Բաժիններ՝

Ինչպե՞ս IT ոլորտում հասնենք 3.7.7-ի մակարդակին

Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում պարբերաբար գրանցվում են նոր հաջողություններ, և նկատելիորեն ավելանում է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ: Որո՞նք են Հայաստանի ՏՏ ոլորտի խնդիրները, և ինչպիսի՞ քայլեր պետք է մշակվեն դրանք լուծելու համար: Այդ խնդիրների շուրջ մենք զրուցել ենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի՝ կան մի քանի ոլորտներ, որոնց նկատմամբ, ըստ միության մշակած ռազմավարության, պետք է շեշտադրումներ անել: Առաջինը կրթության ոլորտն է:

– Եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական լուրջ ոլորտ ունենալ և լուրջ երկիր դառնալ, ապա տեխնոլոգիական ոլորտի մասը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ պետք է մեծացնել: Ոլորտը մեծամասամբ կախված է այն մարդկանց քանակությունից, որոնք կարող են աշխատել: Պետք է շատացնել ոլորտում ներգրավված մարդկանց քանակը: Շատացնելու խնդիրն այն է, որ այսօր համալսարանները վերակենդանացման կարիք ունեն, բայց հենց իրենք չեն ուզում, որ իրենց վերակենդանացնեն: IT մասնագետների թիվը Հայաստանում շատ փոքր է: Համալսարանները տարեկան ավարտում են 1600-1700 մարդ, բայց ավարտածներից միանգամից աշխատելու պատրաստ է մոտ 300-ը: Հետևաբար՝ ընկերությունները ստիպված են լինում նոր ծախսեր անել, որ իրենց ներսում ստեղծեն վարժանքի կենտրոններ: Պետք է հասկանալ՝ որտեղ է բխում խնդիրը: Սա ավելի շատ հասարակության խնդիրն է: Հասարակությունը հակված է երեխաներին ընդունել տնտեսագիտության, իրավաբանության ֆակուլտետներ: Այս դեպքում կորչում են տաղանդավոր շատ երեխաներ: Որպես վառ օրինակ՝ Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը, որտեղ 90 տոկոս աշակերտները դառնում են տնտեսագետներ:

Մյուս խնդիրը դպրոցների որակական անկումն է՝ կապված կրթական քաղաքականության հետ: Ֆիզիկոս-մասնագետները չեն կարողանում դպրոցներում դասավանդել: Դա հանգեցրել է լրջագույն խնդիրների:

Կարդացեք նաև

Նույնը վերաբերում է նաև մենջմենթին: Մենք դպրոցը դիտարկում ենք բուրգաձև կառույցի նման, որտեղ չեն սովորեցնում մարդկային հարաբերություններ: Դպրոցներից դուրս են գալիս վախեցած երեխաներ, արդեն իսկ՝ կիսաջարդված, ովքեր ամբողջությամբ ջարդվում են համալսարաններում:

Մյուս խնդիրը բնագիտական առարկաների անկումն է դպրոցներում և ինժեներական առարկաների անկումը համալսարաններում: Ուսուցման ծրագրից դուրս են մնում այնպիսի բաժիններ, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ինժեներությունը:

Այսպիսով, մենք ունենք մի «քաղցկեղի» շղթա, որ նստած է մեր ինժեներության վրա: Իսկ առանց ինժեներության՝ չկա ապագա:

Պետք է ինժեներության ուսուցումը սկսել, օրինակ, ոչ թե առաջին կուրսում, այլ 5-րդ դասարանից: Սա նման է թենիսին: Դու կարող ես 80 տարեկանում էլ թենիս խաղալ, բայց եթե ուզում ես չեմպիոն լինել՝ պետք է փոքր տարիքից սկսել:

Խնդիր է նաև այն, որ ծնողներն իրենց երեխաների ապագայի մասին մտածելով՝ ձգտում են նրանց սովորելու ուղարկել արտասահման: Սա արտագաղթի հիմնական մոտիվացիաներից մեկն է:

2014 թվականից մինչև 2018 թվականի ռազմավարությունը մշակելիս մենք հանգեցինք մի քանի գաղափարների, որոնք պետք է կյանքի կոչել: Մասնավորապես, մենք, օգտվելով համաշխարհային տենդենցներից, որոշեցինք, որ ինժեներությունը տանենք հանրակրթական դպրոց: Այդ նպատակով արդեն իսկ շրջաններում կան մոտ 60 ռոբոտաշինության խմբակներ և ավելի քան 20 ինժեներական խմբակներ: Ինժեներական խմբակն իր մեջ ներառում է ռոբոտաշինությունը, սակայն ավելի ընդգրկուն է իր բովանդակությամբ:

Մեր նպատակն է՝ նման խմբակներ լինեն բոլոր դպրոցներում: Ենթադրում եմ, որ մեզ կհաջողվի այս տարի շուրջ 160 խմբակ դնել գործողության մեջ, ընդ որում՝ ունենք պայմանավորվածություն կառավարության հետ: ՀՀ կառավարությունը կհոգա խմբակավարների աշխատավարձը և կֆինանսավորի առնվազն խմբակների կեսի գումարը:

Դրա հետևանքով կավելանա խմբակներում ներգրավված երեխաների քանակը՝ 1500-4500-ի, և գալիք տարվա մայիսից հետո մենք կունենանք մոտ 600 շրջանավարտ, ովքեր կկարողանան աշխատել տեխնոլոգիական ընկերություններում: Որպեսզի այս շրջանավարտները չգան համալսարաններ և անիմաստ ժամանակ կորցնեն, պետք է 2 խնդիր լուծել: Առաջինը՝ պետք է ուղղորդել բիզնեսին, որ գնա դեպի շրջաններ, և պետք է պատրաստել էլեկտրոնային կրթության գործիքներ ու այդ գործիքները հասանելի դարձնել շրջանավարտներին, որպեսզի նրանք կարողանան իրենց կրթության շարունակությունն աշխատանքին զուգահեռ ապահովել: Եվ, որպեսզի խրախուսենք ընկերություններին՝ գնալ շրջաններ, մեզ պետք են նաև որոշակի հարկային արտոնություններ, որպեսզի ընկերությունները հետաքրքրված լինեն:

Ինչ վերաբերում է համալսարաններին, ապա դրանք արդեն մահացել են, քանի որ այսօր էլեկտրոնային միջոցներն այնքան հասանելի են, որ լիովին ապահովում են պահանջները: Համալսարանները պետք է վերափոխվեն ու կիսակրթական հաստատություններից վերածվեն գիտակրթական հաստատությունների, որտեղ ուսանողը գիտահետազոտական խնդիրների վրա կենտրոնանալով՝ կդառնա իսկական մասնագետ: Սա շատ հեշտ է իրագործել, եթե մենք կարողանանք իրար կպցնել բանակային այն խնդիրները, որոնք կառաջանան մոտակա 10 տարում, համալսարանի հետ, և ուսանողները կկարողանան առաջին իսկ կուրսից աշխատել հենց այս ուղությամբ: Նախ՝ սա հնարավորություն կտա, որ բանակը լուծումներ ունենա իր խնդիրներին, երկրորդ՝ ուսանողները միշտ կունենան պրակտիկ գիտելիքներ, և, երրորդ՝ ուսանողը գնալով ընկերություններ՝ կկարողանա միանգամից աշխատել և առաջընթաց գրանցել, որը շատ կօգնի պետությանը՝ թե՛ ներսի, և թե՛ դրսի խնդիրները լուծելիս:

Ռազմավարական մյուս ուղղությունը, ըստ պարոն Վարդանյանի, Հայաստանի տեխոլոգիական բրենդի ձևավորումն է, ինչը կձևավորի բարձր որակի վաճառքը դրսում:

– Այս խնդրի մեր լուծումը կոչվում է surprising engineering: Հաճելիորեն զարմացնող ինժեներական միջոցներ, որոնք հիմնված են հայ գյուտարարների անցած ճանապարհի, ինչպես նաև՝ որակի, ստեղծագործականության և ադապտացիայի ունակության վրա: Վերջինս այլ ոլորտներում գուցե բացասական է, բայց տեխնոլոգիական ոլորտում շատ կարևոր է: Սա կարելի է հասկանալ 2 իմաստով՝ այլ մշակույթների հետ ադապտացում և ադապտացում տեխնոլոգիաների փոփոխությանը:

Surprising engineering-ը հիմնված է նրա վրա, որ դու հաճախորդին տաս ավելի, քան նա ուզում է: Սա նպաստում է, որ կտրուկ փոփոխվի քո մասնագետի ու երկրի նկատմամբ վերաբերմունքը, որը բերում է մրցակցության առաջացման, փոխադարձ հարգանքի, բիզնեսի զարգացման: Իսկ իրական բիզնեսի հիմքում ընկած են մարդկային հարաբերությունները:

Հայկական IT brend-ում կա գաղտնի հայկական թիվ՝ 3.7.7: Առաջին 3-ը 3 միլիոն մարդիկ են Հայաստանում, 7-ը՝ 7 միլիոն սփյուռքահայերը, որոնք պետք է վաճառեն 3 միլիոնի ստեղծածը, և հաջորդ 7-ն աշխարհի բնակչությունն է, որը պետք է գնի արտադրանքը:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ձեռներեցությունն է: Վերջին շրջանում ձեռներեցությանը երիտասարդներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում, դա համաշխարհային տենդենց է: Երկրի տեխնոլոգիական հզորությունը հազարավոր ընկերություններն են, որոնք գործում են երկրում: Շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից հասկանան, որ տեխնոլոգիաներն իրենց ծնողների կյանքը հեշտացնելու համար են, հասկանան և ռեալ խնդիրներ լուծեն: Եթե դու քո գյուղական խնդիրը լուծես ճիշտ ու բարձր մակարդակի վրա, ապա աշխարհում կան միլիոնավոր գյուղեր, որոնք կարող են սպառող դառնալ քո առաջարկած լուծման տարբերակին:

Որպես ՏՏ ոլորտի հաջորդ խնդիր՝ Կարեն Վարդանյանը նշեց պետության, հասարակության, կրթական հաստատությունների հետ հարաբերությունները: Կառավարությունն իր տարբեր օղակներով պետք է ստեղծի ռազմավարությունը, համալսարանները միասին պետք է ունենան իրանց ռազմավարությունը, կրթական հաստատությունները, բիզնեսը, հասարակական կազմակերպությունները՝ իրենցը; Բոլորի շահերը պետք է համադրվեն, որպեսզի մենք ունենանք ազգային ռազմավարություն: Այստեղ կարևոր է ուղիղ խոսակցությունը կառավարության հետ:

– Լինել կառավարության ամենախիստ քննադատը, միևնույն ժամանակ՝ լինելով նրա ամենահուսալի գործընկերը,- եզրափակեց Կ. Վարդանյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս