«Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության». կուրսանտի սպանության գործով վկաները կարո՞ղ էին ճիշտ ընկալել դեպքերը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:

Դատարանում այսօր հրապարակվեց դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Հայկազ Բարսեղյանը, ելնելով նրա հոգեբանական բնութագրից, հակված չի եղել ինքնասպանության, և նրա անձը չի համապատասխանում հայտնաբերված գրառման ձեռագրի հեղինակի անձի հոգեբանական վերլուծության արդյունքում ստացված արդյունքների հետ: Հայկազի անձը և երկտողի հեղինակը չունեն նույն անձնային բնութագրերը:

Ըստ փորձագետների՝ երկտողը գրված է հանգիստ հոգեվիճակում, տառերը գրված են ողորկ, հարթ, անշտապ, ջանասիրաբար, ինչը չի խոսում հուսահատության, անելանելիության վիճակի և ներքին տագնապի մասին, սակայն նկատվում է նպատակասլացության անկում: Գրառման հոգեբանական վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ գրառումը կատարողը չի գտնվել ինքնասպանության հակված հոգեվիճակում: Ինչ վերաբերում է պարզելուն, թե ով է երկտողի և թղթի կտորի վրա արված նկարների հեղինակը, ապա դա միանշանակ ասել հնարավոր չէ, քանի որ երիտասարդները, հատկապես դեռահասության և պատանեկության տարիքում, տրամադրության անկման դեպքում հաճախ են անդրադառնում խիստ, թախծոտ, մելամաղձոտ նկարների, սիմվոլների, ազդանշանների, ինչը չի խանգարում առօրյա կյանքում լինել ակտիվ, առույգ, պարտաճանաչ և չունենալ ինքնասպանության հակվածության հոգեվիճակ:

Փորձագետները նշել են, որ ականատես լինելով Հայկազ Բարսեղյանի նկատմամբ 2015թ. հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը թիվ 408 ննջարանում մեղադրյալների կողմից կատարված գործողություններին՝ այդ ննջարանում գտնվող կուրսանտներն ընկել են այնպիսի վիճակի մեջ, որը նրանց թույլ չի տվել կանխելու մեղադրյալների գործողությունները: Հնարավոր է, որ սկզբնական գործողությունները տղաների կողմից ընկալված լինեին որպես օրվա մեջ տեղի ունեցած վեճի շարունակություն և դրան չվերաբերեն լուրջ՝ չկանխատեսելով, որ այն կունենա ողբերգական վերջաբան: Չի բացառվում, որ նրանք սկսել են լրջորեն վերաբերվել կատարվող իրադարձություններին՝ լսելով Հայկազ Բարսեյանի բացականչությունները և հնչեցրած արտահայտությունները: 12735716_1139676932761579_895705357_n_640x447

Այդ ֆոնի վրա, ականատես լինելով դեպքերի նման զարգացմանը՝ վախ են ապրել և գտնվել են տագնապի ու անելանելիության հոգեվիճակում՝ կապված մեղադրյալների կողմից նախկինում տարբեր կուրսանտների նկատմամբ հեշվեհարդարի դեպքերի հետ: Փորձագետները նշել էին, որ վախը հոգեվիճակ չէ, այլ հույզ, իսկ նման հույզի դեպքում արտադրվում է ադրենալինի հորմոնը, որը նպաստում է օրգանիզմն ակտիվացնելուն և ֆունկցիաներն ավելի զգոն դարձնելուն, և վախի ազդեցության տակ ընկալումները չեն կարող էական աղճատումներ տալ կամ առաջացնել հալյուցինոգեն սինդրոմներ: Հնարավոր է ընդամենը ընկալման պրոցեսների ուժգնացում, որոնք կարող են իրական ընկալման աննշան շեղումներ առաջացնել, ինչն էակականորն չի կարող ազդել ցուցմունքների արժանահավատության վրա: Հետևաբար, փորձագետները եզրահանգել են, որ վախի զգացողությունը չէր կարող ազդել ննջարանում գտնվող կուրսանտների կողմից դեպքերը ճիշտ ընկալելու, վերարտադրելու և արժանահավատ ցուցմունքներ տալու վրա:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը եզրակացության հրապարակումից հետո հայտարարեց, որ փոձաքննությունը կատարվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, քանի որ փորձաքննությամբ պարզաբանման համար նաև քննիչի կողմից հարցադրում է կատարվել այն մասին, թե եթե ականատես վկաների մոտ այնպիս հոգեվիճակ է առաջացել, որը թույլ չի տվել կանխել Հայկազ Բարսեղյանի նկատմամբ կատարված գործողությունները, ապա այդ հոգեվիճակում նրանք կարո՞ղ էին հասկանալ իրենց շուրջ կատարվող գործողությունների բնույթը և դրանց վերաբերյալ հետագայում արժանահավատ ցուցմունքներ տալ:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ տվյալ պարագայում փորձագետը դուրս է եկել իր իրավասության շրջանակներից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է, որ վկայի կամ տուժողի՝ ունակ չլինելը ճիշտ վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ապացուցվում են միայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ: «Տվյալ դեպքում կատարվել է դատահոգեբանական փորձաքննություն»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս առումով այս եզրակացությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց: Արմեն Նադիրյանն ասաց նաև, որ այս կերպ փորձագետն արժանահավատ է համարել նաև ականատես վկաներից մեկի ցուցմունքը, սակայն վերջինս հոգեկան հիվանդությամբ է տառապում. «Ուստիև չեմ կարծում, որ այս պարագայում՝ առանց հոգեբույժի հետազոտման կամ հոգեբույժի եզրակացության, հոգեբան փորձագետն իրավասու էր նման եզրակացություն տալու»:

Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ այդ նույն ականատես վկան, ով 2015թ. հունվարի 29-ին ցուցմունք է տվել, որ ֆիզիկապես և հոգեպես առողջ է, փետրվարի 7-ին հոսպիտալացվել է հոգեբուժական հիվանդանոցում: Փաստաբանն ասաց, որ ուսումնասիրել է նրա բժշկական փաստաթղթերը, նա գանգատվել է ոսկրային հիվանդությունից, քթի վիրահատության է ենթարկվել, որոնք ընդհանրապես կապ չունեն հոգևոր ոլորտի հետ. «Նախաքննության մարմնի կողմից միտում կա, հասկանալի է, ուզում են, որ ոչ արժանահավատ դիտվեն նրա կողմից գրված ցուցմունքները: Ինչի՞ համար: Պատճառն այն է, որ ի սկզբանե ես ասել եմ՝ քննիչը կանխակալ մոտեցում է ունեցել Մովսես Ազարյանի նկատմամբ:

Այդ վկան միակ վկան է, ով շատ կոնկրետ ասել է, որ երեք հոգի են մտել»: Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ անկախ բովանդակությունից և ստացված հետևություններից՝ այս եզրակացությունը չի կարող դրվել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում և չի կարող օգտագործվել որպես ապացույց: Ըստ նրա՝ փորձագետը Մովսես Ազարյանին դիտարկել է որպես անձ, ով գեղագիտական արժեքներին հակվածություն ունի. «Բայց, չգիտես ինչու, որպես սոցիալական վարքի դիտարկում՝ Մովսես Ազարյանին բնութագրել է որպես ցածր գթության տեր անձնավորություն: Հասկանալի չէ՝ փորձագետն ինչպիսի՞ հետազոտության արդյունքում է հանգել եզրակացության, որ Մովսես Ազարյանն ունի սեփական անձը կարևորելու միտում, անբավարար զգացմունքայնություն, ագրեսիվության բարձր մակարդակ: Հետազոտված նկարներում ընդհանրապես ագրեսիվության նշույլ անգամ չկա»: Փաստաբանը նաև նշեց, որ հետմահու կատարված փորձաքննության եզրակացությունը կարող է հիմնվել փաստաթղթերի վրա, բայց 4 ամբաստանյալները կենդանի են: Նա հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ չի կատարվել անհատական հոգեգանական առանաձնահատկությունների ուսումնասիրություն:

Մեղադրող Հայկ Հարոյանն ասաց, որ ինչպես փորձագետն է իր եզրակացության մեջ նշել, վախը ոչ թե հոգեվիճակ է, այլ հույզ, և որևէ հոգեբույժ վախի հետ կապված եզրակացություն իրեն առնվազն թույլ չպիտի տա. դա հենց հոգեբանական կատեգորիա է:

Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հաստատել դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը: Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդության դեմ: Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ փորձաքննության ընթացքում կիրառվել է ծրագիր, որը Հայաստանում ապրոբացիա չի անցել. «Իսկ առանց ապրոբացիա անցնելու դրա արդյունքներն ակհայտորեն չեն կարող համարվել արժանահավատ և հաստատված, և փորձագետները, դրա մասին քաջատեղյակ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, այդ ծրագրից օգտվել են»:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը՝ մինչ էական հանգամանանքրի պարզումը: Մասնավորապես դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ գտնում է՝ պետք է հարցաքննվեն փորձաքննություն իրականացրած փորձագետները, հնարավոր է՝ հետազոտվեն այլ ապացույցներ, որի արդյունքում միջնորդությունը կքննարկվի ըստ էության, իսկ մինչ այդ այն ըստ էության քննարկվել չի կարող:

Դատարանը որոշեց ծանուցել փորձաքննությունն իրականցրած երկու փորձագետներին՝ հաջորդ դատական նիստին ներկայանելու համար:

Մեղադրող Հայկ Հարոյանն ասաց, որ այս գործով ամբաաստանյալ Վարազդատ Սաֆարյանը տեղափոխվել է այն զորամաս, որտեղ ծառայում են գործով տուժողներից ու վկաներից ոմանք: Դատավորը գտավ, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ ամբաստանյալի և վկաների՝ առանձին պահելու հետ կապված: Այդ առնչությամբ գրություն կհասցեագրվի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ հնարավորության դեպքում քննարկել ամբաստանյալի տեղափոխման հարցը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս