«Ժառանգությունը» կքննարկի՞ Հրանտ Բագրատյանի առաջարկը

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի քննարկել լայն կոալիցիա կազմելու վերաբերյալ «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հրավերը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այդ հարցը կարելի է քննարկել, բայց որքան էլ դրական լինի առաջարկը, նմանատիպ համագործակցությունը, բնականաբար, կախված է բազմաթիվ հարցերից:

«Անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ արտաքին քաղաքական կողմնորոշում, տարբեր հարցերի շուրջ մոտեցումներ, և այլն, որ այնպես չլինի, որ հանկարծ պարզվի, որ արմատական հարցերի շուրջ տարակարծություն կա, և խնդիրը դառնա միայն խորհրդարան անցնելը: Դրա համար, կարծում եմ, քննարկումներ են պետք, բայց որպես առաջարկ շատ նորմալ եմ վերաբերվում, շատ տրամաբանական առաջարկ է և քննարկման ենթակա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ընդդիմության միավորվելու հարցում, ըստ նրա, խնդիրը միայն հնարավոր «ականները» չեն: Կուսակցության փոխնախագահի խոսքով՝ իշխանությունն է, որ միշտ միասեռ է լինում, հատկապես ՀՀ-ի նման երկրներում հասկանալի է, որ այն միտված է միայն հանրային ռեսուրսների ապօրինի օգտագործելուն, և ՀՀ նորանկախ ժամանակաշրջանի իշխանությունը հենց այդ տրամանաբության շրջանակում է ձևավորվել. «Դուք չեք կարող ասել մի իշխանություն, որ ձևավորվել է կոնկրետ արտաքին կամ ներքաղաքական որևէ խնդրի լուծման ուղղությամբ: Եվ պարզ է, որ ապօրինի յուրացման շուրջ համախմբումը մի հարց է ընդամենը, որի շուրջ համաձայնության գալով՝ իշխանությունը միասնական է լինում: Բայց ընդդիմությունն այդպես չէ, այստեղ տարբեր մոտեցումներ կան, կան ընդդիմադիրներ՝ տարբեր գաղափարախոսությամբ, արտաքին տարբեր մոտեցումներով, ներքաղաքական հարցերի տարբեր մոտեցումներով, դրա համար այդ ամեն ինչը պետք է անպայման հաշվի առնվի, քննարկվի, և դրանից հետո միայն կարելի է ասել՝ ինչ ուղղությամբ կշարժվի ընդդիմությունը»:

Ըստ նրա՝ Հանրապետականի դիրքերը ՀՀ-ում ուժեղ են միայն ընտրակեղծարարության հարցում, ուրիշ որևէ հարցում նրանց դիրքերն ուժեղ չեն, այլապես, եթե մեծ հեղինակություն ունենային հասարակության մոտ, ընտրակեղծարարության չէին գնա, այն էլ՝ այնպիսի մասշտաբներով, որ հանրաքվեի ժամանակ 80-90% «դեմ»-ը կեղծարարության հետևանքով սարքեցին 70% «կողմ», կամ 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն է տվել քաղաքացիների մոտ 70-80 %-ը, բայց հակառակ պատկերը գրանցեցին. «Եթե հեղինակություն ունենային, ընտրակեղծարարություն ինչո՞ւ պետք է անեին, հո խելագարության, մազոխիզմի սինդրոմով չե՞ն տառապում»:

Կարդացեք նաև

Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հերթական ընտրություններով իշխանության հասնելը գրեթե անհնար է, եթե, իհարկե, չլինի միջազգային շատ խոշոր ճնշում և այնպիսի ճնշում, որի պարագայում իրենք ուղղակի չկարողանան ընտրակեղծարարությամբ զբաղվել. «Այդ դեպքում հնարավոր է հաղթել, բայց քանի դեռ այդ գործոնը գոյություն չունի, միայն ներքին ռեսուրսներով բացառվում է: ՀՀ-ում ամեն ինչ ուզուրպացիայի է ենթարկվել՝ իրավապահ մարմիններ, կառավարման համակարգ, ՏԻՄ-եր, ուստի որևէ քաղաքական ուժ ինչ և ինչքան վստահված անձինք էլ ունենա, այդ մեքենայի դեմ, իհարկե, չի կարող: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը գիտեն՝ ովքեր են ընտրակաշառք բաժանում, ինչպես է վարչական ռեսուրսն օգտագործվում, ինչպես և որ մի «հեղինակություններն» են զբաղվում կեղծարարությամբ, բայց ոչինչ չեն ձեռնարկում: Այսինքն՝ պարզ է, որ ամբողջովին ուզուրպացված համակարգի դեմ պայքարել հնարավոր չէ, եթե չլինի արտաքին աջակցություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս