«Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են». ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին փետրվարի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ:

Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Հայկական կողմն արձանագրել է, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների կողմից ճանաչվել է որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և ամրագրվել ԵԱՀԿ Աթենքի նախարարական հայտարարության մեջ: Կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

ՀՀ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի: ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են: Շեշտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի, տեղաշարժի ազատության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը՝ հանուն տարածաշրջանի բարեկեցության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի:

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հետևողական հարձակումները Մինսկի խմբի համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը: ՀՀ դեսպանը մտահոգիչ է համարել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Բարձր գնահատելով համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ համաձայնեցված միջնորդական ջանքերը՝ Արման Կիրակոսյանը նշել է, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան, որպես ՄԽ անդամ, որդեգրել է հակառակ մոտեցում՝ ԼՂ հիմնահարցը շահարկելով հօգուտ իր աշխարհաքաղաքական շահերի:

Հայկական կողմն արձանագրել է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է` ուղղված հակամարտող կողմերի միջև հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև Բաքվի՝ տնտեսական ու ռազմական կարողությունների օգտագործման միջոցով իր կամքը Հայաստանին և Արցախին պարտադրելու փորձերը: ՀՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կի րառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ:

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանը մերժել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները դիպուկահարների դուրսբերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: ՀՀ դեսպանը վերահաստատել է հայկական կողմի սկզբունքային մոտեցումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը նախադրյալներ կստեղծի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մինչդեռ սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում առկա իրավիճակի պահպանման համար:

Իր խոսքում դեսպան Կիրակոսյանը կարևորել է հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտական ներկայության ամրապնդումը: Նա մատնանշել է, որ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից կարևորելով ԵԱՀԿ առավել լայն ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, մյուս կողմից՝ հետևողականորեն խաթարելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը:

Իր խոսքի ավարտին դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս