«Գործնականում շատ բարդ է Բագրատյանի թվարկած ուժերը համախմբել». Պետրոս Մակեյան

««Նոր Հայաստանը» դեռ դեկտեմբերի, այսպես կոչված, հանրաքվեից առաջ նախաձեռնել էր գործընթացներ, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, միասնական հանդես գան և կանխեն «նոր Սահմանադրության» ընդունումը, ինչին, փաստորեն, Հրանտ Բագրատյանի թվարկած ուժերը տարբեր ձևով արձագանքեցին, մի մասը կողմ էին, մի մասը «ոչ» ասելով՝ ոչինչ չարեցին: Բայց հիմա, եթե ինքը նախաձեռնել է, գնահատում եմ դրական, բայց դա զուտ տեսական տարբերակ է ստացվում, որովհետև գործնականում շատ բարդ է իր թվարկած ուժերը համախմբել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանը՝ արձագանքելով «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որ բոլոր քաղաքական ուժերին՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ և «Հանրապետություն», հրավիրում է լայն կոալիցիա կազմելու և, եթե այդ ուժերը միավորվեն, նրանք հաղթում են պառլամենտական ընտրություններում:

Ըստ Պ. Մակեյանի՝ մի վտանգ էլ կա, որ միշտ միասնության մասին խոսվում է, ժողովուրդն այդ միասնությանն է սպասում, ու իշխանությունն էլ հասկանալով, որ դա է պետք՝ ժողովրդին ազդակը հասնելու համար, տարբեր ձևերով համախմբում են քաղաքական ուժերին, հետո ինչ-որ պահի պայթեցնում են ականները: Դրա համար, Պ. Մակեյանի կարծիքով, ժամանակն է մեր հանրությանը մեսիջներ տալու, որ այն ուժերը պետք է համախմբվեն, որոնք ռեալ գնալու են մինչև հարցի լուծումը. ««Նոր Հայաստանի» մոտեցումը, կարծես, վերջին 3-4 ամիսներին, դա է: Դրա համար, կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը վաղուց կա, և, եթե Հրանտ Բագրատյանը նման մտահոգություն ունի, կարող է իր ներդրումն անել և միանալ այդ նախաձեռնությանը, խնդիր չենք տեսնում»:

Պ. Մակեյանը համաձայնեց մեր դիտարկմանը, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ միավորվելու առաջարկ է անում, բայց ինքն առաջին քայլը չի անում մյուս ընդդիմադիրին միանալու համար. «Այո, կարծես մեզ մոտ ավանդույթ է դարձել, որ բոլորը նախաձեռնում են, բայց շատ քչերն են իրենք կամք դրսևորում ուրիշի նախաձեռնությանը միանալու:

Հաշվի առնելով մեր քաղաքական ընդդիմության նախադեպային պատմությունը, կարծում եմ, պետք է շատ չկենտրոնանալ այդ ամբողջական միասնության վրա, որովհետև դա երբեք էլ չի լինելու, եթե լինի էլ, իշխանությունն իր սև գործը կանի, ինչ-որ պահի 1-2-ին կհանի և ցույց կտա, որ միասնություն չկա: Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ ռեալ, իրական՝ իրենց կենսագրությամբ, իրենց վերաբերմունքով, իրենց ապրած կյանքով դրսևորած քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները պետք է համախմբվեն: Հակառակ դեպքում՝ ամբողջ միասնություն ՀՀ-ում չի լինի, եթե եղավ էլ՝ պայթեցնելու են»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս