանդիպում, բայց միշտ զանգում ենք մեկս մյուսին: Շատ եմ սիրում, երբ ինքս գնում եմ, օրինակ, խանութ, շփվում եմ ծանոթ վաճառողների հետ և նրանցից շատ բան եմ քաղում. դա իմ կյանքի անփոխարինելի մասն է: Դու իրավունք չունես չհարգել քո լսարանին, որովհետև երբ մարդը մոտենում և բարևում է քեզ, ցանկանում է խոսել կամ լուսանկարվել, դրանից երջանիկ եմ, որովհետև դա նշանակում է, որ այն, ինչ ես անում եմ գնահատվում, ընդունվում և սիրվում է: Ցանկացած պարագայում պետք է մարդ մնալ:

– Կա՞ հայկական կինոյում կամ թատրոնում այնպիսի դերասան, ով ազդեցություն է թողել և ոգեշնչել է Ձեզ:

Խորեն Աբրահամյանը և Մհեր Մկրտչյանը:

Լևոն Դադասյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս