«Հայաստանն ի սկզբանե ներգրավված է եղել Թուրքիայի հետ ռազմական առճակատման գործընթացներում». Խոսրով Հարությունյան

Ռուսաստանի կողմից Հարավային զինվորական օկրուգի ռազմակայանները, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը, ռազմական բարձր պատրաստականության բերելը ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը բնական է համարում: Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հիշեցնենք, հանձնարարել է նաև զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։

«Այսպես թե այնպես, Ռուսաստանը հայտնվել է Թուրքիայի հետ ռազմական առճակատման մեջ, և շատ բնական է, որ պետք է իր Հարավային օկրուգի ռազմակայանները մարտական պատրաստականության բարձր մակարդակի վրա պահի: Բայց կոնկրետ այս նախաձեռնությունը, ես կարծում եմ, իր մեջ պարունակում է կանխարգելիչ նկատառումներ: Մենք բոլորս հասկանում ենք, որ զորավարժությունները, լիակատար պատրաստականության վերաբերյալ հրամանները կամ հրամանների կատարման ստուգումները ոչ միայն մոբիլիզացիոն իրավիճակի ռեալ գնահատական ունենալու նպատակով են իրականացվում հաճախ, այլ նաև կանխարգելիչ նկատառումներ են հետապնդում, մասնավորապես՝ պոտենցիալ հակառակորդին ազդակներ են ուղարկում, ցուցաբերում են վճռական գործողություններ իրականացնելու պատրաստականություն, այսինքն՝ այդ կերպ երկիրը դրսևորում է իր վճռականությունը: Սա շատ տարածված մարտավարություն, հնարք է՝ միջպետական ռազմական լարված պայմաններում պետությունների միջև փոխհարաբերությունների ժամանակ: Այդ տեսանկյունից ես որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խ.Հարությունյանը:

Ռուս-թուրքական առճակատմանը Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Խ.Հարությունյանը նշեց, որ բոլոր դեպքերում, որպես ռազմավարական գործընկեր, ունենալով իր տարածքում 102-րդ ռազմական բազան, որի հիմնական առաքելությունը նախ և առաջ՝ Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքների չեզոքացումն է եղել ի սկզբանե, Հայաստանը ներգրավված է եղել Թուրքիայի հետ ռազմական առճակատման գործընթացներում.

«Այլ հարց է, որ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, չգիտեմ՝ մեզնից առանձնապես շատ բան էլ կախված չէ, որպեսզի իրադարձությունների զարգացումը չգնա ուղղակի ռազմական բախումների: Անշուշտ, սա չի բխում մեր շահերից: Համոզված եմ՝ չի բխում նաև Ռուսաստանի և Թուրքիայի շահերից: Այնպես որ, ես չեմ կարծում, որ մենք այստեղ շատ անելիք ունենք, թեպետ սա նշանակում է, որ մենք ինքներս էլ պետք է բավականին զգոն, պատրաստակամ, ինչո՞ւ չէ, նաև շրջահայաց լինենք՝ թե՛ միջպետական հարաբերությունների, արտաքին քաղաքականության ոլորտում, թե՛ ռազմաքաղաքական գործողությունների ոլորտում»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ եթե հաշվի առնենք, որ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ոչ թե հանդարտվում է, այլ ավելի է սրվում, որքանո՞վ է հավանական, որ ռազմական ուղիղ բախում տեղի կունենա ՌԴ-ի և Թուրքիայի միջև, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ, իր կարծիքով՝ նման իրավիճակներում արդյունավետ օգտագործվում է ոչ թե բախումը, այլ բախման հնարավոր սպառնալիքը, և կողմերն առավելագույնս կփորձեն դա օգտագործել. «Այսինքն՝ երբեմն ոչ թե ռազմական բախումն է արդյունքների բերում, այդ թվում՝ նաև անհրաժեշտ դիվանագիտական կամ ռազմաքաղաքական լուծումների, որքան հնարավոր բախման սպառնալիքը և դրա անդարձելի հետևանքների սպառնալիքը: Կարծում եմ՝ կողմերն այս մարտավարությունն են ընտրել, այդ թվում՝ նաև արտառեգիոնալ ազդեցիկ խաղացողները՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, թե այլ, նրանք նույնպես փորձում են պրոցեսը կառավարել հնարավոր վտանգավոր զարգացումների սպառնալիքն ակնհայտ դարձնելու մարտավարությամբ»:

Ըստ պատգամավորի՝ ևս մի գործոն կա. «Այստեղ կարող է դեր խաղացած լինել նաև այն հանգամանքը, որ արաբական երկրները՝ Սաուդիան Արաբիան, վերջերս՝ նաև ԱՄԷ-ն, հայտարարեցին, որ պատրաստ են նաև ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, որին շատ կոշտ արձագանքեց Իրանը: Կարծում եմ՝ այս գործոնն էլ կարող է տվյալ դեպքում ռազմական առճակատման այս խճանկարում դերակատարում ունեցած լինել ՌԴ որոշման համար: Թեպետ կրկնեմ՝ ինքնին այս որոշումը կարող էր գոյություն ունենալ և կայացվել՝ անկախ որևէ այլ զարգացումից՝ հաշվի առնելով հենց թուրքական ռազմական առճակատման կամ հակադրման առկայությունը»:

Տեսանյութեր

Լրահոս