Վահան Բաբայանին ոգևորել է Սերժ Սարգսյանի ելույթը

«Նախագահի երեկվա ելույթը, իհարկե, բավականին հետաքրքիր էր, և ոչ միայն՝ քաղաքական դաշտի, այլև՝ մեր քաղաքացիների համար, որովհետև, կարծում եմ, որ հիմնական այն թեզիսները, որ առաջ քաշվեցին, որ պետք է պայքարենք և սկսենք ինքներս մեզանից, դրանք բավականին արդիական են և բխում են այսօրվա իրականությունից: Կարծում եմ՝ այդ ուղերձով նոր քաղաքական դարաշրջանի սկիզբ է դրվում ՀՀ-ում, որը կապում եմ նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքի հետ:

Համամիտ եմ այն տեսակետների հետ, որ պաշտոնյաները պետք է ավելի օպերատիվ լինեն, չխուսափեն կայքերում իրենց մասին գրվածներից և աշխատեն մամուլի հետ ավելի ազատ ու ավելի ճիշտ, և ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Տարբեր հարցեր կային, որ ակտուալ են մեր այսօրվա քաղաքական իրողությունների համար մեր երկրում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ նախագահական նստավայրում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և ՏԻՄ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Վ.Բաբայանը հրաժարվեց անդրադառնալ ուղիղ 1 տարի առաջ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին, որով նա խիստ քննադատեց Գագիկ Ծառուկյանին՝ նրան անվանելով «Դոդի Գագո», «տգետ», «չարիք». «Ես չէի ցանկանա անդրադառնալ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, քանի որ դրանց մասին բազմաթիվ անգամ խոսվել է, վերլուծություններ է արվել, գնահատականներ է տրվել, և, համենայն դեպս իմ կողմից, գտնում եմ՝ կոռեկտ չի լինի որևէ գնահատական տալ այդ իրադարձություններին»: 2015-ի և 2016-ի ելույթների օրերի համընկնումը Վ.Բաբայանը զուգադիպություն անվանեց և վստահեցրեց, որ այդտեղ պետք չէ փնտրել մի բան, որը չկա:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելով, իսկ ՀՅԴ-ին կոալիցիա ներքաշելով՝ Սերժ Սարգսյանը վերացնում է Ռոբերտ Քոչարյանի՞ քաղաքական հենարանները, ԲՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Մեր քաղաքական իրողությունների մեջ այնքան շատ են նմանատիպ վերլուծությունները՝ տարբեր անձերի հետ կապված, որ որևէ գնահատականներ այստեղ տալը կարող է ընդհանրապես կապ չունենալ որևէ իրադարձության հետ: Դրա համար ես կխուսափեմ այդ հարցին անձնավորված պատասխանելուց, որովհետև գտնում եմ, որ դա էլ կոնկրետ գնահատականների խնդիր է, իսկ կոնկրետ գնահատականներ տալն անշնորհակալ գործ է»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի խոսքով՝ մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում, ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ին, Վ.Բաբայանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է իրականացնել իր ծրագրերը. «Մեր մոտեցումները ներկայացրել ենք, մենք ունենք մոտեցումներ թե՛ տնտեսական քաղաքականության, թե՛ ընդհանրապես մեր երկրում վարվող քաղաքականության վերաբերյալ, և մեր մոտեցումների համընկնումն էր, որ մենք սատարեցինք  սահմանադրական հանրաքվեին, քանի որ մեր ծրագրային դրույթներում դա եղել է: Մեր քաղաքական թիմն ունի բազմաթիվ փորձառու կադրեր, ովքեր ի զորու են իրենց վրա վերցնել պատասխանատվություն թե՛ մասնագիտական ոլորտներում, թե՛ քաղաքական:

Բայց այդ խնդիրների իրականացումը, կարծում եմ, բուն քաղաքական հարց է, և այդ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական որոշումներով: ԲՀԿ-ն իրեն տեսնում է՝ որպես 2017 թ. ընտրություններում հաջողություն գրանցած քաղաքական ուժ, և 17թ.-ից հետո թե ինչ գործառույթներ, ինչպիսի վերաչափում, ինչ վերադասավորումների կենթարկվի մեր քաղաքական ուժը, դա կախված է առաջին հերթին՝ իրադարձություններից, երկրորդ հերթին՝ մեր երկրի քաղաքացիների քվեից, և երրորդ՝ քաղաքական կամքից և այն կոմպրոմիսներից և քաղաքական մոտեցումներից, որ կունենա ՀՀ քաղաքական էլիտան այդ ժամանակշրջանում: Այս պահին ակտիվ աշխատում ենք՝ խորհրդարանում, քաղաքացիների հետ, փորձելու ենք վեր հանել եղած խնդիրները և փորձել լուծումներ գտնել»:

 

Տեսանյութեր

Լրահոս