Ընդդիմությունը դեռ չի շտապում կոնսոլիդացվել

Հայաստանի ընդդիմադիր դաշտում կրկին համախմբման խնդիր է դրվել։ Հանուն 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի միավորման կոչի առաջին հեղինակն «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն է։ «Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇգ Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն։ Եթե այս ուժերը միավորվեն, կհաղթեն պառլամենտական ընտրություններում։ Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ, միանալ հավասար պայմանով, ու սա միակ հաղթական ֆորմուլան է»,- ասել է նա։
Արդյոք այս ուժերն ընդառաջ կգնա՞ն Հ.Բագրատյանի հրավերին, և արդյոք ընդդիմադիր դաշտում իսկապես հնարավո՞ր է կոնսոլիդացիա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտնեց, որ ՔՊ-ն պաշտոնապես հրավեր չի ստացել Հրանտ Բագրատյանից՝ լայն կոալիցիա ստեղծելու վերաբերյալ։

Arayik Harutyunyan««Քաղաքացիական պայմանագրի» քաղխորհուրդը շաբաթ օրը որոշում է կայացրել հաջորդ ընտրություններին մասնակցել միայնակ՝ առանց որևէ ուժի հետ դաշինք կազմելու։ Սա ունի ինչպես՝ ռազմավարական, այնպես էլ՝ մարտավարական նպատակներ։ Ինչ վերաբերում է նոր հրավերներին ու նոր դաշինքներ ձևավորելուն, կարծում եմ, որ անցած 2 օրերին քաղաքական դաշտում առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ֆորսմաժորային իրավիճակներ չկան, դրա համար նման հայտարարություններն այս պահին կդժվարանամ մեկնաբանել։ Մեր որոշումը մնում է ուժի մեջ, և մենք այդ ուղղությամբ ենք շարժվելու»,- ասաց Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկացած հրավեր կամ առաջարկ ստանալու դեպքում վարչությունն է քննարկում և որոշումներ կայացնում։

Alik ArzumanyanՀՀՇ խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ հրավեր չեն ստացել, Բագրատյանի առաջարկին էլ ինքը ծանոթ չէ։

Իսկ հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրների կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա՞, Ա.Արզումանյանը պատասխանեց. «Ես կասեմ՝ ինչ եմ գտնում, ոնց եմ գտնում, երբ ժամանակը կգա»։

«Նոր Հայաստան» հանրային փրկության քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանը հիշեցրեց, որ դեռ դեկտեմբերի հանրաքվեից առաջ իրենք նախաձեռնել էին գործընթացներ, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, միասնաբար հանդես գան և կանխեն «նոր Սահմանադրության» ընդունումը, ինչին, փաստորեն, Հրանտ Բագրատյանի թվարկած ուժերը տարբեր ձևով արձագանքեցին, մի մասը կողմ էին, մի մասը «ոչ» ասելով՝ ոչինչ չարեցին։ «Բայց հիմա, եթե ինքը նախաձեռնել է, գնահատում եմ դրական, բայց դա զուտ տեսական տարբերակ է ստացվում, որովհետև գործնականում շատ բարդ է իր թվարկած ուժերը համախմբել»,- հայտարարեց Պ.Մակեյանը։

MakeyanԸստ նրա՝ մի վտանգ էլ կա, որ միշտ միասնության մասին խոսվում է, ժողովուրդն այդ միասնությանն է սպասում, ու իշխանությունն էլ հասկանալով, որ դա է պետք՝ ժողովրդին ազդակը հասնելու համար, տարբեր ձևերով համախմբում են քաղաքական ուժերին, հետո ինչ-որ պահի «պայթեցնում են ականները»։ Դրա համար, Պ. Մակեյանի կարծիքով, ժամանակն է մեր հանրությանը մեսիջներ տալու, որ այն ուժերը պետք է համախմբվեն, որոնք իրական գնալու են մինչև հարցի վերջնական լուծումը.

««Նոր Հայաստանի» մոտեցումը, կարծես, վերջին 3-4 ամիսներին, դա է։ Դրա համար, կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը վաղուց կա, և, եթե Հրանտ Բագրատյանը նման մտահոգություն ունի, կարող է իր ներդրումն անել և միանալ այդ նախաձեռնությանը, խնդիր չենք տեսնում»։

Պ. Մակեյանը համաձայնեց մեր դիտարկմանը, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ միավորվելու առաջարկ է անում, բայց ինքն առաջին քայլը չի անում մյուս ընդդիմադիրին միանալու համար.

«Այո, կարծես մեզ մոտ ավանդույթ է դարձել, որ բոլորը նախաձեռնում են, բայց շատ քչերն են իրենք կամք դրսևորում ուրիշի նախաձեռնությանը միանալու։ Հաշվի առնելով մեր քաղաքական ընդդիմության նախադեպային պատմությունը, կարծում եմ, պետք է շատ չկենտրոնանալ այդ ամբողջական միասնության վրա, որովհետև դա երբեք էլ չի լինելու, եթե լինի էլ, իշխանությունն իր սև գործը կանի, ինչ-որ պահի 1-2-ին կհանի և ցույց կտա, որ միասնություն չկա։ Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ ռեալ, իրական՝ իրենց կենսագրությամբ, իրենց վերաբերմունքով, իրենց ապրած կյանքով դրսևորած քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները պետք է համախմբվեն։ Հակառակ դեպքում՝ ամբողջ միասնություն ՀՀ-ում չի լինի, եթե եղավ էլ՝ պայթեցնելու են»։

Armen Martirosyan-Raffi (12)«Ժառանգությունը» դեռ չի քննարկել լայն կոալիցիա կազմելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի հրավերը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այդ հարցը կարելի է քննարկել, բայց որքան էլ դրական լինի առաջարկը, նմանատիպ համագործակցությունը, բնականաբար, կախված է բազմաթիվ հարցերից։ «Անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ արտաքին քաղաքական կողմնորոշում, տարբեր հարցերի շուրջ մոտեցումներ, և այլն, որ այնպես չլինի, որ հանկարծ պարզվի, որ արմատական հարցերի շուրջ տարակարծություն կա, և խնդիրը դառնա միայն խորհրդարան անցնելը։ Դրա համար, կարծում եմ, քննարկումներ են պետք, բայց որպես առաջարկ՝ շատ նորմալ եմ վերաբերվում, շատ տրամաբանական առաջարկ է և քննարկման ենթակա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

Ընդդիմության միավորվելու հարցում, ըստ նրա, խնդիրը միայն հնարավոր «ականները» չեն։ Կուսակցության փոխնախագահի խոսքով՝ իշխանությունն է, որ միշտ միասեռ է լինում, հատկապես ՀՀ-ի նման երկրներում հասկանալի է, որ այն միտված է միայն հանրային ռեսուրսների ապօրինի օգտագործմանը, և Հայաստանի նորանկախ ժամանակաշրջանի իշխանությունը հենց այդ տրամաբանության շրջանակում է ձևավորվել.

«Դուք չեք կարող ասել մի իշխանություն, որ ձևավորվել է կոնկրետ արտաքին կամ ներքաղաքական որևէ խնդրի լուծման ուղղությամբ։ Եվ պարզ է, որ ապօրինի յուրացման շուրջ համախմբումը մի հարց է ընդամենը, որի շուրջ համաձայնության գալով՝ իշխանությունը միասնական է լինում։ Բայց ընդդիմությունն այդպես չէ, այստեղ տարբեր մոտեցումներ կան, կան ընդդիմադիրներ՝ տարբեր գաղափարախոսությամբ, արտաքին տարբեր մոտեցումներով, ներքաղաքական հարցերի տարբեր մոտեցումներով, դրա համար այդ ամեն ինչը պետք է անպայման հաշվի առնվի, քննարկվի, և դրանից հետո միայն կարելի է ասել՝ ինչ ուղղությամբ կշարժվի ընդդիմությունը»։

Ըստ նրա՝ Հանրապետականի դիրքերը ՀՀ-ում ուժեղ են միայն ընտրակեղծարարության հարցում, ուրիշ որևէ հարցում նրանց դիրքերն ուժեղ չեն, այլապես, եթե մեծ հեղինակություն ունենային հասարակության մոտ, ընտրակեղծարարության չէին գնա, այն էլ՝ այնպիսի մասշտաբներով, որ հանրաքվեի ժամանակ 80-90% «դեմ»-ը կեղծարարության հետևանքով դարձրեցին 70% «կողմ», կամ 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն է տվել քաղաքացիների մոտ 70-80 %-ը, բայց հակառակ պատկերը գրանցեցին. «Եթե հեղինակություն ունենային, ընտրակեղծարարություն ինչո՞ւ պետք է անեին, հո խելագարության, մազոխիզմի սինդրոմով չե՞ն տառապում»։

Ա. Մարտիրոսյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ հերթական ընտրություններով իշխանության հասնելը գրեթե անհնար է, եթե, իհարկե, չլինի միջազգային շատ ուժեղ ճնշում և այնպիսի ճնշում, որի պարագայում իրենք ուղղակի չկարողանան ընտրակեղծարարությամբ զբաղվել.

«Այդ դեպքում հնարավոր է հաղթել, բայց քանի դեռ այդ գործոնը գոյություն չունի, միայն ներքին ռեսուրսներով բացառվում է։ ՀՀ-ում ամեն ինչ ուզուրպացիայի է ենթարկվել՝ իրավապահ մարմիններ, կառավարման համակարգ, ՏԻՄ-եր, ուստի որևէ քաղաքական ուժ ինչ և ինչքան վստահված անձինք էլ ունենա, այդ մեքենայի դեմ, իհարկե, չի կարող։ Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը գիտեն՝ ովքեր են ընտրակաշառք բաժանում, ինչպես է վարչական ռեսուրսն օգտագործվում, ինչպես և որ մի «հեղինակություններն» են զբաղվում կեղծարարությամբ, բայց ոչինչ չեն ձեռնարկում։ Այսինքն՝ պարզ է, որ ամբողջովին ուզուրպացված համակարգի դեմ պայքարել հնարավոր չէ, եթե չլինի արտաքին աջակցություն»։

Տեսանյութեր

Լրահոս