«Բաքուն ոչ մի դեպքում դուրս չի գա ԵԱՀԿ ՄԽ խաղաղ գործընթացից»

«ԼՂ հակամարտության շուրջ ԵԱՀԿ ՄԽ խաղաղ գործընթացը կշարունակվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների՝ վերջին շրռանում սրված հռետորաբանությանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին, ինչպես Ադրբեջանի ԱԳ նախարարը, այնպես էլ նախագահը մեղադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ անգործության, իսկ հայկական կողմին` ստատուս-քվոն պահպանելու մեջ: Ալեքսանդր Կռիլովն ասաց, որ Բաքուն գիտակցում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման անհնարինությունը Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության պայմաններում: Ուստի, ըստ նրա, շարունակվում են Հայաստանի նկատմամբ բազմակողմանի ճնշումները՝ կարգավորման ադրբեջանական պայմանները պարտադրելու նպատակով:

«Միաժամանակ Բաքուն փորձում է ճնշել Մինսկի խմբին՝ հույս ունենալով, որ վերջինս Հայաստանին կպարտադրի Ադրբեջանին վերադարձնել բոլոր «օկուպացված տարածքները»: Դեռ չկան նշաններ, որ Հայաստանը կգնա կապիտուլյացիայի, կամ ՄԽ-ն կհրաժարվի միջնորդի իր դերից և կճնշի Հայաստանին՝ Բաքվի շահերից ելնելով: Ապագայում ևս իրատեսական չէ հույս դնել նման սցենարների իրականացման վրա»,- ասաց Կռիլովը:

Վերջինիս խոսքով՝ չնայած այս ողջ ռազմատենչ հռետորաբանությանը ՄԽ հասցեին, քիչ հավանական է, որ Բաքուն համաձայնի բանակցային գործընթացի դադարեցմանը: Նրա որակմամբ` այս բարդ իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումը չափազանց խոցելի է, Էրդողանի ավանտյուրիստական քաղաքականությունը հղի է ոչ միայն՝ Թուրքիայի, այլև՝ իր համար գործընկերային Ադրբեջանի համար նոր խնդիրներով: «Ուստի ավելի հավանական է, որ չնայած բարձրագոչ մեղադրանքներին՝ ՄԽ հասցեին, Բաքուն դուրս չգա խաղաղ գործընթացից, որը տարբեր մակարդակի ինտենսիվությամբ կշարունակվի նաև ապագայում»,- նկատեց Ալեքսանդր Կռիլովը:

Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ-ն ունի՞ արդյոք լծակներ՝ այսօր ազդելու Ադրբեջանի դիրքորոշման վրա, Կռիլովը պատասխանեց, որ Բաքվի համար լուրջ ավանտյուրա կլինի ԵԱՀԿ ՄԽ-ի հետ վիճելը: «Դա կնշանակի՝ հարաբերությունների բարդացում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ մի իրավիճակում, երբ թուրք գործընկերը հայտնվել է սեփական մի շարք խնդիրների մեջ: Ուստի ավելի հավանական է, որ իրավիճակը շփման գծում և բանակցային սեղանին չի կրի լուրջ փոփոխություններ՝ ո՛չ դեպի լավը, ո՛չ էլ` հակառակը: Իրավիճակի արմատական փոփոխությունն իրատեսական կդառնա ոչ թե Բաքվի ռազմատենչ հայտարարությունների դեպքում, այլ տարածաշրջանում նոր ազդեցիկ խաղացողների ի հայտ գալով:

Եթե սիրիական բանակի առաջխաղացումը հետագայում ևս հաջող կերպով շարունակվի, ապա նման խաղացող կարող է դառնալ ԻՊ-ը կամ այլ ահաբեկչական խմբավորումները: Նրանք ստիպված կլինեն փնտրել Համաշխարհային խալիֆաթի կառուցման համար նոր տարածքներ, և դա կարող է ամենաբացասական ազդեցությունն ունենալ Կովկասի և նրան հարակից տարածաշրջանների վրա»,- ասաց Կռիլովը:

Տեսանյութեր

Լրահոս