«Բաշար Ասադի ճակատագիրն արդեն որոշված է». Սարգիս Գրիգորյան

168.am-ի զրուցակիցն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ, եթե Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները նրան չստիպեն դա անել, ինչպես որ խոստացել են, ապա համաշխարհային հանրության անդամները, անխոս, չեն նստի պարզապես՝ ինչպես հիմարներ, ու հետևեն, թե ինչ է կատարվում: Նա ասել է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա: Հնարավո՞ր է նման բան, մանավանդ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնական ելույթներում կտրականապես հերքել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ներխուժման հնարավորությունը Սիրիա: Քերիի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ճիշտ է, Օբաման հայտարարություն արել է, բայց մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին այդ հայտարարություններից ինքը կարծես շեղվում է: Չի բացառվում, որ որոշ հատուկ նշանակության ջոկատներ հիմա էլ են գործում, իսկ որոշ մաս, հնարավոր է, գնան ու ցամաքում օգնեն իրենց դաշնակից ուժերին, օրինակ՝ քրդերին: Կոնկրետ Քերիի հայտարարությունը Մյունխենի համաձայնությունից հետո ուղղակի տրամադրությունները հասկանալու համար է, տեսնեն՝ արձագանքն ինչպիսի՞ն է ընդհանրապես: Մենք տեսնում ենք, որ որոշ կտրուկ հայտարարություններ այնուամենայնիվ լինում են, օրինակ՝ Ասադը հայտարարում է, որ նպատակը Սիրիայի ամբողջական ազատագրումն է ահաբեկիչներից, մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ասադը պետք է գնա: Մեծ հաշվով՝ սա ձեռք բերված համաձայնություններից  հետո որոշակի պուլս զգալուն է միտված՝ կոնկրետ այդ հայտարարությունից հետո ինչպիսի արձագանք կլինի տարածաշրջանում, և ըստ այդմ՝ նաև որոշակի շեշտադրումներ արվեն ԱՄՆ-ի քաղաքականության հետ կապված՝ Մերձավոր Արևելքում:

– Ասադի հայտարարությանը հպանցիկ անդրադարձաք, նա ասել է, որ աջակցում է խաղաղ կարգավորման պլանին, սակայն հավելել է, թե բանակցությունները չեն նշանակում, որ մենք կդադարեցնենք պայքարն ահաբեկիչների դեմ: Նա նաև ասել է, որ Սիրիայի կառավարական զորքերն առանց տատանվելու կվերադարձնեն ապստամբների բոլոր գրավյալ տարածքները, սակայն տարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքով հակամարտության հարցի լուծումը շատ ժամանակ է պահանջում ու շատ թանկ կարժենա: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ սցենարների ականատես կլինենք Սիրիայում: Մյունխենյան համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթվա ընթացքում, որևէ բան կփոխի՞:

Կրակի դադարեցման հետ կապված՝ չեմ կարծում՝ որևէ բան կփոխվի: Մյունխենում ուղղակի ֆիքսվեց, որ գոնե գերտերությունների մոտ դիրքորոշումների մերձեցում կա՝ սիրիական հակամարտության կարգավորման հետ կապված: Այսինքն՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն ցանկանում են, որպեսզի խաղաղություն հաստատվի Սիրիայում, ու կոնֆլիկտը լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների ճանապարհով, և կողմերին էլ փորձում են բերել բանակցային սեղանի շուրջ:

Դեռևս անցած տարեվերջին, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սիրիական հակամարտության հետ կապված միաձայն որոշումն ընդունվեց, կարծում եմ՝ Սիրիայի հետագա ճակատագրի հետ կապված արդեն համաձայնություններ կային գերտերությունների մոտ, և Բաշար Ասադի ճակատագիրն արդեն որոշված է:

Բաշար Ասադը դեռևս կմնա, կպայքարի, կճնշի այն ուժերին, որոնք, եթե չմիանան այս համաձայնագրին, կորակվեն՝ որպես ահաբեկչական, ըստ այդմ՝ դուրս կմնան բանակցային գործընթացից: Որոշ ահաբեկչական կառույցներ գտնվում էին Ժնևում, և չեմ կարծում, որ դրանք կմիանան այս զինադադարին, և ըստ այդմ՝ սիրիական կառավարական ուժերի թիրախը ցամաքում կլինեն նաև այդ ուժերը (նաև կոալիցիոն ուժերի հարվածները, ռուսական օդուժի հարվածները): Այնպես որ, Բաշար Ասադի հայտարարությունը հայտարարություն է այն մասին, որ համաձայնությունից հետո պայքարը շարունակվելու է, բայց այն շարունակվելու է արդեն այն ուժերի դեմ, որոնք բանակցային գործընթացում դեմ են լինելու զինադադարին:

– Ասադի կարծիքով՝ եթե փակվեն Թուրքիայից, Հորդանանից ու Իրաքից եկող ճանապարհները, որոնցով ապստամբները մատակարարումներ են ստանում, ապա «խնդիրը երկրում կարող է լուծվել մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում»: Դուք ի՞նչ կասեք այս մասով:

-Եթե խոսքը վերաբերում է զուտ սիրիական ուժերին, ապա չեմ կարծում՝ սիրիական ներուժը կների, որ շատ արագ այդ հարցերը լուծվեն («Իսլամական պետության» և այլ խմբավորումների հարցերը), այստեղ միանշանակ արտասիրիական օժանդակությունն է պետք: Սա ուղղակի մեսիջ է, որ այնուամենայնիվ այդ ճանապարհները բաց են, և այդ ճանապարհներով դեռևս իսլամականները գալիս են ու անդամակցում ահաբեկչական կառույցներին: Մասնավորապես` Թուրքիայից:

– Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից ի՞նչ քայլեր կարելի է սպասել, հաշվի առնելով Իրան-Սաուդյան Արաբիա և Թուրքիա-Ռուսաստան լարված հարաբերությունները, իսկ Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Ասադին:

Սաուդյան Արաբիան անվերահսկելի ու անկանխատեսելի է դարձել, այնտեղ, մեծ հաշվով, երիտասարդներ են քաղաքական օրակարգը թելադրում, թեկուզ` Մուհամեդ Բին Սալմանը՝ պաշտպանության նախարարն ու թագավորի որդին, արքայազնի օգնականը: Այսինքն՝ այնպիսի երիտասարդ սերունդ է եկել, որը փորձում է ինքնահաստատվել ու նոր շունչ տալ սաուդյան քաղաքականությանը, նաև` արտաքին քաղաքականությանը:

Հայտարարում են, որ իրենք պատրաստ են ցամաքային գործողությունների գնալ, բայց մի կողմից էլ՝ մենք տեսնում ենք, որ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված կոալիցիայի մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Սահմանից էլ հութիները հրթիռներ են ուղարկում, որոնք հասնում են Սաուդյան Արաբիայի տարածք: Եվ ասել, որ Սաուդյան Արաբիան խնդիրներ չունի իր հարևանների հետ ու պատրաստ է ցամաքային գործողությունների գնալ, այն էլ այն դեպքում, որ Սաուդյան Արաբիայի բանակն էլ ամենաուժեղը չէ տարածաշրջանում, և նրանց պետք է համախմբեր սուննիական աշխարհը, բայց այստեղ այնքան հակասություններ կան, ու նաև՝ Սաուդյան Արաբիայի քաղաքականության հետ կապված (օրինակ՝ ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորելն ու աջակցելը նաև սուննիական աշխարհն է շատ լավ հասկանում), այդքան էլ ճիշտ չէ: Այնպես որ, Սաուդյան Արաբիայի հետ կապված՝ չեմ կարծում, որ այս պահին հայտարարություններից ավելի ինչ-որ բան լինի, դեռևս կփորձեն կոալիցիա հավաքել: Քրդերը Սիրիայում ակտիվացել են և կարծես շարժվում են Ազազի ուղղությամբ:

Ազազը Սիրիայի այն հատվածում է գտնվում, որը հիմա ընդդիմադիրների վերահսկողության տակ է (ընդդիմադիրները կարողացան Ազազը վերցնել Իսլամական պետությունից), և այս հատվածում քրդերը բավականին ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում: Սա շատ կարևոր հատված է, որովհետև ճանապարհների խաչմերուկ է. ընդդիմադիրներին հիմնական օժանդակությունը Թուրքիայից հենց այս հատվածով է գալիս: Ես չգիտեմ՝ եթե Ազազը կարողանան քրդերը վերցնել, նրանց այս ակտիվությունն ինչպիսի արձագանք կստանա Անկարայի կողմից: Թուրքիան շատ անկանխատեսելի է դարձել, Էրդողանն էլ՝ իր այս համասուննիական աշխարհի առաջնորդ դառնալու ախորժակով, բավական անկանխատեսելի է:

Համենայնդեպս, այս պահին, եթե զինադադար կնքվի, եթե ավիահարվածներն էլ Արևմուտքի ճնշումների արդյունքում Ռուսաստանի կողմից դադարեն, միգուցե նրանց ցամաքային գործողությունների նպատակները Սիրիայում հետաձգվեն: Այստեղ խնդիրը հենց ռուսական ավիահարվածներն էին, որոնք ճնշել են ընդդիմադիրներին, և նրանք չեն կարողանում կառավարական ուժերի դեմ արդյունավետ պայքարել: Այնպես որ, եթե այս զինադադարի հետևանքով ռուսական ավիահարվածները դադարեն (ըստ իս՝ չեն դադարի), Թուրքիայի ակտիվությունն էլ Սիրիայի հետ կապված կլինի այն, որ դեռևս ցամաքային գործողություններ նրա կողմից չեն լինի:

 

Տեսանյութեր

Լրահոս