«Այս կոալիցիան շատ շինծու է». Քաղաքագետ

Արդեն աստիճանաբար հստակեցվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափը, ինչպես նաև այն, թե ինչ պորտֆելներ են վերապահվելու ՀՅԴ-ին: Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ մամուլում շրջանառվող լուրերը՝ որոշ նախարարությունների և մարզպետարանների՝ ՀՅԴ-ին հանձնելու մասով, հիմնականում համապատասխանում են իրականությանը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ ընդհանրապես կոալիցիա կազմվում է այն ժամանակ, երբ դրա կարիքը կա. «Այսինքն՝ ամենաառաջինը՝ կոալիցիա կազմվում է ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական  ուժ չի ստանում պարզ մեծամասնություն, չի կարողանում միանձնյա կառավարություն ձևավորել, և երկրորդը՝ երբ ձևավորված կոալիցիաները քանդվում են, և ձևավորվում է նոր կոալիցիա:

Հայաստանի պարագայում այդ խնդիրը չկար: Հիմա այս կոալիցիան շատ շինծու է, այն առումով, որ ես չեմ պատկերացնում, որ ՀՅԴ-ն կարողանա իր ծրագրային դրույթներն իրագործել: Երկրորդը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կան լուրջ գաղափարական տարաձայնություններ: Հիմա ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչ քաղաքականություն են վարելու ՀՅԴ-ի նախարարները: Ես չեմ պատկերացնում, որ ՀՀԿ-ն թույլ տա ՀՅԴ-ի նախարարներին վարել այն քաղաքականությունը, որն իրենք ցանկանում են վարել՝ ըստ իրենց կուսակցական ծրագրի»:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՅԴ-ն կարող է շատ մեծ հաջողության հասնել մինչ հաջորդ համապետական ընտրությունները, եթե ՀՀԿ-ին հաջողվի բավական բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչի վերաբերյալ, սակայն, ինքը շատ խիստ կասկածներ ունի: Բայց, միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի՝ ՀՅԴ-ն կարող է ընդհանրապես դիմազրկվել և ընտրազանգվածի խիստ կորուստ ունենալ, եթե մտնի կոալիցիա, և իր նախարարներն ու մարզպետները որևէ դրական  արդյունքի չհասնեն, որի հավանականությունը, Գ. Համբարյանի խոսքով, շատ մեծ է:

Կարդացեք նաև

«ՀՅԴ-ի ընտրազանգվածն այնքան էլ մեծ չէ: Եթե նա քիչ թե շատ ընտրազանգված ունի Երևանում կամ Արարատյան դաշտավայրում, ապա Շիրակի մարզի պահով կարող եմ ասել, որ ՀՅԴ-ի դիրքերը բավական թույլ են: Եթե իրականությանը համապատասխանում են լուրերն այն մասին, որ ՀՅԴ-ին է հանձնվում Շիրակի մարզը, ապա ինձ համար ուղղակի զարմանալի է, թե ինչ խարիզմատիկ գործիչ պետք է ՀՅԴ-ն ունենա այս մարզում, որ կարողանա բարելավել իր վարկանիշը: Իրենք մարզպետ ունեցել են, բայց դա ավելի մեծ վնաս է հասցրել ՀՅԴ-ին, քան օգուտ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս