Բաժիններ՝

«Եթե անգամ «Dօing business»-ում ՀՀ-ն առաջին տեղում դնեն Սինգապուրի կամ Շվեյցարիայի կողքին, մեզ համար էլի ոչինչ չի փոխվի». Գագիկ Մակարյան

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագիրը հաստատելիս կառավարությունը շեշտը դրեց «արագ բարեփոխումներ» իրականացնելու անհրաժեշտության և Համաշխարհային բանկի «Dօing business» դասակարգման մեջ Հայաստանի դիրքը բարելավելու վրա: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, թվերը բոլորովին հրապուրիչ չեն, իրական կյանքն է հետաքրքիր:

«Թղթային ու ռեֆորմային դրույթները լրիվ այլ են, քան իրական կյանքը: Մենք «Dօing business»-ում ոչ առաջ գնալն ենք զգում, ոչ հետ գնալը: Կլինենք 34-րդ տեղում, թե կգանք 24-րդ կամ 25-րդ տեղ, անցած տարի 49-րդն էինք, էականորեն մենք չենք նկատում, և դրանից ո՛չ ներդրումներն են ավելանում, ո՛չ բիզնեսի իրավիճակն է կարգավորվում, ո՛չ էլ փակվող ձեռնարկությունների թիվն է կրճատվում»,- ասաց Գ.Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ միությունը փետրվարի 18-ին մեծ համաժողով է կազմակերպում, որի ընթացքում կհրապարակվեն 300 ձեռնարկության շրջանում իրականացված հետազոտության արդյունքները: Ըստ Գ.Մակարյանի՝ վերլուծել են բիզնեսին խոչընդոտող առաջնահերթ խնդիրները. «Հայաստանի դեպքում առաջացել է 5 բլոկ. առաջինը՝ կրթություն և թրեյնինգներ, որ ամբողջ կյանքի ընթացքում պետք է վերապատրաստումներ անցնել, 2-րդ՝ բարենպաստ միջավայր և ոչ ֆորմալ տնտեսություն, 3-րդ՝ ֆինանսների հասանելիություն, որի մասին այդքան խոսում ենք, որ ՓՄՁ-ները տանջվում են՝ բանկերի վարկերի հետ կապված, 4-րդ՝ արդյունավետ կառավարում և կոռուպցիա, որտեղ խոսքը գնում է նաև ոչ թե՝ կառավարման, այլ՝ կառավարության որակի մասին, 5-րդ՝ օրենսդրական շրջանակ: Հետագա բարեփոխումները պետք է ուղղվեն այդ հարցերի մեղմացմանը»:

Գ.Մակարյանը նշեց, որ կառավարության կանխատեսումներին առարկություններ չունի, բայց դրանք բացարձակապես չի կարևորում, որովհետև կյանքն է ցույց տվել, որ ցանկացած դասակարգման մեջ 25 միավոր առաջ կգնանք, թե հետ, իրականում դա էական տեղաշարժ չի առաջացնում. ««Dօing business»-ն իր նշանակությունը կորցրել է: Եթե նախկինում շատ լուրջ ցուցանիշ էր համարվում աշխարհում, և դա գրավում էր՝ որպես ներդրումների համար շատ հարմար պետություն, հիմա միջազգային այլ կառույցների վերլուծություններն են սրան գումարվում, և Հայաստանի իրավիճակը բավականին լավ գիտեն բոլորը: Եթե անգամ «Dօing business»-ով ՀՀ-ն առաջին տեղում դնեն Սինգապուրի կամ Շվեյցարիայի կողքին, մեզ համար էլի ոչինչ չի փոխվի, որովհետև նաև ներդրումների հետ կապված՝ մեզ մոտ տխուր պատմություն կա, որ ներդրումները հաճախ կատարում են, բայց կես կամ մեկ տարի հետո ներդրողին ճնշում են, «քցում» են, դատական համակարգում չի կարողանում իր իրավունքները պաշտպանել, ու դա հաճախ նաև արվում է որոշ միտումնավոր խմբերի կողմից, որ ներդրողը հիասթափվի, ծախի, գլուխը պրծացնի-գնա: Այսինքն՝ մեզ մոտ ներդրումները ստվերային կառավարվող են, արդարացի ձևով չեն իրականացվում: Ներդրողների ցանկում, հավանաբար, մեծամասնությունն իրավունքներ ունի, կամ այնպիսի մարդիկ են, որոնց չեն խանգարում, կամ այդ մարդիկ ստանում են համաձայնություններ, իսկ իրական ազնիվ ներդրողները ժամանակի ընթացքում ենթարկվում են հետապնդման կամ հալածանքի»:

Միության նախագահը նաև նկատեց, որ «Dօing business»-ի ցուցանիշը կազմվում է որոշակի հարցումների ու կարծիքների հիման վրա, բայց դա թափանցիկ չի արվում, և հայտնի չէ, թե ում են հարցրել, ինչպես են արել, այդ տվյալները երբեք չեն հրապարակվում, հետևաբար՝ առանձնապես վստահելի չեն: Գ.Մակարյանի խոսքով՝ դա վերաբերում է նաև մյուս երկրներին, օրինակ՝ Վրաստանն էլ առաջ է «Dօing business»-ում, բայց տնտեսությունն առաջընթաց չունի, նույնն այլ երկրների դեպքում է, այսինքն՝ այստեղ ամեն ինչ շատ հարաբերական է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս