Ջորջ Քլունին «Ավրորա»-ի մրցանակակրին կհանձնի «Թումո»-ի սաների նախագծած արձանիկը

«100 LIVES» նախաձեռնության հիմնադրած «Ավրորա» (Aurora) մրցանակի արձանիկի գրաֆիկական պատկերը կստեղծեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: Այս մասին տեղեկացնում է«Թումո»-ի ֆեյսբուքյան էջը:

Մեկ ամսվա ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում չորս դասընթացավարներ կաշխատեն չորս խմբերի հետ: Խմբերից յուրաքանչյուրը կմշակի իր կոնցեպտը, իսկ կարտադրվի հաղթող թիմի առաջարկած դիզայնը: Բոլոր նրանք, ովքեր գրաֆիկական դիզայնով չեն զբաղվում ու չորս դասընթացների մասնակիցների թվում չեն, միևնույնն է՝ կարող են մասնակցել՝ առաջարկելով մրցանակի կարգախոսն ու գունապնակը: Հաղթող կարգախոսն ու գունապնակը կհայտրաարվեն «100 LIVES»-ի պաշտոնակատար անձանց կողմից ապրիլի 23-ին Դիլիջանում:

«Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական ամենամյա նոր մրցանակ է, որը շնորհվելու է այն անհատներին կամ խմբերին, որոնք իրենց վտանգի ենթարկելով օգնել են այլոց գոյատևել։ Առաջադրումների գործընթացը մեկնարկել է 2015 թվականի հուլիսի 1-ից և շարունակվել մինչև հոկտեմբերի 1-ը: Մրցանակի հավակնորդներին գնահատելու համար «Ավրորա» մրցանակը ընտրող հանձնաժողովում ընդգրկել է արժանի մարդկանց. Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի ներկայիս նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ օսկարակիր դերասան ու մարդասիրական ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած անձինք են, որոնց միավորում է իրենց նվիրվածությունը մարդասիրության սկզբունքներին։

2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք արարողության ընթացքում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ մրցանակը։

Տեսանյութեր

Լրահոս