ԱՄՆ դեսպանը կրկին զգուշացնում է ՀՀ իշխանություններին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կրկին զգուշացնում է ՀՀ կառավարությանը: «Ակնկալում ենք, որ ՀՀ Կառավարությունը կհարգի հանրային հայտարարությունները և ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու հանձնառությունը»,- իր մեկամյա առաքելության առիթով կազմակերպված ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

168.am-ի հարցին` եթե ՀՀ իշխանությունները չարձագանքեն ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում գրանցված խախտումները քննելու դեսպանի կոչերին, ինչպե՞ս դա կանդրադառնա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա, դեսպանը պատասխանեց. «Ինչպես ասել ենք, ԱՄՆ դեսպանատունը խորապես անհանգստացած է  խախտումների մասին այն մեղադրանքներից, որոնք հնչեցնում է մամուլը և քաղաքացիական հասարակությունը: Մենք կոչ ենք արել Կառավարությունը, ինչպես Դուք նշեցիք, ամբողջապես հետաքննել և դատական կարգով հետապնդել այդ հանցագործությունները: Ակնկալում ենք, որ ՀՀ Կառավարությունը կհարգի հանրային հայտարարությունները և պարտավորությունները կազմակերպել ազատ և արդար ընտրություններ: Դեսպանատան սեփական պատասխանի տեսանկյունից, ինչպես ասել ենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո, մենք ևս հավաքում ենք վստահելի տեղեկատվություն քաղաքացիական հասարակությունից, մամուլից և կառավարության սեփական հետաքննությունից, որոնք վերաբերում են խախտումների մասին հայտարարություններին:  Այս տեղեկատվությունը օգտագործվելու է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ու գործունեության  անհատների մասնակցության վերաբերյալ որոշումներ կայացնելիս»:

Դեսպանը նաև նշեց, որ ՀՀ-ԱՄՆ  ամուր հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրա` հանձնառություն պատշաճ գործընթացների, օրենքի իշխանության և ժողովրդավարության: «Ուստի այն գործողությունները, որոնք այս արժեքների հարցում Հայաստանի հանձնառության վերաբերյալ կասկած են հարուցում անհանգստության աղբյուր են: Այս պատճառով մենք ողջունել ենք կառավարության խոստումը արձագանքել բոլոր լուրջ, վստահելի պնդումները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս