Բաժիններ՝

Այո՝« Ставка на Любовь», բայց մերն ուրիշ է…

Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արտյոմ Միխալկովի «Ставка на Любовь» նոր ռոմանտիկ կինոկատակերգության երևանյան պրեմիերան: Նշենք, որ Արտյոմ Միխալկովը հայտնի ռուս կինոգործիչ Նիկիտա Միխալկովի որդին է:

Ֆիլմը նկարահանված է հայկական «Poker.am» ֆիլմի սյուժեի հիման վրա: «Ставка на Любовь» կատակերգության դերասանական կազմից պրեմիերային ներկա էր ֆիլմի միակ հայ հերոսը՝ Հովհաննես Ազոյանը: Ֆիլմում Հ. Ազոյանի ձայնը կրկնօրինակված է, ինչը, սակայն, մեզ բոլորիս հայտնի Հովոյին նոր և «ռուսացած հայի» շարմ էր հաղորդում: Իրապես հետաքրքիր էր տեսնել, տվյալ դեպքում՝ լսել Հովոյին նորովի: Այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում հայ դերասանների և կինոսերների պակաս չէր զգացվում: Բոլորն անհամբեր սպասում էին դիտել և, ինչո՞ւ ոչ, նաև համեմատել հայկական «Poker.am» և ռուսական «Ставка на Любовь» ֆիլմերը:

Hovo (4)Պրեմիերային ներկա էր նաև «Poker.am»-ի գլխավոր դերակատարներից ռեփեր Միշոն, որի հերոսին ֆիլմում փոխարինում է ռուս հայտնի դերասան Անդրեյ Բուրկովսկին: Անդրեյին հայ հանդիսատեսը ծանոթ է «Վերջին Մոհիկյանը» հեռուստաֆիլմից, որտեղ վերջինս կատարում է Հրանտ Թոխատյանի մարմնավորած կերպարի փեսայի դերը:

Անդրեյի հերոսը «Ставка на Любовь» ֆիլմում հաճախակի կատակում է իր հայ ընկերոջ թերությունների շուրջ, և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են բոլորի հայ ընկերները նորմալ, իսկ իրեն բաժին է ընկել Դավիթի պես անհաջողակը: Վերջում, սակայն, հասկանալով, որ այս աշխարհում ամենահավատարիմ ընկերը՝ Դավիթը, գործով է ապացուցում իր ընկերությունը, խոստովանում է, որ բառերը նյութականանալու հատկություն ունեն, և, որ իր մեղքի բաժինը ևս կա ընկերոջ անհաջողությունների մեջ:

Կարդացեք նաև

Ֆիլմի ռեժիսոր՝ Արտյոմ Միխալկովը, չգիտես ինչու, ԱՄՆ-ում բնակվող Դավիթի հայ բարեկամներին պատկերել է «կիսաիտալական», «կիսագնչուական» մոտիվներով՝ անիմաստ, ավելորդ աղմկոտ և սիրելի բարեկամի՝ Դավիթի հետևից խմբակային, «ազգովի» վազքերի սիրահար: Տիպիկ ռուսական պատկերացում՝ հայկական ընտանիքի վերաբերյալ: Ինչևէ, կատակերգություն է…

Hovo (5)

Hovo (7)Hovo (6)Hovo (2)

Լրագրողների հարցին՝ արդյոք դժվար չէ՞ր երկրորդ անգամ մարմնավորել միևնույն կերպարը, Հովհաննեսը պատասխանեց, որ իրականում բավականին ձանձրալի և անհետաքրքիր է եղել: «Շահագրգռող կողմը պարզապես ֆինանսն էր ու այն, որ կարելի էր ուժերը փորձել նաև ռուսական կինոարտադրության մեջ»,- նշեց նա:

«Ռուսական կինոարտադրողներից արդեն մի քանի առաջարկ ստացել եմ, պետք է ուղղակի որոշեմ, թե ինձ ինչ է պետք այս կյանքից»,- կատակեց Հովոն:

Միանշանակ ողջունելի է, որ հայկական կատակերգություններն առիթ են հանդիսանում, որ դրանց հիման վրա նկարարահանվեն ֆիլմեր, սակայն «Ставка на Любовь» ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ օրիգինալին չես գերազանցի: Մերն ուրիշ է…

Hovo (9) Hovo (8) Hovo (1)

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում (Լաս Վեգաս, Լոս Անջելես): Ռեժիսորը, ինչպես արդեն նշեցինք՝ Արտյոմ Միխալկովն է, իսկ դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Ալեքսանդր Ռևան, Եկատերինա Շպիցան, Ալլա Միխեևան և ուրիշներ:

Ի դեպ, «Ставка на Любовь» Ֆիլմը նկարահանել է ռուսական «Небо» կինոընկերությունը՝ «Централ Партнершип» և «Yellow, Black and White» ընկերությունների աջակցությամբ: Նոր կինոկատակերգությունը, ինչպես և «Poker.am»-ը, պատմում է երկու ընկերների մասին, ովքեր անհաջողությունների մեջ ընկնելու մեծ վարպետ են:

 Քրիստինե Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս